Երեխայի կամ նորածնի մոտ փորլուծության և փսխման «նոպաները» միշտ էլ անհանգստություն են հարուցում։
Այս օգտակար տեղեկատվության նպատակն է ներկայացնել ձեր երեխայի մոտ փորլուծության և փսխման հիմնական պատճառները և գանգատները մեղմացնող և հնարավոր վարակի տարածումը կանխարգելող որոշ խորհուրդներ։
Փսխումը սովորաբար շարունակվում է մեկ-երկու օր, իսկ փորլուծությունը (լուծ)՝ հինգից յոթ օր։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշները փոփոխական են:
Նորածիններ
Բազմաթիվ նորածիններ երբեմն ունենում են թուլացած կղանք։ Կրծքով կերակրվող նորածինների արտաթորանքները սովորաբար ավելի թույլ է, քան արհեստական սնուցում ստացողներինը։ Նորածնի մոտ փորլուծությունը նկարագրվում է որպես հաճախացած և կրկնվող չձևավորված ջրիկ արտաթորանքների առկայություն։
Մանուկներ և ավելի մեծ երեխաներ
Մեկից մինչև հինգ տարեկան որոշ երեխաների մոտ դիտվում է հաճախացած, տհաճ հոտով և թուլացած կղանք, որը կարող է պարունակել չմարսված մթերքներ, օրինակ՝ գազար և ոլոռ։ Այս երեխաները սովորաբար իրենց նորմալ են զգում և աճում են առանց տարիքային շեղումների։ Նրանց մոտ փորկլուծությունը կարող է կապված լինել մեծ քանակով քաղցրահամ և այլ ըմպելիքներ խմելու հետ։ Սակայն, երեխայի մոտ փորլուծության ցանկացած դրվագի մասին պետք է տեղեկացնել նրա բժշկին։ Երբեմն բժիշկը կարող է երեխայի մոտ չգտնել փորլուծության որևէ պատճառ։
Երեխաների մոտ փորլուծության և փսխման պատճառները
Փորլուծությունը և փսխումը կարող են առաջանալ բազմաթիվ պատճառներից, այդ թվում՝
- վիրուսային վարակներ
- մարսողության խանգարում
- սննդային թունավորում
- այնպիսի սննդի ընդունում, որից երեխան ալերգիա ունի։
Երեխաների մոտ փորլուծության և փսխման բուժումը
Նորածիններ և մանուկներ
Նորածինների և մանուկների մոտ փորլուծությունը և փսխումը համարվում են ավելի լուրջ վիճակներ, քան ավելի մեծ տարիքի երեխաների համար, քանի որ շատ փոքր տարիքում ջրազրումը զարգանում է ավելի արագ։ Ջրազրկման նշաններն են՝
- աչքերի ներանկում
- նորածնի գլխի փափուկ մասերի (գաղթուն) ներանկում
- լացելիս արցունքի քչացում կամ բացակայություն
- բերանի չորություն
- խոնավացած տակաշորերի քչացում
- մուգ դեղին մեզ։
Երբ ձեր երեխան ջրազրկված է, ապա ունի լրացուցիչ հեղուկների պահանջ։ Եթե դուք կրծքով եք կերակրում, շարունակեք կուրծք տալը, սակայն փորձեք շատացնել կերակրումների թիվը։ Եթե շշով եք կերակրում, կերակրումների միջև երեխային առաջարկեք թափանցիկ հեղուկներ (ջուր)։ Դուք տալ կարող եք նաև ռեհիդրատացիոն հեղուկներ։
Առանց ուշացնելու դիմեք շտապ օգնության (1-03), եթե ձեր նորածին կամ մանկահասակ երեխայի մոտ նկատում եք ինքնազգացողության կտրուկ վատացում և նշվածներից մեկնումեկը՝
- ավելի քիչ է պատասխան տալիս
- ջերմություն
- արյուն կամ լորձ կղանքում
- կանաչ փսխման հեղուկներ
- փորիկի սուր ցավի նշաններ
- մեզի քչացում
- մեկ օրից ավելի շարունակվող փսխումներ
- դուք անհանգստացած եք։
Մի՛ փորձեք ձեր նորածնին կամ մանկիկին տալ որևէ հակալուծողական դեղ (քանի դեռ այն չի նշանակվել բժշկի կողմից), քանի որ այն կարող է օգուտի փոխարեն վտանգավոր հետևանքներ առաջացնել։
Երեխաներ
Ձեր երեխան կարող է ունենալ մեծ քանակությամբ ջրիկ, հաճախացած կամ ջրոտ արտաթորանքներ, որոնց գույնը կարող է լինել փոփոխական՝ սկսած շագանակագույնից մինչև կանաչ և ունենալ խիստ տհաճ սուր հոտ։
Փորլուծությունը կարող է զուգակցվել ստամոքսի կծկանքների կամ ցավի հետ։
Առանց ուշացնելու դիմեք շտապ օգնության (1-03), եթե ձեր երեխայի մոտ նկատում եք ինքնազգացողության կտրուկ վատացում և նշվածներից մեկնումեկը՝
- ուժեղ փորլուծություն (օրական 8-10 անգամ ջրիկ արտաթորանք կամ 2-3 անգամ ուժեղ լուծ)
- ջրազրկման նշաններ
- միաժամանակ լուծ և փսխում
- հաճախացած փսխումներ, որը թույլ չի տալիս, որ երեխան որևէ հեղուկ խմի
- կղանքը գործնականում վերածվել է հեղուկ զանգվածի
- արյուն կամ լորձ կղանքում
- փորլուծությունը շարունակվում է 10 օր և ավելի
- փորիկի ցավեր
- կանաչ փսխման հեղուկներ
- դուք անհանգստացած եք։
Փորլուծությամբ և փսխումներ ունեցող երեխաների խնամքը
Կան տարբեր միջոցներ, որոնք դուք կարող եք կիրառել տանը, որ մեղմացնեք երեխայի վիճակը։
Կրծքով կերակրում և սննդի ընդունման ժամեր
- Կրծքով կամ արհեստական սնուցվող նորածինները պետք է շարունակեն ստանալ իրենց սովորական սնունդը (նորմալ խտությամբ)։
- Եթե ձեր երեխան կարողանում է ընդունել պինդ սննդամթերքներ, ուղղորդվեք նրա ախորժակով։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ փորլուծության և փսխման դեպքում քաղցած վիճակը կարող է օգտակար լինել։
- Եթե ձեր երեխան մինչև մեկ տարեկան է, ապա փորձեք նրան տալ ավելի շատ հեղուկներ, որ կանխեք ջրազրկումը։
- Ավելի մեծ երեխաները կարող են սնունդ ստանալ սովորական ռեժիմով։ Դուք կարող եք տալ ածխաջրատներով հարուստ սնունդ, օրինակ՝ հաց, կարտոֆիլ, մակարոնեղեն և բրինձ, իսկ ապուրները կարող են օգնել հեղուկների վերականգնմանը։
- Պահպանեք երեխայի ճիշտ անձնական հիգիենան։
- Արհեստական սնուցվող երեխաների դեպքում համոզվեք, որ նրանց շշիկները ախտազերծվում են։
Ջրազրկման կանխարգելում
- Խրախուսեք և հիշեցրեք ձեր երեխային, որ նա խմի հեղուկների իր սովորական քանակը։ Փսխման դեպքում երեխան սովորականից ավելի շատ հեղուկների կարիք ունի։
- Երեխաների համար հատուկ պատրաստված ռեհիդրատացիոն հեղուկներ կարող եք գնել մոտակա դեղատնից։ Միշտ հետևեք պիտակի հրահանգներին։
- Եթե ձեր երեխան հրաժարվում է ռեհիդրատացիոն հեղուկներից, առաջարկեք ջրով նոսրացված մրգահյութեր։
- Խուսափեք երեխային ռեհիդրատացիոն հեղուկի փոխարեն էներգետիկ ընպելիքներ տալուց (լիմոնադ, կոլա և այլն)։
Դեղամիջոցներ
- Առանց մանկաբույժի խորհրդի մի տվեք լուծը դադարեցնող որևէ դեղամիջոց։
Հակաբիոտիկները սովորաբար չեն տրվում փորլուծությունը և փսխումը բուժելու համար, քանի որ այս վիճակների պատճառը հաճախ ոչ թե բակտերիան է, այլ վիրուսը։ Հակաբիոտիկներն արդյունավետ են միայն բակտերիաների դեմ պայքարում։ Դրանք երեխային տրվում են միայն բժշկի նշանակմամբ։
Հիգիենա և մաքրություն
- Տակաշոր (տակդիր, փամփերս) կրող լուծող երեխաների համար պաշտպանիչ քսուքները կարող են օգնել մաշկի գրգռման, ցավոտության կամ ցանավորման կանխմանը։
- Համոզվեք, որ ձեր երեխայի հետույքի շրջանը նուրբ, բայց լիարժեք մաքրվում է փորլուծության յուրաքանչյուր դրվագից հետո, որ խուսափեք մաշկի գրգռումից և բորբոքումից։
- Ձեր ձեռքերը լավ լվացեք օճառով և հոսող տաք ջրով, որ կանխեք վարակի տարածումը։ Լավ չորացրեք ձեր ձեռքերը, սակայն այդ սրբիչը օգտագործեք միայն դուք։ Լվացեք ձեր ձեռքերը՝
- մթերքին և երեխայի սննդի շշիկներին ձեռք տալուց առաջ
- սնունդ ընդունելուց առաջ
- զուգարան գնալուց հետո
- ձեր երեխայի տակաշորերը փոխելուց հետո
- արյան, կղանքի կամ փսխման զանգվածները մաքրելուց հետո
- ձեր կամ ձեր երեխայի քիթը մաքրելուց հետո
- աղբի հետ գործ ունենալուց հետո։
- Բոլոր այն մակերեսները, որոնց հպվել եք, մաքրեք ջրով և որևէ մաքրող հեղուկով։
- Խուսափեք անձնական իրերի համատեղ օգտագործումից. ձեր երեխան պետք է օգտագործի միայն իր անձնական իրերը՝ սրբիչ, ատամի խոզանակ, թաշկինակ և այլն։
- Եթե ձեր երեխան ունի փորլուծություն, հնարավորության դեպքում նրա համար կազմակերպեք առանձին զուգարան։ Հակառակ դեպքում երեխայի զուգարանից օգտվելուց հետո մաքրեք զուգարանակոնքն ախտահանիչ նյութով։
- Եթե ձեր երեխան լողի է գնում, ժամանակավորապես դադարեցրեք լողավազան այցելելը մինչև փորլուծության կամ փսխման վերջին դրվագից անցնի առնվազն երկու շաբաթ։
- Եթե ձեր երեխան լուծ կամ փսխում ունի, դրանցից մեկնումեկի վերջին դրվագից առնվազն 24 ժամվա ընթացքում մի՛ ուղարկեք նրան մսուր-մանկապարտեզ կամ դպրոց։
- Եթե ձեր երեխայի մոտ ախտորոշել են նորովիրուս կամ փորլուծությունը և փսխումը առաջացել են նորովիրուսով հիվանդի հետ շփումից հետո, ախտահարեք բոլոր այն մակերեսները, որոնք կարող են վարակված լինել։
- Անմիջապես հանեք և լվացեք փորլուծով կամ փսխման զանգվածներով կեղտոտված հագուստը կամ անկողնային սպիտակեղենը։
- Ձեր երեխային հեռու պահեք այլ երեխաներից, քանի դեռ նա իրեն լավ չի զգում։
Քուն
- Եթե ձեր նորածին երեխան ունի փորլուծություն կամ փսխում, նա կարող է իրեն զգալ թույլ և գրգռված։ Երեխային իր մահճակալում միշտ պառկեցրեք մեջքի վրա, քանի որ այս դիրքում նվազում է նորածինների հանկարծակի մահվան ռիսկը։
Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024