Եթե երեխային կուրծք եք տալիս, ձեր դաշտանային ցիկլերը կարող են ծննդաբերությունից հետո մի քանի ամիս բացակայել:
Ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլերի վերսկսման այսպիսի հապաղումը բացատրվում է կաթնատվության հորմոնի՝ պրոլակտինի բարձրացած մակարդակով, որը կաթի արտադրությունն ապահովելուց բացի նաև արգելակում է ձվազատումը (օվուլյացիա), հետևաբար՝ դաշտանները: Եթե դուք կրծքով կերակրում եք ցերեկները և գիշերները, ապա դաշտանային ցիկլի վերսկսումը կարող է հետաձգվել մինչև մեկ տարի:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք կանխորոշում են, թե կրծքով կերակրելիս ձեր դաշտանը երբ կվերսկսվի: Դրանցից են՝
- որքա՞ն հաճախ եք ձեր երեխային կերակրում շշիկով (արհեստական կեր)
- ինչպե՞ս է ձեր օրգանիզմը պատասխանում հորմոնային փոփոխություններին
- ի՞նչ հաճախականությամբ և որքա՞ն երկար ժամանակի ընթացքում եք երեխային կրծքով կերակրում:
Եթե երեխան սնվում է միայն շշիկով` արհեստական կերով, ապա դաշտանային ցիկլերը ծննդաբերությունից շատ չանցած կվերականգնվեն:
Նկատի ունեցեք, որ նույնիսկ եթե ձեր դաշտանները բացակայում են կամ կանոնավոր չեն, դա դեռ չի նշանակում, որ դուք չեք կարող հղիանալ:
Ծննդաբերությունից հետո դաշտանային ցիկլի վերականգնումը տեղի է ունենում աստիճանաբար: Սկզբում դրանք կարող են լինել անկանոն, հատկապես այն դեպքերում, երբ կաթնատվությունը դեռ պահպանված է: Ցիկլի և դաշտանի տևողությունը նույնպես կարող են փոփոխվել, իսկ երբեմն՝ նաև բացակայել (նույնիսկ՝ մի քանի ամսվա ընթացքում):
Երբ սկսեք ավելի քիչ ժամանակ հատկացնել կրծքով կերակրմանը, ձեր դաշտաններն աստիճանաբար կվերադառնան նախկին «գրաֆիկին»: Առաջին անգամները գուցե նկատեք թույլ արյունահոսություն:
Դաշտանի վերսկսումը քիչ է ազդում կաթնատվության վրա, ուստի, ցանկության դեպքում դուք կարող եք շարունակել կրծքով կերակրումը: Նման դեպքերում որոշ կանայք կարող են նշել, որ հերթական դաշտանը սկսվելուց մի քանի օր առաջ կաթի քանակը ժամանակավորապես քչանում, որից հետո վերականգնվում է, երբ հորմոնները վերադառնում են իրենց նախկին մակարդակներին:
Լրացուցիչ օգտակար խորհուրդներ կարող եք ստանալ ձեր մանկաբարձուհուց կամ բժշկից:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024