Քաղցկեղի բուժումը կարող է մեծ հետևանքներ թողնել պտղաբերության վրա: Իմացեք փաստեր պտղաբերության պահպանման տարբերակների մասին և այն, թե ինչպես ընտրել ձեզ համար լավագույն մեթոդը:
Եթե ստանում եք բուժում քաղցկեղի դեմ, կարող եք պտղաբերության պահպանման (պրեզերվացիայի) վերաբերյալ ունենալ տարբեր հարցեր: Իմացեք, թե ինչպես կարող է քաղցկեղի բուժումն ազդել երեխա ունենալու ձեր կարողության վրա, ինչպես նաև, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել պտղաբերության պահպանման համար՝ նախքան քաղցկեղի բուժումը սկսելը:
Ինչպե՞ս է քաղցկեղի բուժումն ազդում պտղաբերության վրա
Քաղցկեղի բուժման որոշ միջոցներ կարող են վնասել պատճառել ձեր պտղաբերությանը: Հետևանքները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական (անդառնալի): Հավանականությունը, որ քաղցկեղի բուժումը կվնասի ձեր պտղաբերությանը, կախված է քաղցկեղի տեսակից և փուլից, քաղցկեղի բուժման տեսակից և բուժման պահին ձեր տարիքից: Քաղցկեղի բուժումը և դրանց հետևանքները կարող են ներառել հետևյալը:
- Վիրահատություն. պտղաբերությունը կարող է տուժել ամորձիների, արգանդի կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով:
- Քիմիոթերապիա. հետևանքները կախված են նշանակված դեղամիջոցից և դրա դեղաչափից: Առավել մեծ վնաս պատճառում են ալկիլացնող նյութեր կոչվող դեղամիջոցները և Ցիսպլատին դեղամիջոցը: Ավելի երիտասարդ կանայք, ովքեր ստանում են քիմիոթերապիա, ավելի քիչ հավանական է, որ դառնան անպտղունակ, քան ավելի մեծ կանայք:
- Ճառագայթում (ռադիոթերապիա). ճառագայթային թերապիան կարող է ավելի շատ վնասել պտղաբերությանը, քան քիմիաթերոպիան՝ կախված ճառագայթման դաշտի տեղակայությունից և չափից, ինչպես նաև ճառագայթման չափաքանակից: Օրինակ, ճառագայթման բարձր չափաբաժինները կարող են ոչնչացնել ձվարանների մի մասը կամ դրանց բոլոր ձվաբջիջները:
- Քաղցկեղի այլ դեղամիջոցներ. որոշ քաղցկեղների, այդ թվում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար օգտագործվող հորմոնային թերապիաները կարող են ազդել պտղաբերության վրա: Բայց հետևանքները հաճախ դարձելի են: Երբ բուժումը դադարեցվի, պտղաբերությունը կարող է վերականգնվել:
Ե՞րբ է պետք խոսել բժշկի հետ պտղաբերության պահպանման մասին
Եթե նախատեսում եք քաղցկեղի բուժում և ցանկանում եք պահպանել ձեր պտղաբերությունը, որքան հնարավոր է շուտ խոսեք ձեր բժշկի և պտղաբերության մասնագետի հետ: Պտղաբերության մասնագետը կարող է օգնել ձեզ հասկանալու ձեր տարբերակները, պատասխանել ձեր հարցերին և հանդես գալ որպես ձեր պտղաբերության պաշտպան ձեր ողջ բուժման ընթացքում:
Ձեր պտղաբերությունը կարող է վնասվել քաղցկեղի թերապիայի հենց առաջին սեանսից, և կանանց պտղաբերության պահպանման որոշ մեթոդներ սովորաբար ձեռնարկվում են դաշտանային ցիկլի որոշակի փուլերում: Հարցրեք՝ արդյո՞ք ձեզ անհրաժեշտ կլինի հետաձգել քաղցկեղի բուժումը՝ պտղաբերության պահպանման քայլեր նախաձեռնելու համար, և եթե այո, ինչպե՞ս դա կարող է ազդել ձեր քաղցկեղի վրա:
Ինչպե՞ս կարող են կանայք պահպանել պտղաբերությունը մինչև քաղցկեղի բուժումը
Կանայք, ովքեր պատրաստվում են քաղցկեղի բուժման անցնել, ունեն պտղաբերության պահպանման բազմաթիվ տարբերակներ: Ահա որոշ օրինակներ:
- Սաղմի կրիոպահպանում. այս միջոցառումը ներկայացնում է ձվաբջիջների հավաքում, դրանք բեղմնավորում և սառեցում՝ հետագայում իմպլանդացիայի համար: Հետազոտությունները վկայում են, որ դեպքերի 90%-ում սաղմերը կարող են գոյատևել սառեցման և հալման գործընթացները:
- Ձվաբջջի սառեցում (օոցիտի կրիոպահպանում). այս միջոցառման ընթացքում հավաքվում և սառեցվում են ձեր չբեղմնավորված ձվաբջիջները: Մարդկային ձվաբջիջները չեն դիմանում սառեցմանն այնպես, ինչպես մարդկային սաղմերը:
- Ճառագայթային պաշտպանություն. այս դեպքում ձվարանների վրա տեղադրվում են փոքր կապարե վահաններ՝ դրանց վրա ճառագայթման ազդեցությունը նվազեցնելու համար:
- Ձվարանների տրանսպոզիցիա (օոֆորոպեքսիա). այս վիրահատական միջամտության ընթացքում ձվարանների դիրքը փոփոխովում է այնպես, որ դրանք դուրս լինեն ճառագայթման դաշտից: Այնուամենայնիվ, ցրված ճառագայթման պատճառով ձվարանները միշտ չէ, որ պաշտպանված են: Բուժումից հետո հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի երկրորդ վիրահատությամբ ձեր ձվարանները վերադարձնել իրենց նախկին դիրք՝ հղիանալու համար:
- Վզիկի վիրաբուժական հեռացում. արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում բուժելու համար արգանդի վզիկի մեծ կոնաձև հատվածը, ներառյալ՝ քաղցկեղային հատվածը, հեռացվում է (կոչվում է արգանդի վզիկի կոնիզացիա), իսկ արգանդի վզիկի և արգանդի մնացած հատվածները պահպանվում են: Որպես այլընտրանք, վիրաբույժը կարող է մասամբ կամ ամբողջությամբ հեռացնել արգանդի վզիկը և արգանդի և վզիկի հարևանությամբ գտնվող շարակցական հյուսվածքները (ռադիկալ տրախելէկտոմիա):
Ինչպե՞ս կարող են տղամարդիկ պահպանել պտղաբերությունը մինչև քաղցկեղի բուժումը
Տղամարդիկ նույնպես կարող են նախքան քաղցկեղի բուժման անցնելը քայլեր ձեռնարկել իրենց պտղաբերությունը պահպանելու համար: Ահա երկու օրինակ:
- Սերմի կրիոպահպանում. այս միջոցառման դեպքում սերմնահեղուկը սառեցվում և պահպանում է պտղաբերության կլինիկայում կամ սերմնաբջիջների բանկում՝ հետագայում օգտագործելու համար: Սառեցված նմուշները կարող են պահպանվել տարիներ շարունակ:
- Ճառագայթային պաշտպանություն. այս դեպքում ամորձիների վրա տեղադրվում են փոքր կապարե վահաններ՝ դրանց վրա ճառագայթման ազդեցությունը նվազեցնելու համար:
Ի՞նչ կարող են անել ծնողները քաղցկեղով հիվանդ երեխայի պտղաբերությունը պահպանելու համար
Պտղաբերության հետ կապված հարցերը նաև պետք է քննարկվեն քաղցկեղից բուժվող երեխաների դեպքում՝ նրանց հասունացումից հետո հնարավորինս շուտ: Մինչև որևէ միջամտություն ձեռնարկելը, անհրաժեշտ կլինի ձեր և ձեր երեխայի համաձայնությունը:
Եթե ձեր երեխան մտել է սեռահասունության շրջան, քննարկվող տարբերակները կարող են լինել ձվաբջիջների կամ սերմնահեղուկի կրիոպահպանումը:
Աղջիկները, ովքեր քաղցկեղի դեմ բուժում են ստացել մինչև սեռական հասունացումը, կարող են ընտրել ձվարանների հյուսվածքի կրիոպահպանումը: Այս միջամտության դեպքում ձվարանների հյուսվածքը վիրահատական ճանապարհով հեռացվում է, սառեցվում, իսկ ավելի ուշ՝ հալվեցվում և նորից պատվաստվում ձվարանի մեջ: Մինչև սեռահասունացումը քաղցկեղի դեմ բուժում ստացած տղաների պարագայում հետազոտվում է ամորձու հյուսվածքի վրահատական հեռացման և սառեցման տարբերակը:
Կարո՞ղ է արդյոք պտղաբերության պահպանումը խանգարել քաղցկեղի հաջող բուժմանը կամ մեծացնել քաղցկեղի կրկնության ռիսկը
Որևէ ապացույց չկա, որ պտղաբերության պահպանման ժամանակակից մեթոդները կարող են անմիջականորեն վտանգել քաղցկեղի բուժման հաջողությունը: Հակառակ դրան, դուք կարող եք վատթարացնել ձեր բուժման արդյունքները, եթե հետաձգեք ձեզ առաջարկված վիրահատությունը կամ քիմիոթերապիան՝ պտղաբերության պահպանման համար:
Պտղաբերության պահպանման մեթոդների մեծ մասի հետ կապված կրկնվող քաղցկեղի ռիսկը հավանաբար չի մեծանում: Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ, կախված քաղցկեղի տեսակից և փուլից, սառեցված հյուսվածքի վերապատվաստումը կարող է նորից օրգանիզմ ներմուծել քաղցկեղային բջիջներ:
Կարո՞ղ է արդյոք քաղցկեղի բուժումը մեծացնել դրանից հետո հղիացած երեխաների առողջական խնդիրների ռիսկը
Քանի դեռ ձեր արգանդում աճող երեխային չեք ենթարկում քաղցկեղի բուժման ազդեցությանը, այն չի մեծացնում ապագա երեխաների համար բնածին արատների կամ այլ առողջական խնդիրների ռիսկը:
Այնուամենայնիվ, եթե ստանում եք քաղցկեղի բուժում, որն ազդում է ձեր սրտի կամ թոքերի գործունեության վրա կամ եթե ստանում եք ճառագայթում փոքր կոնքի շրջանում, նախքան հղիանալը խորհրդակցեք մասնագետի հետ՝ նախապատրաստվելու հղիության հնարավոր բարդություններին:
Ինչպե՞ս կարող եմ որոշել ինձ համար պտղաբերության պահպանման լավագույն տարբերակը
Ձեր բժշկական թիմը կքննարկի ձեր ունեցած քաղցկեղի տեսակը, ձեր բուժման ծրագիրը և այն ժամանակային «պատուհանը», որն ունեք մինչև բուժումը սկսելը, որ որոշի ձեզ համար լավագույն մոտեցումը:
Քաղցկեղի ախտորոշումը և բուժման գործընթացը ճնշող ժամանակներ են: Այնուամենայնիվ, եթե մտահոգված եք, որ քաղցկեղի բուժումը կազդի ձեր պտղաբերության վրա, իմացեք, որ ունեք տարբերակներ: Մի՛ հետաձգեք ձեր որոշումը: Քաղցկեղի բուժումը սկսելուց առաջ պտղաբերության պահպանման մեթոդների մասին տեղեկություններ ստանալը կարող է օգնել ձեզ, որ իրազեկված ընտրություն կատարեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024