Բուլիինգը (bullying) մի անձի կամ խմբի կողմից մեկ այլ անձի կամ խմբի վրա շարունակաբար ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման գործադրումն է:
Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձը՝ բուլեր։ Եթե դուք բուլիինգի եք ենթարկվել կամ գիտեք մեկ այլ մարդու, ով դարձել է բուլիինգի զոհ, հիշեք, որ կան նման իրավիճակից դուրս գալու ուղիներ, ինչպես նաև աջակցության և օժանդակության ծառայություններ:
Սովորաբար բուլեր դառնում են այն անձինք, ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի կամ բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60%-ն արդեն 24 տարեկանում գործած է լինում առնվազն մեկ հանցանք։
Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած կամ այն անձինք, ովքեր ունեն որոշակի արտաքին՝ ֆիզիկական թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև՝ ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի դյուրին է։
Բուլիինգը կարող է տեղ գտնել ամենուրեք՝ բակ, դպրոց, համալսարան, աշխատավայր, տուն, առցանց, էլ. կամ բջջային նամակագրություն և այլն: Բուլիինգը կարող է նաև ստանալ տարբեր ձևեր, սակայն բոլոր դեպքերում բուլինգի զոհի մոտ առաջացնում է հոգեկան ծանր ապրումներ և ցավ:
Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների՝
- կիբեր բուլիինգ, որն իրականացվում է համակարգչի միջոցով՝ օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց
- ֆիզիկական բուլիինգ, որն իրականացվում է հարվածելու կամ ծեծի միջոցով
- վերբալ կամ բառացի բուլիինգ, որն իրականացվում է պիտակավորման, ծաղրական անունների միջոցով
- հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։
Դպրոցներում և այլ տեղերում բուլիինգը կարող է դրսևորվել երկու խումբ ձևերով՝ ուղղակի և անուղղակի։
- Ուղղակի բուլիինգի դեպքում դրսևորվում են հետևյալ վարքային ձևերը՝ հարվածել, ծեծել, գողանալ, ծաղրել, անընդհատ բարկացնել, վիրավորել, սպառնալ և այլն
- Անուղղակի բուլիինգի դեպքում բուլիինգի զոհին կանխամտածված մեկուսացնում են իր միջավայրից, օրինակ՝ ընկերներից կամ մյուս դասընկերներից։
Հետազոտությունները փաստում են, որ ուղղակի բուլիինգի ձևը հիմնականում բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլիինգի ձևը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլիինգն ավելի հաճախ հանդիպում է կրտսեր դպրոցի, երբեմն էլ՝ միջին դպրոցի երեխաների մոտ, իսկ անուղղակի բուլիինգն՝ արդեն ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Չնայած այս դասակարգմանը, ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի բուլիինգը հանգեցնում է նույն արդյունքին՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության։
Բուլիինգը տարբեր մարդկանց վրա թողնում է տարբեր ազդեցություններ, սակայն, եթե դուք ենթարկվել եք հոգեկան կավ ֆիզիկական ծաղրանքի, ձեզ մոտ կարող են առաջանալ՝
- մեղքի զգացում, քանի որ դուք կարծում եք, որ դուք ձեր իսկ սխալի պատճառով եք հայտնվել նման իրավիճակում
- անհուսություն, քանի որ դուք չգիտեք, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից
- միայնակության և անօգնական լինելու կամ օգնող չունենալու զգացումներ
- դեպրեսիա և ինքնամերժման, այլոց կողմից մերժված լինելու զգացումներ
- վտանգի մեջ գտնվելու և վախի զգացումներ
- շփոթվածություն և սթրես
- ձեզ հետ կատարվածի վերաբերյալ ամոթի զգացում:
Բուլիինգի զոհ դարձածները նաև հիմնականում ներփակված են լինում իրենց մեջ, չեն կիսվում ոչ ոքի հետ, և կարծում են, որ դա ամենաճիշտ լուծումն է։ Բուլիինգի զոհ դարձածները ձեռք են բերում վախ դպրոցի հանդեպ, համարում են դպրոցը տխուր, ոչ ապահով վայր։ Նրանք ունենում են վատ և տհաճ զգացողություններ, ամոթի, վախի զգացում, դառնում են դյուրագրգիռ, մտածում են, որ իրենք շատ վատն են, ունենում են շատ ցածր ինքնագնահատական, և գնալով վերանում է նրանց մեջ ինքնահաստատվածությունը: Նրանք չեն ցանկանում հաճախել դպրոց, սկսում են խուսափել հասարակական վայրերից, չեն մասնակցում երեկույթներին, սկսում են մեկուսանալ հասարակությունից, ներփակվում են իրենց մեջ, որը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների, և այս ամենից ազատվելու միակ ուղին, ցավոք, նրանք երբեմն գտնում են ինքնասպանության մեջ։
Բուլիինգը կարող է հոգեկան առողջության վրա ազդել ցանկացած տարիքում: Երեխաների մոտ այն կարող է բերել միայնակության, անհանգստության կամ տագնապի և դեպրեսիայի: Աշխատավայրում բուլիինգի ենթարկված մարդիկ ունեն դեպրեսիա և ինքնասպանության մտքեր ունենալու ավելի մեծ հավանականություն:
Հիշեք, որ դուք ունեք ձեզ անվտանգ զգալու և հարգանքի ու արժանապատիվ վերաբերմունքի արժանանալու իրավունք: Բազմաթիվ երկրներում բուլիինգը արգելվում է օրենքով, օրինակ, ԱՄՆ-ի 45 նահանգներ ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2020
Վերջին վերանայում՝ 05-05-2024