Կրծքով կերակրում
21-04-2019
2 րոպե

Բազմաթիվ կանայք մայրանալուց հետո առնչվում են կրծքով կերակրման հետ կապված տարբեր խնդիրների հետ:
Առավել ևս, առաջին անգամ մայրացող կանայք կրծքով կերակրման առաջին փորձերի ժամանակ կարող են դառնալ խիստ անօգնական, հուսահատվեն կամ նույնիսկ ընկճվեն։ Ոչ հազվադեպ սա կարող է բերել անցանկալի մի իրավիճակի, երբ կինն ինքնակամ հրաժարվում է իր նորածին բալիկին մայրական կաթով կերակրելուց և անցնում է արհեստական կերին:
Երբեք մի դադարեցրեք ձեր մանկիկին կրծքով կերակրել, քանի դեռ դուք իրականում չեք ուզում այդպես վարվել, չկա դրան խանգարող որևէ լուրջ պատճառ կամ ձեր բժիշկը խորհուրդ չի տվել անցնելու արհեստական կաթին: Հիշեք, որ կրծքով կերակրելու հետ կապված խնդիրների մեծ մասը լուծելի են:
Կրծքով կերակրումը կարելի է դիտարկել որպես հատուկ ժամ՝ հատկացված ձեր և ձեր մանկիկի ուղղակի շփմանը, իսկ կրծքի կաթը՝ որպես ձեր նորածնի առողջությունն ապահովող լավագույն սնունդ: Կրծքի կաթը պարունակում է ձեր երեխայի կյանքի առնվազն առաջին 6 ամսվա համար նախատեսված բոլոր սննդանյութերը: Այն հատուկ արտադրվում է ձեր երեխայի համար և պարունակում է բազմաթիվ բնական անհրաժեշտ նյութեր, որոնք դուք չեք գտնի որևէ արհեստական կաթի բաղադրության մեջ։
Օգուտները ձեր բալիկի համար
- Կրծքի կաթը ձեր երեխայի համար համարվում է լիարժեք սնունդ։ Այն իր բաղադրությամբ նմանակը չունի:
- Այն անվտանգ է և հեշտ մարսվող։
- Այն պարունակում է ձեր երեխայի կարիքներին լիարժեք համապատասխանող բոլոր հեղուկները և սննդանյութերը (առնվազն՝ մինչև նրա 6 ամսական դառնալը):
- Այլ հավելյալ սննդի հետ միասին, կրծքի կաթը կարող է բավարարել ձեր երեխայի սնվելու հետ կապված բոլոր պահանջները հաջորդ 6 ամսվա համար և ավելի երկար։
- Կրծքի կաթը միշտ պատրաստի վիճակում է, երբ ձեր բալիկը ցանկանա սնվել։
- Կրծքի կաթով մեծացող երեխան ավելի քիչ հավանական է, որ կհիվանդանա վարակային, ալերգիկ և այլ հիվանդություններով։
- Կրծքի կաթով սնվող երեխաներն աճում և զարգանում են ավելի լավ:
Կրծքով կերակրումը լավ է նաև ձեզ համար
- Կրծքի կաթը չի պահանջում գումարի ծախս, իսկ պատրաստման համար՝ նաև ժամանակի կորուստ։
- Կրծքով կերակրելը հիանալի առիթ է՝ սերտորեն շփվելու ձեր երեխայի հետ, զգալու մեկդ մյուսին և զարգացնելու փոխադարձ հոգեկան և զգացմունքային կապվածություն։
- Կրծքով կերակրումն օգնում է, որ վերականգնեք ձեր մարմնի նորմալ կառուցվածքն ավելի արագորեն։
- Կրծքով կերակրումը ձեզ պաշտպանում է որոշ հիվանդություններից (օրինակ՝ կրծքագեղձի կամ ձվարանի քաղցկեղ)։
Հոդվածը վերանայվել է՝ 11-02-2021