Skip to main content

Կոկաին - Հոգեկան առողջություն

Կոկաինը խիստ ադիկտիվ՝ հակում առաջացնող թմրամիջոց է, որը ստացվում է Հարավային Ամերիկայում աճող կոկա բույսի թփերից:

Կոկաինի երկարատև օգտագործումն ուղեկցվում է սոցիալական և ֆինանսական խնդիրների առաջացման ռիսկով: Կոկաինի չարաշահումը կապված է նաև քրեածին վարքագծի հետ: Այս թմրամիջոցը կարող է նաև առաջացնել փսիխոզներ:

Կոկաինը սև շուկայում հայտնվում է երեք ձևով՝ կոկաինի հիդրոքլորիդ, ազատ հիմք և կրեկ: Կոկաինի հիդրոքլորիդը սպիտակ փոշի է, որն ավելի հաճախ օգտագործվում է առանձին կամ խառնվում այլ՝ ընկճող ազդեցությամբ թմրամիջոցի հետ: Կոկաինի հիդրոքլորիդը սովորաբար ներքաշվում է քիթը, քսվում լնդերին կամ ավելացվում մթերքներին և ըմպելիքներին: Ազատ հիմքը նույնպես սպիտակավուն փոշի է, սակայն կրեկը սև շուկայում հայտնվում է ավելի մեծ բյուրեղների տեսքով: Այս երկուսն օգտագործվում են ծխելու միջոցով:

Կոկաինի ազդեցությունները

Կոկաինը խթանող թմրամիջոց է, որն արագացնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների հաղորդումը: Կոկաինն օժտված է հակում առաջացնելու մեծ ունակությամբ, և հոգեբանական կախվածությամբ մարդիկ մշտական ցանկություն են ունենում զգալու թմրամիջոցի բարերար ազդեցությունը:

Հոգեկան առողջության խնդիրներ

Կոկաինի օգտագործումն առաջացնում է երջանկության, մտքերի պայծառացման և զգոնության զգացումներ, սակայն ազդեցությունը թուլանալիս սրանք փոխարինվում են հակառակ զգացումներով ու զգացողություններով: Կոկաին օգտագործողները կարող են դառնալ պարանոիդ (համակարգային զառանցական մտքերով տոգորված) և հոգեշարժական գրգռված (աժիտացված), ունենալ ցնորքներ (հալյուցինացիա), կատարել չհիմնավորված ռիսկային քայլեր, անտեսել ցավը և իրենց պահել անկանխատեսելի կամ բռնությամբ լի:

Երկարատև օգտագործումը հաճախ բերում է դեպրեսիայի, հյուծվածության և անքնության: Մարդիկ կարող են դառնալ փսիխոտիկ և ունենալ զառանցանքներ ու ցնորքներ (հալյուցինացիա), իրենց պահել անսովոր և ագրեսիվ, ինչպես նաև թույլ տալ բռնարարքներ:

Կոկաինից զրկանքը կարող է տևել օրեր, որի ընթացքում օգտագործողները կարող են զգալ հուզական լարվածություն և տագնապ, ընկճվածություն և հոգնածություն, ինչպես նաև տրամադրության կտրուկ տեղաշարժեր:

Կոկաինը պատկանում է այսպես կոչված ակումբային կամ ժամանցային թմրամիջոցների շարքին:

Կոկաինից զրկանքը

Կոկաինի տևական օգտագործումն առաջացնում է հզոր հոգեբանական կախվածություն: Զրկանքի ախտանիշները կարող են շարունակվել մինևչև 10 ամիս և ներառել՝ կոկաին օգտագործելու մեծ ցանկություն, ուժասպառություն և հոգնածություն, անքնություն, տագնապ, աժիտացիա և անհանգստություն, ինչպես նաև ուշադրության կենտրոնացման անկարողություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024