Skip to main content

Կրծքով կերակրողի սննդակարգը - Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ընթացքում սնվելու հետ կապված հարցերը կարող են լինել տարբեր և բազմաբովանդակ: Ի՞նչ չափով ուտել: Ինչի՞ց խուսափել: Ինչպե՞ս կարող է ձեր սննդակարգն ազդել ձեր երեխայի վրա: Իսկ ձե՞զ վրա․․․ Հետևեք այս կարևոր սննդային խորհուրդներին:

Կրծքով կերակրելիս ձեր նորածին երեխային տալիս եք սննդանյութեր, որոնք ապահովում են նրա աճը և առողջությունը: Այնուամենայնիվ, դուք կարող եք հարցեր ունենալ այն մասին, թե որ մթերքներն ու ըմպելիքներն են լավագույն ընտրությունը, և ինչպես կարող է սննդակարգն ազդել ձեր կրծքի կաթի և երեխայի վրա:

Հասկացեք կրծքով կերակրման ժամանակ սնման հիմունքները:

Արդյո՞ք կրծքով կերակրելիս ունեմ հավելյալ կալորիաների կարիք

Այո, դուք կարող եք մի փոքր ավելի շատ՝ օրական մոտ 330-400 լրացուցիչ կալորիայի կարիք ունենալ՝ կաթ արտադրելու համար էներգիա և սննդանյութեր ստանալու համար:

Այս հավելյալ կալորիաները ստանալու համար ընտրեք սննդարար նյութերով հարուստ տարբերակներ, օրինակ՝ մի կտոր ամբողջահատիկ հացահատիկային հաց՝ մեկ ճաշի գդալ (մոտ 16 գրամ) գետնանուշի կարագով, միջին չափի բանան կամ խնձոր և մոտ 227 գրամ (8 ունցիա) յոգուրտ։

Ի՞նչ մթերքներ պետք է ուտել կրծքով կերակրելիս

Կենտրոնացեք առողջ ընտրությունների վրա, որոնք կնպաստեն ձեր կաթնարտադրությանը: Ընտրեք սպիտակուցներով հարուստ մթերքներ, ինչպիսիք են անճարպ միսը, ձուն, կաթնամթերքը, լոբին, ոսպը և սնդիկի ցածր պարունակությամբ ծովամթերքները: Ընտրեք ամբողջահատիկ ձավարեղենի տարբեր տեսակներ, ինչպես նաև մրգեր ու բանջարեղեն:

Կրծքով կերակրելու ընթացքում տարաբնույթ մթերքների օգտագործումը կփոխի ձեր կրծքի կաթի համը: Սա ձեր երեխայի համար կբացահայտի համային տարբեր զգացողությունները, ինչը կարող է օգնել, որ ամիսներ անց նա ավելի հեշտությամբ հարմարվի պինդ սննդին:

Համոզվելու համար, որ դուք և ձեր նորածին բալիկը ստանում եք ձեզ անհրաժեշտ բոլոր վիտամինները, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ շարունակել ամենօրյա մուլտիվիտամինի և միներալային հավելումների օգտագործումը՝ մինչև երեխային կրծքից կտրելը:

Որքա՞ն հեղուկ է ինձ անհրաժեշտ կրծքով կերակրելիս

Խմեք, երբ ծարավ եք, և ավելի շատ խմեք, եթե ձեր մեզը մուգ դեղին է: Դուք կարող եք ամեն անգամ կրծքով կերակրելիս խմել մեկ բաժակ ջուր կամ մեկ այլ ըմպելիք:

Այնուամենայնիվ, զգուշացեք հյութերից և քաղցր ըմպելիքներից: Շաքարի ավելցուկը կարող է նպաստել ձեր քաշի ավելացմանը կամ խանգարել հղիության քաշը կորցնելու ձեր ջանքերին: Շատ կոֆեինը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել: Սահմանափակեք կոֆեին պարունակող ըմպելիքներն օրական ոչ ավելի, քան 2-3 բաժակ (16-24 ունցիա): Ձեր կրծքի կաթում առկա կոֆեինը կարող է գրգռել ձեր երեխային կամ խանգարել նրա քունը:

Ի՞նչ կասեք բուսակերների սննդակարգի և կրծքով կերակրելու մասին

Եթե հետևում եք բուսակերների սննդակարգին, առանձնակի կարևորություն ունի ընտրել այնպիսի մթերքներ, որոնք ձեզ կտան բոլոր անհրաժեշտ սննդանյութերը: Ահա մի քանի օրինակ:

  • Ընտրեք երկաթով, սպիտակուցներով և կալցիումով հարուստ մթերքներ. երկաթի լավ աղբյուրներից են ոսպը, հարստացված ձավարեղենը, կանաչ տերևավոր բանջարեղենը, ոլոռը և չորացրած մրգերը, օրինակ՝ չամիչը: Երկաթը յուրացնելու գործում ձեր օրգանիզմին օգնելու համար երկաթով հարուստ մթերքները զուգակցեք C վիտամինով հարուստ մթերքներով, ինչպիսիք են ցիտրուսային մրգերը: Սպիտակուցի (պրոտեինի) համար հաշվի առեք բուսական աղբյուրները, ինչպիսիք են սոյայի արտադրանքները և մսի փոխարինիչները, հատիկավորները, ոսպը, ընկուզեղենը, սերմերը և ամբողջահատիկ ձավարեղենը: Ձուն և կաթնամթերքը այլ տարբերակներ են: Կալցիումի լավ աղբյուրներ են կաթնամթերքը և մուգ կանաչ բանջարեղենը: Այլ օրինակներից են կալցիումով հարստացված ապրանքատեսակները, ինչպիսիք են հյութերը, ձավարեղենը, սոյայի կաթը, սոյայի յոգուրտը և տոֆուն:
  • Հիշեք հավելումների մասին․ ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա ամենօրյա վիտամին B12-ի հավելում: Վիտամին B12-ն առկա է գրեթե բացառապես կենդանական ծագման մթերքներում, ուստի բուսակերների սննդակարգով դժվար է բավարար քանակություն ստանալ: Եթե չեք ուտում ձուկ, կարող եք ձեր բժշկի հետ քննարկել օմեգա-3 հավելումներ ընդունելու մասին: Նույն կերպ, եթե չեք ուտում բավարար քանակությամբ վիտամին D-ով հարստացված մթերքներ, ինչպիսիք են կովի կաթը և որոշ հացահատիկային արտադրանքները և չեք ստանում բավարար չափի արևի ճառագայթներ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիտամին D-ի հավելումներ: Ձեր երեխային անհրաժեշտ է վիտամին D՝ կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար: Վիտամին D-ի չափազանց քիչ քանակությունը կարող է առաջացնել ռախիտ՝ ոսկորների փափկացում և թուլացում: Տեղեկացրեք ձեր  և ձեր երեխայի բժշկին, եթե ձեր երեխային ևս տալիս եք վիտամին D-ի հավելումներ:

Ի՞նչ մթերքներ և խմիչքներ սահմանափակեմ և ինչի՞ց հրաժարվեմ կրծքով կերակրելիս

Կրծքով կերակրելիս որոշ մթերքներ և խմիչքներ պետք է արժանանան ձեր ուշադրությանը: Ահա որոշ կարևոր օրինակներ։

  • Ալկոհոլ. գոյություն չունի կրծքի կաթում ալկոհոլի որևէ մակարդակ, որն անվտանգ լինի երեխայի համար: Եթե խմել եք ալկոհոլ, խուսափեք կրծքով կերակրելուց, քանի դեռ ձեր կրծքի կաթն ամբողջությամբ չի մաքրվել ալկոհոլից: Սա սովորաբար տևում է երկու-երեք ժամ 355 միլիլիտր (12 ունցիա) 5% գարեջրի, 148 միլիլիտր (5 ունցիա) 11% գինու կամ 44 միլիլիտր (1,5 ունցիա) 40% լիկյորի համար՝ կախված ձեր մարմնի քաշից: Նախքան ոգելից խմիչք օգտագործելը, մտածեք կաթ դատարկել՝ ավելի ուշ ձեր երեխային կերակրելու համար:
  • Կոֆեին. խուսափեք օրական ավելի քան 2-3 բաժակ (16-24 ունցիա) կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելուց: Ձեր կրծքի կաթում առկա կոֆեինը կարող է գրգռել ձեր նորածնին կամ խանգարել նրա քունը:
  • Ձուկ. ծովամթերքը կարող է լինել սպիտակուցի և օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր: Այնուամենայնիվ, ծովամթերքի մեծ մասը պարունակում է սնդիկ կամ այլ աղտոտիչներ: Կրծքի կաթի միջոցով սնդիկի չափազանց մեծ քանակության ազդեցությունը կարող է վտանգ ներկայացնել երեխայի զարգացող նյարդային համակարգի համար: Ձեր բալիկի վրա սնդիկի ազդեցությունը սահմանափակելու համար խուսափեք սնդիկ պարունակող ծովամթերքից, ինչպիսիք են թրաձուկը, թագավորական սկումբրիան և սալիկաձուկը:

Կարո՞ղ է արդյոք իմ սննդակարգը երեխայիս դարձնել անհանգիստ կամ նրա մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել

Ձեր սննդակարգում առկա որոշ սննդամթերքներ կամ ըմպելիքներ կարող են ձեր նորածնի մոտ առաջացնել դյուրագրգռություն կամ ալերգիկ ռեակցիա: Եթե ձեր բալիկը դառնում է անհանգիստ կամ ցանավորվում է, կերակրելուց անմիջապես հետո զարգանում են փորլուծություն կամ խզզոցներ, առանց հետաձգելու դիմեք ձեր երեխայի բժշկին:

Եթե կասկածում եք, որ ձեր սննդակարգում ինչ-որ բան կարող է ազդել ձեր երեխայի վրա, խուսափեք այդ սննդից կամ ըմպելիքից մինչև մեկ շաբաթ, որ ստուգեք, թե արդյոք փոխվում է ձեր երեխայի վարքագծը: Որոշ մթերքներից խուսափելը, ինչպիսիք են սխտորը, սոխը կամ կաղամբը, կարող է օգնել:

Հիշեք, որ կրծքով կերակրման ընթացքում հատուկ սննդակարգի կարիք չկա: Պարզապես կենտրոնացեք առողջ ընտրությունների վրա, որից կշահեք ինչպես դուք, այնպես էլ ձեր երեխան:

Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024