Էրեկտիլ դիսֆունկցիան կամ իմպոտենցիան դիաբետ ունեցող տղամարդկանց շրջանում տարածված, բայց ոչ պարտադիր խնդիր է: Մտածեք կանխարգելիչ մոտեցումների, բուժական տարբերակների և այլ հարակից հարցերի շուրջ:
Էրեկցիայի հետ կապված խնդիրները, որոնք նաև կոչվում են էրեկտիլ դիսֆունկցիա, տարածված են շաքարային դիաբետով հիվանդ տղամարդկանց մոտ, հատկապես նրանվ, ովքեր ունեն 2-րդ տիպի դիաբետ: Արյան բարձր շաքարը (հիպոգլիկեմիա) տարիների ընթացքում կարող է վնասել նյարդերն ու արյունատար անոթները։ Սա նաև կարող է խնդիրներ առաջացնել՝ կապված սեռական հարաբերության համար բավականաչափ ամուր էրեկցիայի հասնելու կամ պահպանման հետ:
Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ նաև կարող է լինել բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) և սրտային հիվանդությունը: Այս խնդիրները բնորոշ են շաքարային դիաբետով ապրող տղամարդկանց համար: Թեև տարիքը կարող է նպաստել էրեկցիայի հետ կապված խնդիրների առաջացմանը, շաքարային դիաբետ ունեցող տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ ավելի վաղ է առաջանում: Ընդ որում, նրանք կարող են նկատել էրեկցիայի հետ կապված խնդիրներ՝ նախքան դիաբետի կամ սրտային հիվանդության ախտորոշվելը:
Զրուցեք մասնագետի հետ
Շատ տղամարդիկ խուսափում են խոսել էրեկտիլ դիսֆունկցիայի մասին: Նույնիսկ՝ բժիշկների հետ: Բայց պետք չէ ամաչել։ Դիմեք օգնության համար: Մի փոքրիկ զրույցը կարող է մեծ փոփոխություն առաջացնել: Ահա թե ինչ պետք է անել:
- Պատմեք ձեր բժշկին, թե ինչ է կատարվում. ձեր բժիշկը կանդրադառնա ձեր առողջության ամբողջական պատկերին: Դուք կարող եք պատկերացում կազմել առողջական վիճակների, տեստոստերոնի մակարդակի կամ դեղամիջոցների մասին, որոնք կարող են հանդիսանալ ձեր էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը կամ նպաստող գործոնը: Բժիշկը նաև ձեզ տեղեկատվություն և մտքեր կտա բուժման համար: Ճշտեք ձեր տարբերակները:
- Հարցրեք, թե ինչպես կարող եք ավելի լավ կառավարել ձեր դիաբետը. արյան շաքարի ավելի լավ մակարդակը կարող է օգնել ձեր նյարդերի և արյունատար անոթների պաշտպանունակությանը: Երբ դրանք վնասվում են, առաջացնում են էրեկտիլ դիսֆունկցիա: Ավելի լավ վերահսկելով ձեր արյան շաքարը, դուք ընդհանուր առմամբ ավելի լավ կզգաք և կբարելավեք ձեր կյանքի որակը: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք ճիշտ քայլեր եք ձեռնարկում ձեր դիաբետը կառավարելու համար:
- Հարցրեք առողջական այլ խնդիրների մասին. շաքարային դիաբետով տղամարդկանց մոտ տարածված է այլ քրոնիկ հիվանդություններ ունենալը: Դրանց մի մասը կարող է առաջացնել կամ վատթարանալ էրեկտիլ դիսֆունկցիան: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ հարակից առողջական խնդիրներին հակազդելու կամ դրանց հետևանքները կանխարգելելու համար:
- Ստուգեք ձեր դեղորայքը. հարցրեք ձեր բժշկին ձեզ նշանակված դեղերի մասին: Դրանցից որոշները կարող են առաջացնել ձեր էրեկցիայի հետ կապված խնդիրները: Հայտնի է, որ որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են դեպրեսիան կամ արյան բարձր ճնշումը բուժելու համար, առաջացնում են էրեկտիլ դիսֆունկցիա: Ուստի, որոշ իրավիճակներում բժշկի հետ միասին ձեր դեղերը փոխելը կարող է օգնել:
- Դիմեք խորհրդատվության համար. անհանգստությունն ու սթրեսը կարող են վատթարացնել էրեկտիլ դիսֆունկցիան: Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լարվածության հանգեցնել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր զուգընկերոջը: Հոգեբանը, խորհրդատուն կամ հոգեկան առողջության այլ մասնագետը կարող են օգնել ձեզ և ձեր զուգընկերոջը սթրեսի դիմակայման և հաղթահարման հարցերում:
Քննարկեք ձեր բուժման տարբերակները
Գոյություն ունեն էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման բազմաթիվ մեթոդներ: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք հետևյալ տարբերակներից մեկնումեկը կարող է ձեր դեպքում արդյունավետ լինել:
- Բերանային (օրալ) դեղամիջոցներ. էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցների օրինակներից են՝ Սիլդենաֆիլ (Վիագրա), Տադալաֆիլ (Սիալիս, Ադցիրկա), Վարդենաֆիլ կամ Ավանաֆիլ (Ստենդրա): Բերանով ընդունվող դեղամիջոցները կարող են հեշտացնել արյան հոսքը դեպի ձեր առնանդամ՝ բարելավելով էրեկցիայի հասնելն ու պահպանելը: Հարցրեք ձեր բժշկին՝ պարզելու, թե արդյոք այս դեղամիջոցներից որևէ մեկն անվտանգ ընտրություն է ձեզ համար:
- Այլ դեղամիջոցներ. եթե հաբերը ձեզ համար լավ տարբերակ չեն, բժիշկը կարող է խորհուրդ տալ բարակ մոմիկներ, որը մտցնում եք ձեր առնանդամի ծայրից միզուկի մեջ սեռական հարաբերությունից առաջ: Մեկ այլ հնարավորություն է դեղամիջոցը, որը պետք է ներարկեք ձեր առնանդամի հիմքում կամ մի կողմում: Ինչպես բերանային դեղամիջոցները, այս տարբերակները նույնպես մեծացնում են դեպի առնանդամ արյան հոսքը:
- Վակուումային էրեկցիայի սարք. այս սարքը նաև կոչվում է առնանդամի պոմպ կամ վակուումային պոմպ և իրենից ներկայացնում է սնամեջ խողովակ, որը տեղադրում եք ձեր առնանդամի վրա: Այն օգտագործում է պոմպ՝ արյունը դեպի առնանդամ քաշելու և էրեկցիա ստեղծելու համար: Այնուհետև, խողովակը հեռացնելուց հետո առնանդամի հիմքում տեղադրվում է ժապավեն՝ էրեկցիան պահպանելու համար: Ձեռքով կամ մարտկոցով աշխատող այս սարքը օգտագործման համար պարզ է և ցածր ռիսկայնությամբ: Եթե առնանդամային պոմպը լավ ընտրություն է ձեզ համար, բժիշկը կարող է առջարկել որոշակի մոդելներ, որոնք համապատասխանում են ձեր կարիքներին:
- Առնանդամային իմպլանտներ. եթե դեղամիջոցները կամ առնանդամի պոմպը չեն օգնում, վիրահատական իմպլանտը կարող է տարբերակ լինել: Կիսապինդ կամ փչովի առնանդամային իմպլանտներն անվտանգ և արդյունավետ տարբերակ են էրեկտիլ դիսֆունկցիայով բազմաթիվ տղամարդկանց համար:
Կատարեք առողջ ապրելակերպի ընտրություններ
Երբ խոսքը վերաբերում է ձեր առողջությանը, մի քանի փոփոխություններ կարող են մեծ արդյունքներ տալ: Փորձեք այս խորհուրդները՝ բարելավելու ձեր ընդհանուր առողջությունը և էրեկտիլ դիսֆունկցիան:
- Դադարեցրեք ծխելը. ծխելը և ծխախոտային այլ արտադրանքների օգտագործումը նեղացնում է ձեր արյան անոթները, որի հետևանքով, ավելի քիչ արյուն կարող է հասնել ձեր առնանդամ: Բացի այդ, ծխելը նվազեցնում է ձեր օրգանիզմում ազոտի օքսիդի մակարդակը՝ մի նյութ, որն ազդանշան է տալիս ձեր օրգանիզմին, որ արյունը հոսի ձեր առնանդամ: Ազոտի օքսիդի պակասը նշանակում է դեպի առնանդամ ավելի քիչ արյան հոսք, ուստի և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացում կամ վատթարացում: Եթե փորձել եք ինքնուրույն թողնել ծխելը, բայց չի հաջողվել, մի՛ հանձնվեք: Խնդրեք օգնություն: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք կօգնեն ծխախոտից ձերբազատմանը, այդ թվում՝ դեղորայք ընդունելը:
- Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք ուտում. շաքարային դիաբետով հիվանդների համար չկա եզակի սննդակարգ: Բայց բժիշկը կարող է առաջարկել ձեր առողջության համար բարենպաստ ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի ճիշտ համակցություն: Եվ բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ, թե որ տեսակի մթերքներն են լավագույնս համապատասխանում ձեզ և ձեր առողջական վիճակին:
- Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. ավելորդ քաշը կարող է առաջացնել կամ վատթարացնել էրեկտիլ դիսֆունկցիան:
- Շարժվեք. վարժանքներն օգնում են այլ վիճակների կառավարմանը, որոնք կարող են առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը՝ միաժամանակ նվազեցնելով սթրեսը և մարմնի քաշը: Սկսեք ֆիզիկական ակտիվության այն մակարդակից, որը բնորոշ է ձեզ և աստիճանաբար ավելացրեք վարժանքների ծանրաբեռնվածությունը և տևողությունը: Բժիշկը կարող է օգնել, որ միասին մշակեք ձեր կարողություններին համապատասխան ֆիզկական ակտիվացման ծրագիր:
- Դադարեցրեք կամ կրճատեք ալկոհոլի օգտագործումը. ալկոհոլը կարող է ազդել էրեկտիլ դիսֆունկցիայի վրա: Եթե ընտրում եք ալկոհոլ խմել, չափավորությունը կարևոր է: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական ոչ ավելի, քան մեկ չափաբաժին՝ 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար կամ ոչ ավելի քան երկու չափաբաժին՝ 65 տարեկան և ավելի երիտասարդ տղամարդկանց համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2024
Վերջին վերանայում՝ 03-05-2024