Կրծքով կերակրումն այնքան հեշտ գործ չէ, որքան կարող է պատկերացնել տղամարդը:
Կերակրող մայրը կարող է ունենալ խնդիրներ, հատկապես, եթե նա առաջին անգամ է մայրացել, իսկ տանը չունի որևէ փորձառու մեկը, ով կարող է օգտակար խորհուրդներ տալ: Նման դեպքերում պետք է ոչ թե ընկճվել, այլ սովորել ճիշտ կերակրման հմտությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմել բժշկին կամ բուժքրոջը:
Լցված կրծքագեղձեր
Երբ ծննդաբերելուց հետո կրծքագեղձերը սկսում են կաթ արտադրել, դրանք դառնում են տաք, այտուցված, լցված և ծանրացած:
- Եթե առկա են վերոնշյալ երևույթները, փորձեք ձեր երեխային կերակրել հաճախակի` ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշերները: Օրեր անց դուք կզգաք, որ կրծքերի լցավածությունն այլևս մեծ անհանգստություն չի պատճառում:
- Եթե կերակրումից հետո կրծքագեղձը լիարժեք չի դատարկվում, փորձեք դատարկել այնպես, ինչպես ձեզ սովորեցրել են ձեր բժիշկը կամ բուժքույրը:
- Եթե զգում եք կրծքագեղձի բորբոքման երևույթներ, օգտագործեք սառցեպարկ կամ լվացած կաղամբի տերև։ Եվ, տեղեկացրեք ձեր բժշկին կամ բուժքրոջն այդ մասին։
Պտուկների ցավոտություն և վերքեր
Այս խնդիրն ավելի տարածված է նոր մայրերի շրջանում: Պտուկները սովորաբար դառնում են դավոտ, երբ երեխան ձեր կրծքին ճիշտ չի կպված: Հիշեք, որ սովորաբար կրծքով կերակրումը ձեզ որևէ ցավ կամ անհարմարություն պետք է չպատճառի: Եթե ունեք պտուկների հետ կապված որևէ խնդիր, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ և հետևեք նրա խորհուրդներին:
Վաղաժամ ծնված կամ վատառողջ երեխայի կրծքով կերակրումը
Կրծքի կաթն ավելի հեշտ յուրացվող է, քան արհեստական կերը: Սա կարևոր փաստ է, հատկապես, եթե ձեր երեխան վատառողջ կամ վաղաժամ ծնված և փոքր քաշով է:
Կրծքի կաթն օգնում է ձեր երեխայի իմունային համակարգի ամրապնդմանը ու ունի վաղաժամ ծնված երեխաների համար որոշ առավելություններ: Նույնիսկ փոքր քանակներով կրծքի կաթը կարող է օգտակար լինել ձեր երեխային:
Կրծքով կերակրումը նաև երեխայի հետ ուղղակիորեն շփման և կոնտակի լավագույն միջոցն է, որի մասին տեղյակ են բժիշկները և հենց այդ պատճառով են խորհուրդ տալիս առանց որևէ լուրջ և փաստարկված պատճառի երեխային չկտրել կրծքի կաթից։
Կրծքագեղձում կաթի արտադրությունը սկսվում է ծննդաբերությունից անմիջապես հետո: Առաջին օրերին կաթի քանակը կարող է լինել քիչ (կոչվում է «կոլոստրում»), որից հետո կաթի քանակը սկսում է աճել: Դուք կարող եք երեխային կրծքով կերակրել այնքան հաճախ, որքան ձեր երեխան պահանջում է, սովորաբար օրական առնվազն 6-8 անգամ:
Ծխախոտի օգտագործում
Ծխախոտը կարող է կրճատել ձեր կաթնատվությունը, իսկ ծխի մեջ առկա թունավոր քիմիական միացությունները կարող են կրծքով կերակրվող ձեր երեխային պատճառել տարբեր առողջական խնդիրներ: Օրինակ, ձեր արյուն ներծծված նիկոտինը կարող է թափանցել կրծքի կաթի մեջ: Ուստի՝
- եթե չեք կարող դադարեցնել ծխելը, փորձեք քչացնել գլանակների քանակը
- մի՛ ծխեք կրծքով կերակրելու ժամանակ, այլապես ծխախոտի վտանգներին ավելանում է երեխային պատահաբար վառվող մոխիրով վնասելու ռիսկը
- թույլ մի՛ տվեք, որ ձեր կամ ձեր երեխայի ներկայությամբ որևէ մեկը ծխի. պասիվ ծխելը կամ երկրորդային ծուխը ևս վտանգավոր են:
Հիշեք նաև, որ եթե ձերբազատվեք ծխախոտից, ապա՝
- այլևս ծխախոտի ծխում առկա թունավոր նյութերը կաթի միջոցով չեն փոխանցվի ձեր երեխային
- կբարելավվի ձեր կրծքագեղձերի կաթնատվության գործառույթը
- ձեր երեխան ավելի լավ կսնվի:
Եթե, այնուամենայնիվ, շարունակում եք ծխախոտ օգտագործել, ավելի լավ է ծխել երեխայի կերակրումից հետո, այլ ոչ թե առաջ:
Ալկոհոլի օգտագործում
Եթե դուք կրծքով կերակրող մայր եք և օգտագործում եք ալկոհոլային խմիչք, ապա ձեր խմած ալկոհոլի որոշ քանակություն հայտնվում է ձեր կաթի մեջ: Նման դեպքերում կրծքի կաթը պարունակում է գրեթե այնքան ալկոհոլ, որքան ձեր արյան մեջ է:
Ուստի, լավագույն տարբերակը կրծքով կերակրման ժամանակաշրջանում ալկոհոլից իսպառ հրաժարվելն է: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք խմել որևէ ոգելից խմիչք, արեք դա քիչ քանակով և միայն կրծքով կերակրելուց հետո:
Որպես կանոն, մեկ ստանդարտ չափաբաժին ալկոհոլային խմիչքի յուրացումը տևում է մոտ 2 ժամ: Ուստի, եթե օգտագործել եք ալկոհոլ, ապա ձեր մանկիկին կերակրեք ոչ շուտ, քան դրանից 2 ժամ հետո:
Եթե առիթից առիթ ալկոհոլի քիչ քանակի օգտագործումը կարելի է համարել անվտանգ, ապա ալկոհոլի հաճախակի կամ մեծ քանակներով օգտագործումը ոչ միայն վնասում է ձեր առողջությունը, այլև կարող է վտանգավոր ազդեցություն թողնել կրծքով կերակրվող ձեր երեխայի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024