Կոկաինն արագ հակում առաջացանող թմրամիջոց է, որի օգտագործումը կապված է բազմաթիվ ծանր հետևանքների հետ:
Կոկաին օգտագործողները կարող են զգալ, որ այս թմրամիջոցն օգնում է լավ ժամանակ կամ ժամանց անցկացնելուն, սակայն նրանք վտանգում են իրենց առողջությունը, ինչպես նաև ենթարկվում ֆինանսական և սոցիալական խնդիրների բարձր ռիսկին: Կոկաինի օգտագործումը նաև կապված է քրեական վարքագծի հետ և կարող է ունենալ մահացու ելք:
Ի՞նչ է կոկաինը
Կոկաինը պատրաստվում է հարավամերիկյան կոկայի թփի տերևներից և ունի խթանիչ ազդեցություն, այսինքն, արագացնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների հաղորդումը:
Կոկաինը սպիտակ փոշի է, որն ունի դառը և «թմրեցնող» համ: Սև շուկայում վաճառվում է երեք ձևերով՝ կոկաինի հիդրոքլորիդ, ազատ հիմք (ստացվում է եթերով տաքացնելիս) և կրեկ (անգլերեն արտասանվում է՝ «քրեք»):
Կոկաինի հիդրոքլորիդը խառնվում է այլ նյութերի հետ և հիմնականում օգտագործվում է ներքթային՝ քթով ներշնչելու (ներքաշելու) միջոցով: Ավելի հազվադեպ կոկաինի հիդրոքլորիդն օգտագործում են ներերակային, լնդերին քսելու կամ մթերքներին ու ըմպելիքներին ավելացնելու միջոցով: Ազատ հիմքը և կրեկը սովորաբար օգտագործում են ծխելով:
Կոկաինն ունի բազմաթիվ ժարգոնային անվանումներ, օրինակ՝ բլոու, Չարլի, փոշի, փաթիլ, քթի կոնֆետ, ձյուն, սպիտակ, սպիտակ ձի, կրեկ, քար, ալյուր, կեքս, կոկոս և այլն:
Կոկաինի ազդեցությունները
Կոկաին օգտագործող մարդիկ զգում են հուզական կտրուկ «վերելք», որը նրանց պատում է երջանկության, ինքնավստահության, Էներգիայի ներհոսքի և զգոնության զգացումներով: Սակայն էյֆորիայի այսպիսի դրսևորումն ուղեկցվում է արագացած սրտխփոցով, դողով (տրեմոր), առաջացնում մարմնի գերտաքացում (ջերմաստիճանի բարձրացում) և առատացած քրտնարտադրություն:
Կանոնավոր կերպով կոկաինի օգտագործումը կարող է առաջացնել ջղաձգումներ կամ ցնցումներ, սեռական գործունեության անկում, երիկամային անբավարարություն, մտավոր գործունեության թուլացում, իսկ ներարկային ճանապահով օգտագործելիս և ներարկման պարագաները համատեղ կիրառելիս՝ նաև արյան միջոցով փոխանցվող վարակային հիվանդությունների ռիսկի բարձրացում:
Կոկաինի ներքթային օգտագործումը կարող է նաև ախտահարել քթի խոռոչը՝ առաջացնելով քթի միջնապատի թերաճ (ատրոֆիա), մեռուկացում (նեկրոզ) և քթային արյունահոսություններ:
Եթե կոկաին է օգտագործում հղի կինը, ապա խանգարվում է պտղի նորմալ աճն ու զարգացումը:
Կոկաինային գերդոզավորումը կարող է առաջացնել՝
- ցնցումներ
- ինսուլտ
- սրտամկանի ինֆարկտ
- կոմա
- մահ:
Եթե կարծում եք, որ կոկաին օգտագործած ինչ-որ մեկի մոտ զարգացել են ծանր ազդեցություններ կամ գերդոզավորում, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Կոկաինի նկատմամբ հակում
Կոկաինն ունի հակում առաջացնելու մեծ ունակություն: Զրկանքի ախտանիշները կարող են շարունակվել մինչև 10 շաբաթ, սակայն ժամանակ առ ժամանակ սաստկացող օգտագործման մեծ ցանկությունը կարող է տևել շատ ավելի երկար: Կոկաինից զրկանքի ախտանիշներից են՝ կոկաին օգտագործելու մեծ ցանկություն, դյուրագրգռություն և աժիտացիա, անհանգստություն և տագնապ, անքնություն, հաճույք զգալու անկարողություն և դեպրեսիա, հոգնածություն, ուժազրկում և հյուծում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024