Skip to main content

Վրդովմունքի կառավարում - Առողջ ապրելակերպ

Երբ ինչ-որ մեկը, ում նկատմամբ անտարբեր չեք, վիրավորում է ձեզ, դուք կարող եք «ներս գցել» և հիշել ձեր զայրույթն ու վրդովմունքը կամ ներել նրան և առաջ շարժվել:

Ո՞վ չի վիրավորվել մեկ ուրիշի արարքներից կամ խոսքերից: Օրինակ՝ ձեր ծնողներից մեկնումեկն անընդհատ հանդիմանել է ձեզ, երբ մեծանում էիք, կամ գործընկերը կանխամտածված ձախողել է ձեր նախագիծը, կամ էլ ձեր զուգընկերը սիրավեպ է ունեցել մեկ այլ մարդու հետ: Կամ գուցե տրավմատիկ միջադեպ եք ունեցել, օրինակ՝ ֆիզիկական կամ հուզական բռնության եք ենթարկվել ձեր մտերիմներից մեկի կողմից: Այս «վերքերը» կարող են թողնել տևական կամ անջնջելի վրդովմունքի, դառնության և զայրույթի, իսկ երբեմն՝ նույնիսկ ատելության զգացումներ:

Բայց, եթե փորձեք պահպանել կամ մոռացության չմատնել այդ ցավն ու վիրավորանքը, կարող եք դառնալ ամենաթանկը վճարողը: Փոխարենը, դրսևորելով ներողամտություն՝ դուք կարող եք հասնել ներքին խաղաղության: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող է ներողամտությունը ձեզ պարգևել ֆիզիկական, հուզական և հոգևոր բարեկեցություն:

Ի՞նչ է ներողամտությունը

Տարբեր մարդկանց համար ներելը ստանում է տարբեր իմաստ ու բովանդակություն: Սակայն, ընդհանուր առմամբ, այն ենթադրում է վրովմունքն ու զայրույթը մի կողմ թողնելու վերաբերյալ կանխամտածված որոշում ընդունելը:

Այն արարքը, որը ձեզ վիրավորել կամ ցավ է պատճառել, կարող է դառնալ ձեր մշտական ուղեկիցը: Սակայն, ներելու փաստը կարող է նվազեցնել այդ արարքի բացասական ազդեցությունը ձեզ վրա: Այն օգնում է ձեզ ազատելու ձեր ուղեղին հանգիստ չտվող հիշաչարությունից և այն անձի վերահսկողությունից, ով ձեզ վնաս է պատճառել: Երբեմն ներողամտությունը նույնիսկ կարող է հանգեցնել փոխըմբռնման, ապրումակցման և կարեկցանքի զգացումների այն անձի նկատմամբ, ով վիրավորել էր ձեզ:

Ներելը բնավ չի նշանակում մոռանալ կամ արդարացնել քեզ հասցված վնասը: Այն նաև չի պարտադրում, որ դուք շարունակեք շփվել ձեզ վնաս պատճառած անձի հետ: Ներողամտությունը պարզապես բերում է հոգեկան հանդարտության և խաղաղության մի վիճակի, որը թույլ է տալիս կենտրոնանալ ինքներդ ձեզ վրա և օգնում է շարունակել կյանքը:

Որո՞նք են որևէ մեկին ներելու օգուտները

Վրդովմունքից ու ներքին դառնությունից մի քայլ առաջ անցնելը կարող է բարելավվել ձեր առողջությունը և հոգեկան հանգստությունը: Ներողամտությունը կարող է հանգեցնել՝

  • ավելի առողջ փոխհարաբերությունների
  • հոգեկան առողջության բարելավման
  • անհանգստության, սթրեսի և թշնամանքի նվազեցման
  • քնի կարգավորման
  • դեպրեսիայի (ընկճվածության) ախտանիշների քչացման և թուլացման
  • արյան ճնշման կարգավորման (նվազեցման)
  • իմունային համակարգի ամրապնդման
  • սրտի առողջության բարելավման
  • ինքնագնահատականի բարելավման:

Ինչո՞ւ է վիրավորանքը պահելն այդքան հեշտ

Ինչ-որ մեկի կողմից վիրավորված լինելը, հատկապես նրանից, ում սիրում և վստահում եք, կարող է առաջացնել զայրույթ, տխրություն և շփոթություն: Եթե կառչած մնաք վիրավորական միջադեպից կամ իրավիճակից, կարող եք նպաստել վիրավորանքով և թշնամանքով լցված վրդովմունքի արմատավորմանը: Եթե թույլ տաք, որ բացասական զգացմունքները դուրս մղեն դրականները, կարող եք հայտնվել մի անելանելի իրավիճակում, երբ դառնությունը կամ անարդարության զգացումները «կուլ են տվել» ձեր մտքերն ու բանականությունը, իսկ հիշաչարությունը թույլ չի տալիս, որ կենտրոնանաք ձեր գործերի վրա։

Որոշ մարդիկ բնատուր ավելի ներողամիտ են, քան մյուսները: Բայց, նույնիսկ եթե ունեք ոխ պահելու հակում, գրեթե բոլորը կարող են սովորել լինել ավելի ներողամիտ:

Որո՞նք են վիրավորանքը հիշելու ազդեցությունները

Եթե ներողամիտ գտնվելու հարցում դժվարանում եք և ներքին պայքարների մեջ եք, ապա կարող եք՝

  • ձեր բարկությունը և ներքին դառնությունը փոխանցել նոր փոխհարաբերություններին և իրավիճակներին
  • այնպես խճճվել անցյալի վերաբերյալ մտորումների մեջ, որ չկարողանաք վայելել ներկան
  • դառնալ ընկճված, դյուրագրգիռ կամ անհանգիստ
  • զգալ, որ սկսել եք դեմ գնալ ձեր համոզմունքներին
  • կորցնել արժեքավոր և փոխշահավետ կապերն այլ մարդկանց հետ:

Ինչպե՞ս կարող եմ հասնել ներման վիճակին

Ներելը փոփոխվելու պատրաստակամությունն է: Այն պահանջում է պրակտիկա: Դեպի ներողամիտ գտնվելու ձեր դժվարին որոշմանն առաջ գնալիս դուք կարող եք՝

  • գիտակցել ներման արժեքը և այն, թե ինչպես կարող է այն բարելավել ձեր կյանքը
  • հասկանալ, թե ինչը փոփոխման կարիք ունի և ում եք պատրաստվում ներել
  • միանալ փոխօգնության խմբին կամ այցելել խորհրդատուին
  • նույնականացնել ձեր վիրավորական զգացմունքները, հասկանալ, թե ինչպես են դրանք ազդում ձեր վարքագծի վրա և աշխատել դրանցից ազատվելու վրա
  • որոշում կայացնել ձեզ վիրավորած անձին ներելու մասին
  • ազատվել այն վերահսկողությունից և ազդեցությունից, որոնք ձեզ վիրավորող անձը կամ իրավիճակը թողել են ձեր կյանքի վրա:

Ի՞նչ տեղի կունենա, եթե ես չկարողանամ ներել մեկին

Ներողամիտ լինելը կարող է դժվարին գործ լինել, հատկապես, եթե այն մարդը, ով վիրավորել է քեզ, չի ընդունում իր մեղքը: Եթե գտնում եք, որ չեք կարողանում ներելու որոշում կայացնել, հետևեք այս խորհուրդներին:

  • Կիրառեք ապրումակցման մոտեցում: Փորձեք իրավիճակը գնահատել դիմացինի տեսանկյունից։
  • Հարցրեք ինքներդ ձեզ այն հանգամանքների մասին, որոնք կարող էին դրդել դիմացինին նման վարքագծի: Միգուցե դուք նույն կերպ արձագանքեիք, եթե առնչվեիք նույն իրավիճակին։
  • Հիշեք այն ժամանակները, երբ ուրիշները ներել են ձեզ:
  • Գրեք ձեր օրագրում, աղոթեք կամ օգտագործեք ուղղորդող մեդիտացիա: Կամ խոսեք մի մարդու հետ, ում համարում եք, որ իմաստուն և կարեկից է, օրինակ՝ հոգևոր առաջնորդի, հոգեկան առողջության մասնագետի կամ անկողմնակալ սիրելի մարդու կամ ընկերոջ հետ:
  • Նկատի ունեցեք, որ ներումը գործընթաց է: Նույնիսկ փոքր ցավերը կարող են նորից ու նորից գնահատվել և ներվել:

Արդյո՞ք ներումը երաշխավորում է հաշտությունը

Եթե վիրավորական իրադարձությունը վերաբերել է մեկին, ում հետ ձեր փոխհարաբերությունները գնահատում եք, ներումը կարող է հանգեցնել հաշտության: Բայց միշտ չէ, որ դա այդպես է:

Հաշտեցումը կարող է անհնարին լինել, եթե ձեզ վիրավորած անձը մահացել է կամ չի ցանկանում շփվել ձեզ հետ: Այլ դեպքերում, հաշտեցումը կարող է տեղին չլինել: Այնուամենայնիվ, ներողամտությունը հնարավոր է, նույնիսկ եթե հաշտություն չկա:

Ի՞նչ անել, եթե այն մարդը, ում ես ներում եմ, չի փոխվում

Ներողամիտ վերաբերմունքի նպատակն այլ մարդուն փոխելը չէ: Խոսքը կենտրոնանալու մասին է, թե ինչ կարող եք վերահսկել այստեղ և հիմա: Ավելի շատ մտածեք ներման մասին այն տեսանկյունից, թե ինչպես դա կարող է փոխել ձեր իսկ կյանքը՝ բերելով ձեզ խաղաղություն, երջանկություն և զգացմունքային և հոգևոր ամոքում: Ներելը կարող է պարպել այն ազդեցությունը, որը դիմացինը շարունակում է ունենալ ձեր կյանքում:

Ի՞նչ անել, եթե ինքս ներման կարիք ունեմ

Առաջին քայլն այն է, որ անկեղծորեն գնահատեք և ընդունեք ձեր կատարած սխալները և այն, թե ինչպես են դրանք ազդել ուրիշների վրա: Խուսափեք ինքներդ ձեզ չափազանց խիստ մեղադրելուց:

Եթե իսկապես զղջում եք ձեր ասածի կամ արածի համար և ցանկանում եք ներում ստանալ, մտածեք այն մասին, որ դիմեք նրանց, ում վիրավորել եք: Խոսեք ձեր անկեղծ վշտի կամ ափսոսանքի մասին: Ներողություն խնդրեք առանց արդարացումների:

Դուք չեք կարող ստիպել ինչ-որ մեկին, որ ների ձեզ: Մյուսները նույնպես ներողամիտ գտնվելու համար որոշակի ժամանակ պետք է անցնեն: Կրկին հիշեք, որ ներումը միանգամյա գործողություն չէ, այլ՝ գործընթաց: Ինչ էլ որ պատահի, պատրաստ եղեք այլ մարդկանց վերաբերվել կարեկցանքով, ապրումակցումով և հարգանքով:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-05-2024
Վերջին վերանայում՝ 24-05-2024