Նյարդային բուլիմիան սնման խանգարում է, որը դրսևորվում է շատակերությամբ՝ կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակի ընդունմամբ և դրան հաջորդող «մաքրումով»՝ օգտագործված սննդից ձերբազատման փորձով:
Նյարդային բուլիմիան սնման խանգարում է: Խանգարման այլ կերպ անվանում են պարզապես բուլիմիա կամ շատակերության խանգարում: Սա հոգեկան, այլ ոչ թե նյարդային հիվանդություն է, որն առաջացնում է շատակերություն:
Բուլիմիա ունեցող անձը դժվարությամբ է կարողանում կառավարել ուտելու չափը: Ինչպես սնման այլ խանգարումները, բուլիմիան ևս կարող է բերել ծանր առողջական խնդիրների:
Բուլիմիա ունեցող մարդիկ կարող են միանգամից ընդունել սննդի ահռելի մեծ քանակներ, սակայն մեծ մասամբ նորմալ քաշ են ունենում: Մարմնի քաշի ավելացում սովորաբար չի զարգանում, քանի որ ուտելուց հետո նրանք օգտագործում են «մաքրման» մեթոդներից մեկնումեկը՝ ինքնակամ փսխում, լուծողականներ, միզամուղներ, խթանիչ դեղեր, ջրային քաղց կամ գերծանրաբեռնող ֆիզիկական վարժանքներ և այլն: Ի տարբերություն նյարդային անորեքսիայի, «մաքրման» միջոցների դիմող բուլիմիայով մարդու նպատակը շատ ընդունած սննդի «փոխհատուցումը չէ»:
Բուլիմիան հաճախ կապված է ժառանգական նախատրամադրվածության հետ, և սնման այս խանգարմամբ արյունակից հարազատ ունենալը մեծացնում է հիվանդության զարգացման ռիսկը 30-80%-ով: Այլ նպաստող գործոններից են հուզական սթրեսի վատ կառավարումը, կատարյալ մարմնակազմության հասնելու մշակութային ճնշումները, վատ ինքնագնահատականը, ծնողների և արտաքին միջավայրի կողմից խիստ սննդակարգին հետևելուն խրախուսող միջավայրում ապրելը և այլն: Բուլիմիայի սկիզբը հաճախ լինում է դեռահաս տարիքում՝ 13-20 տարեկանում, նախկինում ճարպակալում ունեցող անձանց շրջանում:
Բուլիմիան բերում է ֆիզիկական (մարմնական) առողջության ծանր հետևանքների, որոնք կապված են ինչպես բուն շատակերության, այնպես էլ դրան հաջորդող փսխումների կամ «մաքրման» այլ միջոցների հետ, այդ թվում՝ քրոնիկ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս, ջրազրկում և հիպոկալեմիա, էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտում, որը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների, սրտի կանգի, անգամ` մահվան, Էզոֆագիտ (կերակրափողի բորբոքում), ատամների էմալի թթվային քայքայում, փորկապություն կամ փորլուծություն, արյան ճնշման իջեցում (հիպոտենզիա), կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խախտումներ կամ ամենորեա և այլն:
Բուլիմիան հաճախ կապված է այլ հոգեկան խանգարումների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, ալկոհոլի և հոգեներգործուն նյութերի չարաշահումը, ինչպես նաև ինքնավնասումը կամ ինքնասպանության փորձերը:
Բուլիմիայի հիմնական բուժումը հոգեթերապիան է՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան: Հոգեկան առողջության ոլորտի մասնագետը կարող է նաև նշանակել որոշ դեղեր, օրինակ՝ հակադեպրեսանտներ:
Բուլիմիայի բուժման արդյունքները սովորաբար ավելի բարեհաջող են քան անոռեքսիայինը: Բուժման արդյունքներն ավելի մեծ հավանականությամբ կայուն և երկարատև կլինեն, եթե այն սկսվի հնարավորինս վաղ, որի առաջին քայլը ձեր բժշկին շուտ դիմելն է:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024