Տարիքի հետ ձեր տեսողությունը փոփոխվում է, և բարձր տարիքում մեզնից շատերը ակնոցի կամ կոնտակտային լինզայի կարիք են ունենում:
Ձեզ ենք ներկայացնում որոշ հմտություններ, որոնք կօգնեն ձեր պարզ տեսողության պահպանմանը:
Կանոնավոր կերպով ստուգեք ձեր աչքերն ու տեսողությունը
Բոլորիս ծանոթ տեսողության ստուգումը միայն ակնոց ընտրելու համար չէ: Այն կարևոր նշանակություն ունի ձեր աչքերի առողջության պահպանման գործում:
Տեսողության ստանդարտ ստուգմամբ հնարավոր է հայտնաբերել աչքի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլաուկոման, կատարակտը և աչքի մելանոման (քաղցկեղի տեսակ), ինչպես նաև ընդհանուր առողջության խնդիրներ, այդ թվում՝ շաքարային դիաբետ և բարձր արյան ճնշում: Լավ տեսողությունը կարևոր է վայր ընկնելուց կամ ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ պատահական վնասվածքների ռիսկը նվազեցնելու համար:
Օկուլիստը մասնագետ-բուժքույր է, ով կարող է գնահատել ձեր տեսողությունը, սակայն կարող է նաև հայտնաբերել աչքի ծանր, այդ թվում՝ կուրության հասցնող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: Տեսողության ստուգումը ներառված է առողջության առաջնային պահպանման ծառայությունների ցանկում և մատչելի է բոլորի համար: Նույնիսկ եթե աչքերի հետ կապված որևէ խնդիր չունեք, յուրաքանչյուր երկու տարին մեկ խորհուրդ է տրվում ստուգել տեսողությունը:
Այսպիսի պարբերական ստուգումներից բացի, եթե զգում եք տեսողության հետ կապված լուրջ փոփոխություններ, նոր նշաններ կամ ախտանիշներ կամ ունեք աչքերի հարաճուն հիվանդություն, ուրեմն պետք է ակնաբույժի խորհրդավության այցելել ավելի հաճախակի:
Կրեք ճիշտ ակնոցներ կամ լինզաներ
Տեսողության ստուգումը թույլ է տալիս նաև համոզվել, որ ձեր կրած ակնոցը կամ լինզան լավագույնս են համապատասխանում ձեր տեսողությանը և, ըստ անհրաժեշտության, ընտրել նոր ակնոց կամ լինզա:
Ճիշտ ակնոցի կամ լինզայի կրումը կարևոր է ձեր կյանքի որակն ապահովելու և պատահական վնասվածքներից, այդ թվում՝ վայր ընկնելուց խուսափելու համար:
Ինչպե՞ս պահպանել աչքերի առողջությունը
Կանոնավոր կերպով տեսողությունը ստուգելուց և ճիշտ ակնոց կրելուց բացի դուք կարող եք նաև անել որոշ բաներ, որոնք կօգնեն ձեր աչքերը հնարավորինս առողջ պահպանելուն:
- Սնվեք լավ և ճիշտ. առողջ և ճիշտ հավասարակշռված սննդակարգը կարևոր է ձեր աչքերի համար: Բանջարեղեններով և մրգերով հարուստ սննդակարգը նպաստում է ձեր ընդհանուր առողջական բավարար վիճակի պահպանմանը և կարող է օգնել աչքի որոշ հիվանդություններից, օրինակ՝ տարիքային մակուլյար դեգեներացիայից և կատարակտից պաշտպանվելուն։
- Կրեք արևային (պաշտպանիչ) ակնոց. արևի ուժեղ ճառագայթները կարող են վնասել ձեր աչքերի ցանցաթաղանթը և բարձրացնել կատարակտի ռիսկը: Խիստ արևոր օրերին դրսում կրեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոց։
- Ձերբազատվեք ծխախոտից. եթե ծխող եք, ապա բարձրանում է տարբեր քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ տարիքի հետ կապված մակուլյար դեգեներացիայի և կատարակտի: Մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն:
- Պահպանեք առողջ քաշը. ավելորդ կիլոգրամները բարձրացնում են դիաբետի ռիսկը, որը կարող է բերել տեսողության խանգարման կամ կորստի:
- Օգտագործեք բավարար լուսավորություն. 60-ն անց տարիքում ձեր աչքերին անհրաժեշտ է 3 անգամ ավելի շատ լուսավորություն, քան եթե դուք լինեիք 20 տարեկան: Տան պատուհանները պահեք մաքուր, իսկ վարագույրերը՝ ետ քաշված, որպեսզի ձեր սենյակում ապահովեք բավարար ցերեկային լուսավորություն: Համոզվեք նաև, որ երեկոյան ժամերին էլեկտրական լուսավորությունը ևս բավարար է և դուք կարողանում եք հեշտությամբ տեսնել աստիճանները: Ընթերցեք ուղիղ լույսի, այլ ոչ թե ստվերի կամ անդրադարձող լույսի ներքո:
- Ֆիզիկական վարժանքներ. արյան լավ շրջանառությունը և թթվածինը կարևոր են ձեր աչքերի առողջության համար, և այս երկու գործոններն էլ խթանվում են կանոնավոր վարժանքների օգնությամբ:
- Քնեք լավ. երբ դուք քնում եք, ձեր աչքերը շարունակաբար օծվում են և մաքրվում օրվա ընթացքում կուտակվող տարբեր գրգռիչներից, օրինակ՝ փոշուց և ծխից:
Բարձր տարիքի աչքերի խնդիրներ
Տարիքի հետ կապված դուք դառնում եք աչքի և տեսողության որոշ խնդիրների նկատմամբ ավելի «խոցելի»:
- Կարդալու հետ կապված խնդիրներ. աչքի մկանները 45-ից սկսած աստիճանաբար թուլանում են: Սա տարիքային նորմալ փոփոխություն է, որը տեղի է ունենում բոլորիս հետ: Երբ դուք արդեն 60-ն անց եք, հավանաբար ընթերցելու համար կարիք կունենաք ձեր մշտական ակնոցից բացի կրելու առանձին` «կարդալու» ակնոց:
- «Թռչող ճանճեր». սրանք փոքր բծեր կամ կետեր են, որոնք ի հայտ են գալիս տեսադաշտում: Եթե դրանք տեսողությանը շատ չեն խանգարում, ապա անվնաս են, սակայն պահպանվելու կամ շատանալու դեպքում ակնաբույժը կարող է կասկածել որևէ առողջական խնդրի առկայության մասին:
- Կատարակտ. սա տեսողության ստուգմամբ հեշտ ախտորոշվող հիվանդություն է, որի հիմքում ընկած է ոսպնյակի պղտորումը: Կատարակտը խիստ տարածված է 60-ն անց մարդկանց շրջանում: Մշուշված տեսողությունը ոսպնյակի փոխարինման պարզ վիրահատությամբ շտկվում է:
- Գլաուկոմա. սա բարձր ներակնային ճնշմամբ պայմանավորված և տեսողական նյարդի վնասման հանգեցնող հիվանդություն է (վերջինս աչքը գլխուղեղին միացնող նյարդն է): Չբուժվելու դեպքում գլաուկոման բերում է «թունելային» տեսողության և, ի վերջո, հանգեցնում կուրության: Այնուամենայնիվ, բավականին վաղ հայտնաբերելիս, այս բարդություններից հնարավոր է խուսափել բժշկի նշանակած աչքի կաթիլների միջոցով:
- Տարիքային մակուլյար դեգեներացիա. սա ցանցաթաղանթի դեգեներատիվ հիվանդությունների մի խումբ է, որոնք առաջացնում են կենտրոնական տեսողության հարաճուն անդառնալի կորուստ, ինչն ազդում է մանրակրկիտ տեսողության, մեքենա վարելու, կարդալու և դեմքերը ճանաչելու վրա: Թեև որևէ վերջնական բուժում չունի, սակայն, կախված հիվանդության փուլից և տեսակից (թաց, չոր և այլ ձևեր), հնարավոր է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Որքան շուտ հայնտաբերվեց և բուժումը սկսվեց, այդքան ավելի շատ տեսողություն հնարավոր կլինի պահպանել: Ուստի, մակուլյար դեգեներացիայի հարաճուն զարգացման ռիսկը նվազեցնելու կամ դանդեղեցնելու համար խորհուրդ է տրվում աչքերի և տեսողության կանոնավոր ստուգում:
- Դիաբետիկ ռետինոպաթիա. շաքարային դիաբետով (շաքարախտ) մարդկանց մոտ կարող է զարգանալ տեսողության լուրջ կորուստ: Ուստի, եթե ունեք դիաբետ, պետք է մի կողմից ճիշտ վերահսկել ձեր արյան շաքարը (գլյուկոզա), իսկ մյուս կողմից պարբերաբար ստուգել տեսողությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-03-2021
Վերջին վերանայում՝ 03-05-2024