Ֆոլատը և հղիությունը
17-05-2020
2 րոպե

Ֆոլատը և ֆոլաթթուն կարևոր են հղիության համար, քանի որ դրանք օգնում են այնպիսի բնածին արատների կանխարգելմանը, ինչպիսիք են նյարդային խողովակի արատները, օրինակ՝ սպինա բիֆիդան:
Ֆոլատը հանդիսանում է B խմբի վիտամին և անհրաժեշտ է առողջ աճի և զարգացման համար:
Այս վիտամինը հայտնի է որպես «ֆոլատ», երբ բնական է և հայտնաբերվում է տարբեր սննդամթերքներում (օրինակ՝ կանաչ տերևավոր բանջարեղեններ) և որպես «ֆոլաթթու», երբ ավելացվում է սննդամթերքներին (օրինակ՝ հաց կամ նախաճաշի փաթիլներ) կամ օգտագործվում որպես սննդային հավելում:
Ապացուցված է, որ ֆոլատն առանձնահատուկ նշանակություն ունի նյարդային համակարգի զարգացման և նորածինների մոտ նյարդային խողովակի արատները, օրինակ՝ սպինա բիֆիդան կանխարգելելու համար:
Սպինա բիֆիդան ամենատարածված բնածին արատներից է: Այն զարգանում է հղիության առաջին շաբաթներին, երբ սաղմի գլխուղեղը և ողնուղեղը նոր սկսում են ձևավորվել: Նյարդային խողովակի արատները կարող են կանխարգելվել, եթե դուք մինչև հղիանալը և վաղ հղիության շրջանում ընդունեք բավարար քանակով ֆոլատ:
Դուք կարող եք բավարար ֆոլատ ստանալ, եթե սննդակարգում ավելացնեք ֆոլատով հարուստ սննդամթերքներ կամ խմեք հավելում:
Ֆոլաթթվի հավելումներ
Ֆոլաթթվի հավելումներն ազատ վաճառվում են դեղատներում: Դրանք առկա են տարբեր դեղաչափերով:
Որոշ կանայք ունեն ֆոլատի ավելի մեծ պահանջարկ, քան մյուսները, ուստի զրուցեք ձեր բժշկի հետ, թե ֆոլաթթվի ո՞ր դեղաչափն է ձեզ ամենահամապատասխանողը:
Ընդհանուր առմամբ, երբ ցանկանում եք հղիանալ կամ վաղ հղիության փուլում եք, ամենայն հավանականությամբ ձեզ անհրաժեշտ է այնպիսի հավելում, որը պարունակում է առնվազն 400 միկոգրամ (մկգ) ֆոլաթթու: Ֆոլաթթվի նման քանակներ պարունակում են միայն ֆոլաթթվից կազմված կամ հատուկ հղության համար նախատեսված սննդային հավելումները, իսկ մուլտիվիտամինային հավելումները սովորաբար չունեն բավարար ֆոլաթթու:
Բավարար ֆոլաթթու ստանալու լավագույն տարբերակն այն է, որ դուք սկսեք ընդունել ֆոլաթթվային հավելում հղիանալուց առնվազն մեկ ամիս առաջ և շարունակեք այն հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Հղիության առաջին եռամսյակից հետո դուք այլևս ֆոլաթթվի հավելում ընդունելու կարիք չեք ունենա:
Ֆոլատով հարուստ սննդամթերքներ
Բազմաթիվ սննդամթերքներ հարուստ են բնական ֆոլատով: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ֆոլատը ջրալուծ է և հեշտությամբ քայքայվում է կերակուր պատրաստելիս և ջերմային մշակման ժամանակ: Ուստի խորհուրդ է տրվում բանջարեղենները թույլ մշակման ենթարկել կամ օգտագործել հում վիճակում: Եթե բանջարեղենային կերակուր եք պատրաստում, ապա բավարարվեք միկրոալիքային վառարանով կամ խաշելով:
Բնական ֆոլատի լավ աղբյուր են համարվում հետևյալ մթերքները՝
- բանջարեղեններ (օրինակ՝ բրոկոլի, բրուսելյան կաղմաբ, կաղամբ, ծաղկակաղամբ, անգլիական սխանախ, կանաչ ոլոռ, հազար (կաթնուկ), սնկեր, վայրի գազար, եգիպտացորեն, ցուկինի)
- մրգեր (օրինակ՝ ավոկադո, գրեյպֆրութ, նարինջ)
- ոլոռազգիներ (օրինակ՝ սիսեռ, սոյա, լունաձև սիսեռ, կարմիր լոբի, ոսպ և այլն)
- ձու
- ընկույզներ
- հյութեր (ավելի շատ՝ խնձորի և նարնջի հյութեր):
Կան նաև սննդամթերքներ, որոնք հարստացված են ֆոլաթթվով, օրինակ՝ հաց, նախաճաշի փաթիլներ և այլն:
Ֆոլաթթվի բարձր դեղաչափեր
Որոշ կանանց մոտ առկա է հղիության ընթացքում պտղի մոտ նյարդային խողովակի արատի զարգացման բարձր ռիսկ: Նման դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ ֆոլաթթվի բարձր դեղաչափ, օրինակ՝ օրական 5 միլիգամ (մգ) մինչև հղիության 12-րդ շաբաթը:
Այս առումով կանայք կարող են դասվել բարձր ռիսկի խմբում, եթե՝
- նրանք կամ նրանց սեռական զուգընկերներն ունեն նյարդային խողովակի արատ
- նրանք կամ նրանց սեռական զուգընկերներն ունեն նյարդային խողովակի արատի ընտանեկան պատմություն
- նրանց նախորդ հղիության ժամանակ տեղ է գտել նյարդային խողովակի արատ
- նրանք ունեն դիաբետ:
Ի լրումն, այն կանայք, ովքեր ստանում են հակաէպիլեպտիկ դեղեր, պետք է խորհրդակցեն բժշկի հետ, քանի որ ևս կարող են ունենալ ֆոլաթթվի բարձր դեղաչափի կարիք:
Եթե կարծում եք, որ դուք պատկանում եք վերևում թվարկված խմբերից մեկնումեկին, ապա զրուցեք ձեր բժշկի հետ ֆոլաթթվի բարձր դեղաչափ ստանալու թեմայով: Բժիշկը նաև կարող է ձեզ խորհուրդ տալ, որ հղիության ընթացքում անցնեք որոշ սքրինինգային հետազոտություններ:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021