Skip to main content

Ֆոլաթթու - Վիտամիներ և միներալներ

​Ֆոլատը վիտամին է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի նորմալ աճի ու զարգացման համար։

Այս վիտամինի կարիք ունեն բոլոր մարդիկ, սակայն հղի կանայք ունեն առանձնահատուկ պահանջ, քանի որ ֆոլատի պակասը կարող է առաջացնել պտղի նյարդային խողովակի արատ։

Ի՞նչ է ֆոլատը

Ֆոլատը B խմբի վիտամիններից մեկն է։ Այն կոչվում է ֆոլատ, երբ բնական վիճակում հանդիպում է սննդամթերքներում և ֆոլաթթու, երբ արտադրվում է որպես սննդային հավելում։

Ֆոլատը երբեմն անվանում են նաև վիտամին B9, որով ընդգծվում է այս նյութի պատկանելիությունը B խմբի վիտամիններին։ Ֆոլատը կենսական նշանակություն ունի առողջ աճի և զարգացման գործընթացներում։

Ի՞նչ է անում ֆոլատը

Ձեր օրգանիզմն օգտագործում է ֆոլատը, որ՝

  • ստեղծի ԴՆԹ
  • ստեղծի արյան կարմիր գնդիկներ (էրիթրոցիտներ)
  • աճեն և վերականգնվեն բջիջներն ու հյուսվածքները։

Ֆոլատը առանձնակի նշանակություն ունի հղի կանանց համար, քանի որ ուղղակիորեն մասնակցում է 5-6 շաբաթական պտղի նյարդային խողովակի նորմալ աճի ու զարգացման գործընթացներին։ Նյարդային խողովակը բջիջների շերտ է, որից ավելի ուշ ձևավորվում են պտղի կենտրոնական նյարդային համակարգը՝ գլխուղեղն ու ողնուղեղը։ Երբ այս խողովակը նորմալ չի զարգանում, զարգանում է արատ, որը կոչվում է «սպինա բիֆիդա»։

Ֆոլատով հարուստ մթերքներ

Քանի դեռ չունեք լրացուցիչ ֆոլատի կարիք (օրինակ՝ հղիության վաղ շրջանում), կարող եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ ֆոլատի քանակները ստանալ ձեր սննդակարգով։

Կան սննդամթերքներ, որոնք բնական վիճակում պարունակում են ֆոլատի համեմատաբար մեծ քանակներ և կան այլ սննդամթերքներ, որոնց ավելացված է ֆոլաթթու, օրինակ՝ հացամթերքներ, մրգահյութեր, նախաճաշի «փաթիլներ» և այլն: Ֆոլատի քանակությունը չափվում է միկրոգրամներով (մկգ) (1 գրամ = 1000000 մկգ):

  • կանաչատերև բանջարեղեններ, օրինակ՝ սպանախ, 131 մկգ՝ կես բաժակում
  • ոլոռազգիներ, օրինակ՝ սևաչք ոլոռ, 105 մկգ՝ կես բաժակում
  • բրինձ՝ 90 մկգ՝ կես բաժակում
  • ավոկադո՝ 59 մկգ՝ կես բաժակում
  • մրգեր, օրինակ, փոքր նարինջը պարունակում է 29 մկգ
  • տավարի լյարդ, օրինակ՝ շոգեխաշած լյարդը պարունակում է 21 մկգ՝ 85 գրամում։

Ինչքա՞ն ֆոլատի կարիք ես ունեմ

Յուրաքանչյուր մարդ ունի ֆոլատի կարիք, սակայն օրական պահանջվող քանակները կախված են ձեր տարիքից և այլ գործոններից։ Հեղինակավոր ուղեցույցները և չափորոշիչները խորհուրդ են տալիս ֆոլատի հետևյալ քանակները։

Երեխաներ՝

  • 1-3 տարեկան՝ 150 մկգ /օր
  • 4-8 տարեկան՝ 200 մկգ/օր
  • 9-13 տարեկան՝ 300 մկգ/օր
  • 14-17 տարեկան՝ 400 մկգ/օր։

Չափահասներ՝

  • 18 տարեկան և ավելի մեծ (տղամարդիկ և ոչ հղի կանայք)՝ 400 մկգ/օր
  • կրծքով կերակրող կանայք՝ 500 մկգ/օր
  • հղի կանայք՝ 600 մկգ/օր։

Եթե նախատեսում եք հղիանալ կամ հղիության վաղ փուլերում եք, լավագույն տարբերակը ֆոլաթթվի ամենօրյա հավելում ընդունելն է, ինչպես նաև ֆոլատով հարուստ մթերքներով սնվելը։ Որոշ կանայք կարող են ունենալ ֆոլատի ավելի մեծ քանակների պահանջ, ուստի անպայման այցելեք և զրուցեք ձեր բժշկի հետ այս և հարակից այլ թեմաների շուրջ։

Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024