Առողջական խնդիրներ
Վարժանքները և հոգեկան առողջությունը

3 րոպե
Ֆիզիկական վարժանքներն ունեն բազմաթիվ օգուտներ, ընդ որում, այդ օգուտները վերաբերում են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջությանը։
Վարժանքները ձեր գլխուղեղում խթանում են այնպիսի նյութերի արտադրությունը, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը և ուղեղի այն շրջանների գործունեությունը, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու գործընթացների համար։
Վարժանքների օգուտները
Վարժանքները կարող են օգնել, որ դուք ձեզ զգաք ավելի լավ, նույնիսկ եթե ինքնազգացողության հետ կապված որևէ խնդիր չունեք։
Վարժանքները կարող են նվազեցնել այնպիսի ծանր հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝
- սրտի իշեմիկ հիվանդություններ
- թոքային հիվանդություններ
- բարձր արյան ճնշում
- դիաբետ (շաքարախտ)
- գիրություն
- քաղցկեղ
- դեմենցիա և Ալցհեյմերի հիվանդություն
- Պարկինսոնի հիվանդություն։
Վարժանքներն օգնում են նաև ինսուլտից և տարբեր այլ հիվանդություններից ու վիճակներից վերականգնմանը։ Դրանք օգտակար են նաև, եթե ցանկանում եք նվազեցնել ձեր մարմնի կշիռը, ինչը բարերար ազդեցություն է թողնում ձեր ընդհանուր առողջության վրա և բարելավում է ձեր ինքնագնահատականը։
Վարժանքների օգուտները հոգեկան առողջության համար
Վարժանքները լավացնում են ձեր ինքնազգացողությունը, քանի որ գլխուղեղում խթանվում է տրամադրությունը բարելավող էնդորֆինների և սերոտոնինի արտադրությունը։ Վարժանքները նաև ձեզ «կտրում են» արտաքին աշխարհից և օգնում, որպեսզի կրճատվի միայնակության և մեկուսացման զգացումները, ձեռք բերեք նոր ծանոթություններ։
Վերջապես, վարժանքներն օգնում են ձեր քնի կարգավորմանը, որի օգտակարությունը դրսևորվում է տարբեր մեխանիզմներով։
Վարժանքները և գլխուղեղը
Վարժանքները մեծացնում են դեպի գլխուղեղ արյան հոսքը, որի շնորհիվ ձեր մտածողությունը կարող է դառնալ ավելի պարզ։
Ֆիզիկական կանոնավոր վարժանքները մեծացնում են գլխուղեղի «ծովաձի» (հիպոկամպ) կոչվող շրջանը, որը պատասխանատու է հիշողության համար։
Վարժանքները մեծացնում են նաև ուղեղի նյարդաբջիջների միջև կապերը, որը բարելավում է ձեր հիշողությունը և օգնում վնասվածքի կամ հիվանդությունների դեմ ուղեղի պաշտպանվածությանը։
Ինչքա՞ն վարժանքի կարիք դուք ունեք
Միջազգային հանրահայտ ուղեցույցները չափահաս մարդկանց խորհուրդ են տալիս շաբաթվա բոլոր օրերին օրական առնվազն 30 րոպե զբաղվել չափավոր ծանրաբեռնվածության վարժանքներով։ Դուք կարող եք այս 30 րոպեն «լրացնել» նաև ավելի կարճատև վարժանքներով (օրինակ՝ երկու անգամ 15-ական կամ երեք անգամ 10-ական րոպե)։
Վարժանքներ կատարելիս գիտակցվածության սենասը կարող է օգնել սթրեսի կրճատմանը և բարելավել ձեր հոգեկան գործունեությունը։
Կարելի է վարժանք համարել նաև ձեր առօրյա կյանքում ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործերով զբաղվելը՝ այգեգործություն, հեծանիվով աշխատանքի մեկնում, լող և այլն։
Զուգակցեք ձեր վարժանքները առողջ սննդակարգի հետ, որպեսզի բարձրացնեք վարժանքներին օգնող շարժառիթները և էներգիան։
Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: