Երեխաների մոտ բազմաթիվ առողջական խնդիրների ժամանակ որևէ դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի առաջանում։
Հիվանդությունների մեծ մասը լավանում է ինքնուրույն կամ ոչ դեղորայքային միջոցների օգնությամբ։
Որոշ դեղեր, օրինակ՝ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) և Իբուպրոֆենը (Մոտրին IB, Ադվիլ և այլն) հաճախ օգտագործվում են երեխաների մոտ ջերմությամբ կամ ցավերով պատճառված գանգատները կամ վատ ինքնազգացողությունը մեղմացնելու համար։ Այս երկու դեղերն էլ բավականին անվտանգ և արդյունավետ են։ Տանը, երեխաների համար ոչ մատչելի տեղում պահեք այս դեղերից մեկնումեկը (կամ երկուսն էլ)։
Ասթմայով երեխաներին Իբուպրոֆեն խորհուրդ չի տրվում, իսկ մինչև 16 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում տալ Ասպիրին, քանի որ պարզվել է, որ մանկական տարիքում այս դեղը կարող է կապված լինել հազվադեպ հանդիպող, սակայն վտանգավոր հիվանդության՝ Ռեյի համախտանիշի ռիսկի հետ։
Բոլոր դեպքերում, հետևեք ձեր բժշկի կամ մանկաբույժի խորհուրդներին։
Ացետամինոֆեն
Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող է տրվել 1 ամսականից բարձր այն երեխաներին, ում մոտ առկա են ցավ և ջերմության բարձրացում։ Համոզվեք, որ դուք երեխային տալիս եք իր մարմնի քաշին և տարիքին համապատասխան դեղաչափ, այլապես կարող է զարգանալ վտանգավոր գերդոզավորում։ Մինչև 1 ամսական երեխաներին Ացետամինոֆեն պետք է տրվի միայն բժշկական հսկողության պայմաններում։
Մինչև երեխային Ացետամինոֆեն տալը, ուշադրությամբ ծանոթացեք դեղատուփի պիտակին՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով ցուցումներին, հակացուցումներին և դեղաչափերին։ Եթե ինչ-որ հարցի շուրջ կասկածներ ունեք, խորհուրդ հարցրեք ձեր բժշկից։
Ըստ վերջին ուղեցույցների, խորհուրդ չի տրվում երեխային տալ ջերմիջեցնող՝ զուտ նրա ջերմությունը կարգավորելու համար, քանի դեռ նրա մոտ չկան անհանգստության նշաններ։
Եթե դուք կրծքով կերակրող մայր եք, մինչև Ացետամինոֆեն խմելը ճշտեք դեղի ընդունման նպատակահարմարությունը՝ տեղեկացնելով այդ մասին ձեր բժշկին կամ բուժքրոջը։
Իբուպրոֆեն
Իիբուպրոֆեն (Մոտրին IB, Ադվիլ և այլն) կարող է տրվել 3 ամսականից բարձր կամ 5 կգ և ավելի բարձր քաշով երեխաներին։ Համոզվեք, որ երեխային տալիս եք տալիս եք իր մարմնի քաշին և տարիքին համապատասխան դեղաչափ, այլապես կարող է զարգանալ վտանգավոր գերդոզավորում։ Ուշադրություն դարձրեք դեղաթերթիկի տեղեկատվությանը՝ ցուցումներ, հակացուցումներ և դեղաչափեր։ Հարցեր ծագելիս խորհուրդ հարցրեք ձեր բժշկից։ Խուսափեք Իբուպրոֆենից, եթե ձեր երեխան ունի ասթմա կամ ջրազրկված է։
Հակաբիոտիկներ
Երեխաները միայն հազվադեպ են հակաբիոտիկների կարիք ունենում։ Օրինակ, սովորական մրսածության ժամանակ հակաբիոտիկը ոչնչով երեխային օգնել չի կարող։ Մանկական վարակների մեծ մասը վիրուսային ծագման են, մինչդեռ հակաբիոտիկներն արդյունավետ են միայն որոշ բակտերիալ, այլ ոչ թե վիրուսային վարակների բուժման համար։
Հիշեք նաև, որ հակաբիոտիկները, հատկապես՝ երեխաների պարագայում, պետք նշանակվեն միայն բժշկի կողմից։ Եթե բժիշկը երեխային նշանակում է որևէ հակաբիոտիկ, հարցրեք նրան հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին։
Եթե ձեր երեխային նշանակվել է որևէ հակաբիոտիկ, հոգ տարեք, որ երեխան բուժումը ստանա ամբողջովին՝ այն դեղաչափերով և տևողությամբ, ինչպես նշանակել է բժիշկը։ Անկախ նրանից, որ բուժման 2-3-րդ օրը երեխայի ինքնազգացողությունը բարելավվում է, ինքնուրույն մի՛ ընդհատեք բուժումը և շարունակեք հակաբիոտիկներ տալ այնքան ժամանակ, որքան սահմանված է երեխայի նշանակման թերթիկում։
Դեղաչափեր
Համոզվեք, որ դուք հստակ գիտեք, թե ինչ քանակներով և ինչ հաճախությամբ եք պատրաստվում ձեր երեխային դեղեր տալ։ Հիշեք, որ նույն դեղը կարող է արտադրվել տարբեր դեղաչափերով և կան այսպես կոչված մանկական և չափահասների դեղաչափեր։ Եթե երեխային տրվող դեղը հեղուկ է, համոզվեք, որ դեղատուփում առկա սանդղակավոր գդալով կամ բաժակով կամ կաթոցիկով ձեր երեխայի համար նախատեսված դեղաչափն ընտրել եք ճիշտ։ Օգտագործեք միայն դեղատուփում առկա դեղաչափավորման պարագաները, այլ ոչ թե ձեր խոհանոցային բաժակները կամ գդալները։
Եթե ինչ-որ հարցում կասկածում եք, ապա ճշտեք ձեր հարցերը երեխային դեղը տալուց առաջ և ոչ թե հետո։
Եթե դեղատնից որևէ դեղամիջոց եք գնում, ապա՝
- տեղեկացրեք դեղագործին, թե քանի տարեկան է ձեր երեխան (կան դեղեր, որոնք միայն չափահասների օգտագործման համար են)
- հարցերի դեպքում դիմեք դեղագործին կամ տանը ծանոթացեք դեղատուփի պիտակին
- եթե դեղն իրենից ներկայացնում է օշարակ, վերցրեք շաքար չպարունակող դեղաձև (եթե մատչելի է)
- ուշադրություն դարձրեք դեղի պիտանելիության ժամկետին։
Երեխային տվեք միայն այն դեղամիջոցը, որը նշանակել է ձեր բժիշկը ձեր երեխային, և երբեք մի՛ տվեք մեկ այլ մարդու նշանակած (կամ բուժումից հետո ավելացած) դեղերից մեկնումեկը։
Բոլոր դեղերը և պարագաները պահեք երեխաների համար ոչ հասանելի, արևի ճառագայթներից պաշտպանված և զով տեղում։ Ժամանակ առ ժամանակ ստուգեք դրանց պիտանելիության ժամկետները։
Անցանկալի ազդեցություններ
Եթե կարծում եք, որ ձեր երեխան որևէ դեղամիջոցի նկատմամբ տալիս է վատ պատասխան, օրինակ՝ ի հայտ են գալիս մաշկի ցավավորում կամ փսխում և փորլուծություն, դադարեցրեք դեղ տալը և տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին (գուցե համապատասխան մարմիններին շտապ զեկուցելու կարիք առաջանա)։
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024