Կանացի տիպի մազաթափություն (ճաղատություն)
Մազաթափությունը և մասնակի կամ լրիվ ճաղատությունը միայն տղամարդկանց հատուկ խնդիր չէ և կանայք նույնպես կարող են որոշակի տարիքում առնչվել այս վիճակի հետ:
Կանանց մոտ մազաթափության ամենահաճախ հանդիպող տեսակը կանացի տիպի մազաթափությունն է:
Ի՞նչ է կանացի տիպի մազաթափությունը
Կանացի տիպի մազաթափությունը տերմին է, որն օգտագործվում է կանանց մոտ մազերի բարակեցման և կորստի վիճակը: Այն հայտնի է նաև կանանց մոտ անդրոգենետիկ ալոպեցիա:
Կանանց այս խնդիրը նման է տղամարդկային տիպի մազաթափությանը, սակայն մազերի բարակումը և կորուստն ընթանում է որոշակի տարբերությամբ: Մազերը սովորաբար սկսում են բարակել ամբողջ գանգամաշկի շրջանում և միայն հազվադեպ է, որ ճաղատացումը սկսվում է ճակատա-քունքային մազագծից կամ գլխի գագաթից:
Կանացի տիպի մազաթափությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Այն սովորաբար զարգանում է դանդաղորեն, սակայն կարող է նաև ի հայտ գալ նաև հանկարծակի:
Կանանց մոտ մազաթափությունը հաճախ զգալի դրսևորում է ստանում դաշտանադադարից հետո: Կանանց գրեթե կեսը մազաթափության խնդրին առնչվում են 50 տարեկանի շրջակայքում:
Կանացի տիպի մազաթափության պատճառները և տեսակները
Կանացի տիպի մազաթափության մեջ, անկասկած, ժառանգականությունն ունի իր դերը: Դուք կարող եք մազաթափության նկատմամբ հակվածություն ունենալ ինչպես ծնողներից մեկնումեկից, այնպես էլ երկուսից ժառանգված գեների պատճառով: Հնարավոր է, որ հորմոնները նույնպես նպաստում են այս խնդրի առաջացմանը և զարգացմանը:
Կանացի տիպի մազաթափությունը տարբերվում է օջախային մազաթափությունից, որը զարգանում է որպես աուտոիմուն խանգարման հետևանք և դրսևորվում ոչ միայն գլխի մազածածկ շրջանի, այլ նաև մարմնի այլ շրջանների մազերի կորստով:
Կանացի տիպի մազաթափության ախտորոշումը
Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե նկատել եք, որ ձեր վարսերը բարակել են կամ կորցրել իրենց որակը: Որևէ խնդիր կասկածելու դեպքում նա ձեզ կուղեգրի մաշկաբանի խորհրդատվության:
Եթե ձեզ մոտ առկա է ակնե (կորյակ), անկանոն դաշտան կամ մարմնի ավելցուկային մազակալում, բժիշկը հավանաբար կառաջարկի հորմոնների ստուգում կամ կբացառի պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի առկայությունը:
Որոշ դեպքերում կարող է առաջանալ նաև գանգամաշկից փոքր քսուկ վերցնելու և հետազոտելու կարիք:
Կանացի տիպի մազաթափության բուժումը
Բուժման գլխավոր նպատակը մազաթափության ընթացքը դանդաղեցնելն է կամ լավագույն դեպքում մազերի կորուստը կանխելը: Բուժումը կարող է նաև խթանել մազերի աճը, սակայն այն կարող է որոշակի արդյունավետություն դրսևորել ոչ բոլոր կանանց մոտ:
Բժիշկը կարող է ձեզ նշանակել Մինօքսիդիլ կամ այս դեղը պարունակող կրեմ: Մինօքսիդիլ պարունակում են նաև մազաթափության դեմ արտադրվող տարբեր լոսյոններում: Կարևոր է, որպեսզի դուք մինչև նման միջոցներ օգտագործելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Մինչ օրս մազաթափության լազերային բուժման, շիճուկի ներակման, «մազի տոնիկների» և սննդանյութային հավելումների արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան:
Ինչպե՞ս առերեսվել մազաթափության փաստի հետ
Որոշ կանանց համար մազաթափությունը կարող է դառնալ մեծ ողբերգության և ինքնագնահատականի անկման պատճառ: Մյուսները կարող են ընդունել, որ այս վիճակն անշրջելի է, հարմարվեն իրականության հետ և շարունակեն իրենց կյանքն այնպես, ինչպես որ կար մինչև այս խնդրի ի հայտ գալը կամ խորանալը:
Որոշ կանանց համար կեղծամ, գլխաշոր կամ գլխարկ կրելը բավարար է: Մյուսները կարող են օգտագործել բարակող կամ կոտրտվող մազերի խնամքի նյութեր կամ պարագաներ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021