Էստրոգենը իգական սեռական հորմոն է, որը մասնակցում է բազմաթիվ գործընթացներին՝ սկսած սեռահասունացման հսկողությունից մինչև ոսկրերի ամրացում։
Օրգանիզմում էստրոգենի մակարդակի կտրուկ նվազեցումը կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ։
Ի՞նչ է էստրոգենը
Էստրոգենը իգական սեռական գլխավոր հորմոններից մեկն է։ Թեև այս հորմոնն արտադրվում է նաև տղամարդկանց օրգանիզմում, կանանց մոտ այն ավելի մեծ դերակատարություն ունի։
Էստրոգենն արտադրվում է ձեր ներզատական (էնդոկրին) համակարգի կողմից և մտնում արյան հուն։ Կանանց մոտ էստրոգենն անհրաժեշտ է հետևյալ գործընթացների համար՝
- սեռահասունացում
- դաշտանային ցիկլ
- հղիացում
- ոսկրերի ամրություն
- խոլեստերինի նորմալ մակարդակի պահպանում։
Էստրոգենն ազդում են նաև ձեր ուղեղի, սրտի և մաշկի գործունեության վրա։
Ինչպե՞ս է էստրոգենի մակարդակը փոփոխվում
Ձեր էստրոգենի մակարդակը փոփոխվում է՝ կախված թե տվյալ պահին դաշտանային ցիկլի որ շրջանում եք գտվում դուք, ինչպես նաև՝ ըստ ձեր կյանքի փուլի և տարիքի։ Դաշտանադադարի փուլում ձեր էստրոգենի մակարդակը սկսում է նվազել։
Ընդհանուր առմամբ, կնոջ մոտ տարբերում են էստրոգենի երեք հիմնական տեսակներ, որոնք արտադրվում են նրա կյանքի տարբեր փուլերում։
- Էստրադիոլն արտադրվում է մանկական տարիքում, գլխավորապես՝ ձվարաններում։
- Էստրիոլը հղիության ընթացքում գործող հիմնական էստրադիոլն է, որն արտադրվում է ընկերքում։
- Էստրոնը դաշտանադադարից հետո կնոջ մոտ արտադրվող էստրոգենի միակ տեսակն է, որը հայտնաբերվում է մակերիկամներում և ճարպային հյուսվածքում։
Էստրոգենը որպես դեղամիջոց
Էստրոգենը մտնում է որոշ դեղերի, ներառյալ՝ որոշ հակաբեղմնավորիչների բաղադրության մեջ, որոնք կարող են նշանակվել որպես դաշտանադադարի դեղեր։
Կան նաև համակցված բերանով ընդունվող (օրալ) հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք պարունակում են սինթետիկ (արհեստական) էստրոգեն։ Նույն կերպ, էստրոգեններ կարող են պարունակել նաև հակաբեղմնավորիչ այլ միջոցները՝ ներհեշտոցային կամ ներարգանդային։ Այս հակաբեղմնավորիչների մեջ էստրոգենի դերը կայանում է ձվարաններից ձվաբջջի ազատումն արգելակելու մեջ։
Եթե ձեզ մոտ դաշտանադադարի ախտանիշները խիստ արտահայտված են (օրինակ՝ ջերմահորդանքներ կամ տրամադրության կտրուկ փոփոխություններ), ձեր բժիշկը կարող է առաջարկել հորմոնային փոխարինող բուժում (ՀՓԲ)։ ՀՓԲ պարունակում է էստրոգեն՝ հաբի, գելի կամ այլ ձևերով։
Էստրոգենի հետ կապված առողջական խնդիրներ
Էստրոգենը ազդում է նյութափոխանակության տարբեր օղակների վրա, ուստի և այս հորմոնի մակարդակի շեղումները կարող են առաջացնել տարբեր խնդիրներ։
Օրինակ, էստրոգենի խիստ բարձր մակարդակը կարող է բերել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ակնեն (պզուկ) և փորկապությունը կամ շատ ավելի լուրջ հիվանդությունները, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղ։ Չափից դուրս ցածր էստրոգենը նույնպես կարող է առաջացնել առողջական խնդիրներ, օրինակ՝ ոսկրային աճի թուլացում և դաշտանադադարին բնորոշ այլ նշաններ։
Էստրոգենի շեղված մակարդակների հետ կապված այլ խնդիրներից են՝
- Ադենոմիոզ, որը էնդոմետրիոզին նմանվող հիվանդություն է, երբ արգանդի խոռոչի լորձաթաղանթի բջիջները սկսում են աճել նաև մկանային պատի ներսում։ Հիվանդությունը սովորաբար ետ է զարգանում դաշտանադադարին ուղեկցող էստրոգենի մակարդակի անկման պայմաններում։
- Արգանդի միոմա (ֆիբրոիդ), որը արգանդի խոռոչում մկանային հյուսվածքից զարգացող ուռուցք է։ Միոմայի աճը խթանվում է հորմոններով և հակված է փոքրանալու և անհետանալու դաշտանադադարից հետո, երբ կնոջ հորմոնային ակտիվությունն ընկճվում է։
- Օստեոպորոզ, որի ժամանակ ձեր ոսկրերը դառնում են փխրուն և հեշտ կոտրվող։ Էստրոգենը նպաստում է ոսկրերի ամրությանը, ուստի դաշտանադարից հետո կանայք դառնում են այս հիվանդության նկատմամբ ռիսկային։
- Հեշտոցի չորություն, երբ դաշտանադադարից հետո էստրոգենի կտրուկ նվազած քանակների պայմաններում հեշտոցի պատը բարակում է և դառնում չոր՝ առաջացնելով անհարմարավետություն և ոչ հազվադեպ՝ տեղային այլ խնդիրներ։
Վերոնշյալ բոլոր հիվանդություններն էլ բուժելի են։
Էստրոգենը և կրծքագեղձի քաղցկեղը
Կրծքագեղձի քաղցկեղի պատճառները ներառում են բազմաթիվ գործոններ։ Ապացուցված է, որ էստրոգենը կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճին։
Կանայք, ովքեր ավելի շատ են ենթարկվում են էստրոգենի ազդեցությանը (օրինակ՝ ավելի վաղ են հասել սեռահասունացման տարիքին կամ ավելի ուշ են տեսել դաշտանադադարը), ունեն այս հիվանդության նկատմամբ ավելի բարձր ռիսկ։ Նույն կերպ, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը նաև կարող է բարձրանալ այն կանանց մոտ, ում օրգանիզմում բնական ճանապարհով արտադրվում են էստրոգենի ավելի մեծ քանակներ։
Նույն մեխանիզմով, էստրոգեն պարունակող ՀՓԲ ստացող կանանց մոտ նույնպես մեծանում է հիվանդության առաջացման ռիսկը։
Եթե անհանգստացած եք, որ կարող եք ունենալ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2019
Վերջին վերանայում՝ 02-06-2024