Սերմնահեղուկում արյան առկայությունը կամ հեմատոսպերմիան կարող է ձեզ լուրջ անհանգստացնել:
Սա թեև ուշադրության արժանի է, սակայն խիստ հազվադեպ վիճակ է, որը մեծամասամբ որևէ լուրջ պատճառ չունի և սովորաբար ինքնուրույն անհետանում է:
Սերմնահեղուկը (սերմ, սպերմա) օրգանական հեղուկ է, որը կազմված է սերմնաբջիջներից (սպերմատոզոիդներ) և շագանակագեղձի ու սերմնաբշտիկների կողմից արտադրվող հեղուկից (սերմնահեղուկ, էյակուլյատից): Վերջինս միախառնվելով սպերմատոզոիդներին՝ ձևավորում է սպերման։
Սերմնահեղուկը դուրս է գալիս սեռական հարաբերության կամ ձեռնաշարժության ժամանակ: Սա կոչվում է սերմաժայթքում՝ երբ տղամարդու առնանդամից դուրս է թափվում սերմնահեղուկը։
Տարբեր պատճառներով սերմնահեղուկի ուղին շրջապատող մանր արյունատար անոթները կարող են պատռվել, որի պատճառով արյունը հայտնվում է սերմում, մեզում կամ երկուսում էլ:
Սերմնահեղուկում արյուն կարող է ի հայտ գալ սեռահասուն տղամադկանց բոլոր տարիքային խմբերում:
Պատճառներ
Ավելի հաճախ սերմնահեղուկում արյուն հայտնվելու որևէ պատճառ չի հաջողվում գտնել: Երբեմն հեմատոսպերմիայի դրվագ կարող է նկատվել սեռական խիստ ակտիվության, ձեռնաշարժության կամ երկարատև սեռական ժուժկալությունից հետո:
Այնուամենայնիվ, սերմնահեղուկում արյուն հայտնվելու հիմնական պատճառները տղամարդու վերարտադրողական օրգաններից որևէ մեկի բորբոքումն է, այդ թվում՝ վարակը, արգելափակումը (բլոկադա) կամ վնասվածքը:
Հատկապես մինչև 40 տարեկան տղամարդկանց շրջանում սերմնահեղուկում արյան հնարավոր պատճառ կարող է դառնալ վարակը, օրինակ՝ մակամորձու (էպիդիդիմիտ), ամորձու (օրխիտ), շագանակագեղձի (պրոստատիտ) և այլն: Այսպիսի վարակները սովորաբար ուղեկցվում են լրացուցիչ ախտանիշներով, ինչպիսին է ցավոտ միզարձակումը (դիզուրիա): Քիչ հավանական է, որ սպերմայում արյուն հայտնվի սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ժամանակ:
Հազվադեպ, հատկապես 40-ն անց տարիքում, սերմնահեղուկում արյան հայտնվելը կարող է հանդիսանալ շագանակագեղձի քաղցկեղի նշաններից մեկը (հեմատոսպերմիայով տղամարդկանց 4-6%-ի մոտ): Նման դեպքերում հեմատոսպերմիան սովորաբար արտահայտված է և կրկնվող: Հազվադեպ հեմատոսպերմիայի պատճառ կարող են հանդիսանալ միզապարկում (կիստաներ, պոլիպներ), միզուկում կամ շագանակագեղձում (ադենոմա) զարգացող բարորակ ուռուցքները:
Սերմնահեղուկում արյուն կարող է հայտնվել նաև բուժական միջոցառումներից կամ միջամտություններից հետո, օրինակ՝ բրախիթերապիա, շագանակագեղձի քաղցկեղի ճառագայթային թերապիա, վազէկտոմիա, շագանակագեղձի բիոպսիա և այլն:
Ե՞րբ դիմել բժշկին
Դեպքերի մեծ մասի ժամանակ սերմնահեղուկում արյան հայտնվելը որևէ հատուկ բուժում չի պահանջում և մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն անհետանում է: Առանձին ուշադրության են արժանի այն դեպքերը, երբ հեմատոսպերմիան առաջանում է որպես մեկ այլ հիվանդության ախտանիշ:
Դիմեք ձեր բժշկին, եթե մի քանի օրվա ընթացքում սերմնահեղուկում արյունը չի անհետանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024