Կրծքագեղձի խիտ հյուսվածքը հայտնաբերվում է մամոգրաֆիայով: Խիտ կրծքագեղձ ունեցող կանայք երբեմն ունեն լրացուցիչ պատկերային հետազոտություններ անցնելու կարիք:
Եթե վերջերս կատարված մամոգրաֆիան ցույց է տվել, որ ունեք բարձր խտությամբ կրծքագեղձային հյուսվածք, կարող եք անհանգստանալ, թե ինչ է դա նշանակում ձեր առողջության համար: Բժիշկ-մասնագետները գիտեն, որ խիտ հյուսվածքը դժվարացնում է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը: Այն նաև մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Գնահատեք կրծքագեղձի քաղցկեղի ձեր ռիսկի գործոնները ձեր բժիշկների հետ: Միասին դուք կարող եք քննարկել կրծքագեղձի քաղցկեղի լրացուցիչ հետազոտության ձեր տարբերակները և որոշել, թե որն է լավագույնը ձեզ համար:
Ի՞նչ է նշանակում խիտ հյուսվածքով կրծքագեղձեր ունենալը
Կրծքագեղձի խտությունը վերաբերվում է մամոգրաֆիայով ստացված կրծքագեղձային հյուսվածքի տեսքին: Խիտ հյուսվածք հայտնաբերվում է շատ հաճախակի և սա բնավ չի նշանակում, որ ինչ-որ բան այն չէ:
Կրծքագեղձերը (գլանդուլա մամարիա կամ մամմա) կազմված են խիտ և ճարպային հյուսվածքներից։ Խիտ հյուսվածքը ներառում է կաթնագեղձերը, կաթնածորանները և կրծքագեղձի օժանդակ հյուսվածքները: Ճարպային հյուսվածքը կազմված է ճարպային բջիջներից։ Կրծքագեղձի խիտ հյուսվածք ունեցող կինն ավելի շատ խիտ հյուսվածք ունի, քան ճարպային հյուսվածք:
Մամոգրաֆիկ պատկերի վրա կրծքագեղձի ճարպային հյուսվածքը թափանցիկ է: Սա թույլ է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել կասկածելի փոփոխությունները: Հակառակ սրան, կրծքագեղձի խիտ հյուսվածքը մամոգրաֆիայի պատկերի վրա ունի համընդհանուր սպիտակ տեսք, և առկա փոփոխությունները դժվար հայտնաբերելի են: Կրծքագեղձի քաղցկեղը, որը մամոգրաֆիայի վրա նույնպես երևում է որպես սպիտակ դաշտ, կարող է մնալ աննկատ:
Ինչպե՞ս իմանալ, որ ունեմ կրծքագեղձի խիտ հյուսվածք
Կրծքագեղձի խտության մասին իմանալու միակ միջոցը մամոգրաֆիա անցնելն է: Մամոգրաֆիան կրծքագեղձային հյուսվածքի ռենտգեն հետազոտություն է:
Բժիշկ-ճառագայթաբանը (ռադիոլոգ), ով դիտում է ձեր մամոգրաֆիայի պատկերները, որոշում է, թե արդյոք ունեք կրծքագեղձի բարձր խտությամբ հյուսվածք: Ռադիոլոգները հատուկ պատրաստվածություն ունեցող բժիշկներ են՝ մեկնաբանելու հետազոտությամբ ստացված տվյալները: Ռադիոլոգը համեմատում է ճարպային հյուսվածքի քանակությունը բարձր խտությամբ հյուսվածքի հետ: Հետո նա որոշում է կրծքագեղձի խտության մակարդակը։ Երբեմն համակարգչային ծրագիրը հաշվարկում է խտության մակարդակը, իսկ ռադիոլոգը ստուգում է՝ համոզվելու, որ այն ճիշտ է:
Որո՞նք են կրծքագեղձի խտության չորս դասերը
Խտության մակարդակները նկարագրված են՝ օգտագործելով Ամերիկյան ռադիոլոգիայի քոլեջի Կրծքագեղձի պատկերման հաշվետվության և տվյալների համակարգը, որը երբեմն կրճատ ներկայացվում է որպես BI-RADS: Կրծքագեղձի խտության մակարդակները հաճախ ներառվում են մամոգրաֆիայի եզրակացության մեջ որպես А-ից մինչև D տառեր: Խտության մակարդակները հետևյալն են:
- A. գրեթե ամբողջապես ճարպայինը նշանակում է, որ կրծքագեղձերը գրեթե ամբողջապես կազմված են ճարպային հյուսվածքից: Կրծքագեղձային հյուսվածքն այս դեպքում խիստ ցածր խտության է:
- B. ֆիբրոգլանդուլար խտության ցրված տարածքները նշանակում է, որ կրծքագեղձերը գրեթե ամբողջապես կազմված են ճարպային հյուսվածքից, սակայն առկա են խիտ կրծքագեղձային հյուսվածքի որոշ ցրված շրջաններ:
- C. տարասեռ (հետերոգեն) խտությունը նշանակում է, որ կրծքագեղձային հյուսվածքի մեծ մասը խիտ է, սակայն առկա են ճարպային հյուսվածքի որոշ շրջաններ:
- D. խիստ կամ բարձր աստիճանի խտությունը նշանակում է, որ գրեթե ամբողջ կրծքային հյուսվածը խիտ է: Ճարպային հյուսվածքը չնչին է:
Ընդհանուր առմամբ, համարվում է, որ ունեք խիտ հյուսվածքով կրծքագեղձեր, եթե ձեր մամոգրաֆիայի եզրակացության մեջ արձանագրվել է, որ ունեք տարասեռ (C) կամ բարձր խտության աստիճանի (D) կրծքեր: Սքրինինգային մամոգրաֆիա անցնող կանանց շուրջ կեսի մոտ հայտնաբերվում են խիտ կրծքագեղձեր:
Ի՞նչն է ձեր կրծքագեղձերի հյուսվածքը դարձնում խիտ
Պարզ չէ, թե ինչու որոշ կայանք ունեն շատ խիտ կրծքագեղձային հյուսվածք, իսկ մյուսները՝ ոչ:
Խիտ հյուսվածքով կրծքագեղձերի հավանականությունը կարող է բարձրանալ հետևյալ դեպքերում:
- Ավելի երիտասարդ եք․ թեև ոչ բոլոր դեպքերում, սակայն կրծքագեղձային հյուսվածքի խտությունը հակված է նվազելու տարիքի հետ: Նաև հնարավոր է ունենալ խիտ կրծքագեղձային հյուսվածք ցանկացած տարիքում:
- Ունեք ցածր մարմնի զանգվածի ցուցանիշ (ՄԶՑ). մարմնի ճարպերի ցածր մակարդակը նշանակում է, որ ձեր կրծքագեղձերում ճարպի քանակությունը նույնպես կարող է քիչ լինել:
- Դաշտանադադարի փուլում եք և ստանում եք հորմոնային թերապիա․ դաշտանադադարի հետ կապված ախտանիշների մեղմացման համար համակցված հորմոնային բուժում ստանալը բարձրացնում է կրծքագեղձային հյուսվածքի խտացման հավանականությունը:
Ինչպիսի՞ լրջություն ունի կրծքագեղձային խիտ հյուսվածքը
Խիտ կրծքային հյուսվածքը տարածված է: Այն դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան սխալ է: Սակայն, բարձր խտության աստիճանի կրծքագեղձեր ունենալը կարող է ազդել ձեր առողջության վրա այս երկու ուղղություններով:
- Մեծացնում է մամոգրաֆիայով կրծքագեղձի քաղցկեղի բաց թողման հավանականությունը․ խիտ հյուսվածքն ավելի դժվար է տարբերակվում մամոգրաֆիայի վրա: Խիտ կրծքեր ունենալը կարող է մեծացնել մամոգրաֆիայի վրա կասկածելի փոփոխությունները չհայտնաբերելու հավանականությունը:
- Մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը․ եթե ունեք խիտ կրծքագեղձային հյուսվածք, կրծքագեղձի քաղցկեղի ձեր ռիսկը չափավոր բարձրանում է՝ համեմատած մյուսների հետ: Համարվում է, որ այս դեպքում ռիսկի աստիճանը գրեթե նույնն է, երբ ունենայիք նույն հիվանդությամբ հարազատ: Կրծքագեղձի խիտ հյուսվածք ունենալն ինքնին չի հանգեցնում կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի: Այն նաև չի բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը:
Ինչքա՞ն հաճախ պետք է մամոգրաֆիա անցնել, եթե ունեմ կրծքագեղձային խիտ հյուսվածք
Ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ են տալիս կրծքագեղձի քաղցկեղի միջին ռիսկ ունեցող կանանց մամոգրաֆիայի սքրինինգային հետազոտությունները սկսել 40 տարեկանից: Շատերի համար սքրինինգը պետք է կրկնվի ամեն տարի:
Խիտ կրծքեր ունենալը կարող է դժվարացնել մամոգրաֆիայիով քաղցկեղի հայտնաբերումը: Սակայն մամոգրաֆիան դեռևս արդյունավետ է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի համար, եթե ունեք կրծքային խիտ հյուսվածք: Ապացուցված է, որ մամոգրաֆիան նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը:
Մամոգրաֆիայի նորագույն տեխնոլոգիաները բժիշկներին տրամադրում են կրծքագեղձի հյուսվածքի ավելի մանրակրկիտ պատկերներ: Սա կարող է օգնել քաղցկեղի հայտնաբերման հավանականության բարելավմանը: Օրինակ, Միացյալ Նահանգների գրեթե բոլոր մամոգրաֆիկ սարքերն արտածում են թվային պատկերներ: Սա թույլ է տալիս մեծացնել պատկերը՝ կասկածելի տարածքներն ավելի մանրակրկիտ զննելու համար:
Բացի այդ, Միացյալ Նահանգների բուժհաստատությունների մեծ մասն առաջարկում է եռաչափ (3D) մամոգրաֆիա: 3D մամոգրաֆիան համակարգիչներով միավորում է կրծքագեղձի ռենտգեն արտածումները եռաչափ պատկերի մեջ: Եռաչափ պատկերները թույլ են տալիս բժշկին տեսնել անցյալի խտացած տարածքները՝ կրծքագեղձի հյուսվածքում որևէ կասկածելի բան փնտրելու համար:
Բոլոր դեպքերում, ավելի խիտ կրծքերում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի առկայության պայմաններում դուք և ձեր բժիշկները կարող եք դիտարկել այլ հետազոտություններ:
Արդյո՞ք գերձայնային հետազոտությունն ավելի օգտակար է կրծքային խիտ հյուսվածքի դեպքում
Որոշ տվյալներ վկայում են, որ լրացուցիչ հետազոտությունները, ինչպիսիք են ուլտրաձայնը (սոնոգրաֆիա) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման հավանականությունը խիտ կրծքագեղձերում: Միևնույն ժամանակ մտահոգություն կա, որ հետազոտությունները, այդ թվում ուլտրաձայնը և ՄՌՏ-ն, կարող են հայտնաբերել այնպիսի բաներ, որոնք լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենան, սակայն հետագայում քաղկեղը ժխտվի: Սա կոչվում է կեղծ դրական արդյունք: Ավելի շատ ուսումնասիրության կարիք կա՝ իմանալու, թե որ հետազոտությունն է լավագույնը: Մյուս հետազոտություններից ոչ մեկն ապացուցված չէ, որ նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահանալու ռիսկը:
Դուք և ձեր բժիշկը կարող եք քննարկել լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը՝ հիմնվելով ձեր ռիսկի այլ գործոնների և ձեր անձնական նախասիրությունների վրա:
Կրծքագեղձի խիտ հյուսվածք ունենալիս, ըստ անհրաժեշտության, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ լրացուցիչ հետազոտությունները՝
- 3D մամոգրաֆիա, որը նաև կոչվում է կրծքագեղձի տոմոսինթեզ և ստեղծում եռաչափ մամոգրաֆիկ պատկերներ
- կրծքագեղձի ՄՌՏ, որը ճառագայթման փոխարեն օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ և հաճախ խորհուրդ է տրվում կրծքագեղձի քաղցկեղի խիստ բարձր ռիսկով կանանց
- կրծքագեղձի գերձայնային հետազոտություն, որն օգտագործում է ձայնային ալիքներ և թույլ տալիս պինդ հյուսվածքները (որոնք կարող են լինել քաղցկեղի նշան) տարբերակել կիստաներից՝ հեղուկով լցված պարկանման գոյացություններից, և որոշ դեպքերում թույլ են տալիս մանրամասն զննել մամոգրաֆիայով ստացված կասկածելի շրջանները
- կոնտրաստի օգտագործմամբ թվային մամոգրաֆիա․ մամոգրաֆիայի այս տարբերակի դեպքում օգտագործվում է երակով տրվող յոդ պարունակող նյութ, որը կարող է ընդգծել ստանդարտ մամոգրաֆիայով հայտնաբերված կասկածելի շրջանների պատկերը
- կրծքագեղձի մոլեկուլյար պատկերում․ այս հետազոտությունն օգտագործում է քաղկեղային հյուսվածքներում կուտակման հակում ունեցող ռադիոակտիվ նյութ և հատուկ տեսախցիկ, որը պատկերում է կրծքային հյուսվածքը։
Ցանկացած հետազոտություն ունի դրական և բացասական կողմեր: Խոսեք տարբերակների մասին ձեր բժիշկների հետ: Միասին դուք կարող եք որոշել, թե որ հետազոտություններն են լավագույնը ձեզ համար՝ հիմնվելով կրծքագեղձի քաղցկեղի ձեր անհատական ռիսկի գործոնների վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-07-2024
Վերջին վերանայում՝ 14-07-2024