Երբ բժիշկը ձեզ որևէ դեղ է նշանակում, կարող է ձեզ հարցնել՝ արդյոք նախընտրում եք օրիգինալ դեղը, թե գեներիկ այլընտրանքը:
Դեղամիջոցների այս երկու անվանումների միջև տարբերությունը հասկանալը թույլ կտա, որ նման հարցերին պատասխանելիս կայացնեք իրազեկված որոշում:
Արդյոք օրիգինալ և գեներիկ դեղամիջոցները նույնն են
Հիմնական ազդեցության առումով՝ այո: Այլ առումներով՝ գուցե և ոչ:
Դեղամիջոցները սովորաբար ունեն երկու անվանում՝
- օրիգինալ (բրենդային) անվանում, որը բնօրինակ անվանումն է՝ շնորհված այդ դեղամիջոցը ստեղծած և շուկա ներկայացրած դեղագործական ընկերության կողմից
- գեներիկ (առևտրային) անվանում, որն օրիգինալ դեղամիջոցի ակտիվ բաղադրատարրը կամ ազդող նյութը պարունակող, այլ կերպ ասած, վերարտադրված դեղամիջոցի անվանումն է:
Երբ դեղագործական որևէ ընկերություն ստեղծում, արտադրում և օրիգինալ անվան ներքո շուկային ներկայացնում է նոր ակտիվ բաղադրատարր(եր) պարունակող որևէ դեղամիջոց, այդ արտադրանքը որոշ ժամանակահատված պաշտպանվում է արտոնագրով (պատենտ): Արտոնագրերը սովորաբար տրվում են մի քանի (մինչև՝ 20) տարվա վավերականությամբ, որի շնորհիվ տվյալ ժամանակաշրջանում ընկերությունը ստանում է իր ստեղծած դեղամիջոցն արտադրելու և վաճառելու մենաշնորհային իրավունք, հետևաբար՝ կատարված գիտահետազոտական և այլ ծախսերը փոխհատուցելու, ինչպես նաև շահույթ ստանալու բացառիկ հնարավորություն: Սա նշանակում է, որ այլ դեղագործական ընկերությունները չեն կարող արտադրել նույն ակտիվ բաղադրատարր(եր) պարունակող դեղամիջոցներ:
Երբ արտոնագրի ժամանակը լրանում է, այլ դեղագործական ընկերություններին թույլ է տրվում արտադրվել և վաճառել օրիգինալ դեղի կրկնօրինակը կամ վերարտադրված տարբերակը, որը պարունակում է նույն ակտիվ բաղադրատարր(եր)ը կամ ազդող նյութերը: Նման դեպքերում դեղամիջոցները շուկայում ներկայացվում են գեներիկ (առևտրային) անվան ներքո:
Արդյունքում ստացվում է, որ նույն ակտիվ բաղադրատարր(եր)ը պարունակող դեղամիջոցը շուկայում հայտնվում է նախ իր օրիգինալ, որից որոշ ժամանակ անց՝ նաև դրա գեներիկ անվան ներքո:
Դեղամիջոցների օրիգինալ (բրենդային) և գեներիկ (առևտրային) անվանումների գուցե ձեզ ծանոթ օրինակներից են՝
- օրիգինալ՝ Թայլենոլ և գեներիկ՝ Պարացետամոլ
- օրիգինալ՝ Մոտրին կամ Ադվիլ և գեներիկ՝ Իբուպրոֆեն
- օրիգինալ՝ Կումադին և գեներիկ՝ Վարֆարին
- օրիգինալ՝ Գլյուկոֆաժ և գեներիկ՝ Մետֆորմին
- օրիգինալ՝ Կեֆլեքս և գեներիկ՝ Ցեֆալեքսին:
Գեներիկ դեղերն իրենց օրիգինալներից կարող են տարբերվել՝
- չափսով, ձևով և գույնով
- տուփով կամ փաթեթավորմամբ
- ոչ ակտիվ բաղադրատարրերով (հավելանյութեր), որոնք չեն ազդում դեղամիջոցի բուժական ազդեցության վրա:
Արդյոք գեներիկ դեղամիջոցները նույնքան արդյունավետ ու անվտանգ են, որքան օրիգինալները
Այո, քանի որ երկուսն էլ պարունակում են նույն ակտիվ բաղադրատարրի կամ ազդող նյութի նույն դեղաչափերը, հետևաբար՝ ազդում են նույն կերպ:
Սովորաբար գեներիկ դեղամիջոցների վաճառքը որևէ երկրում թույլատրվում է, եթե դրանք համապատասխանում են օրիգինալ դեղամիջոցի որակի, անվտանգության և արդյունավետության սահմանված չափորոշիչներին:
Ինչո՞ւ են գեներիկ դեղամիջոցները հաճախ ավելի էժան, քան օրիգինալները
Գեներիկ դեղամիջոցների ինքնարժեքն ավելի ցածր է, քան օրիգինալներինը, քանի որ արտադրողները չեն կատարել դեղի ստեղծման և հետազոտության համար նախատեսված, ինչպես նաև արտոնագրի գնման ծախսեր:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել, եթե առաջարկում են գեներիկ դեղամիջոց
- Գեներիկ դեղամիջոցները սովորաբար ավելի էժան են, քան օրիգինալները, սակայն օժտված են վերջիններիս նույն արդյունավետությամբ: Այլ կերպ ասած՝ ցածր գինը չի նշանակում ցածր արդյունավետություն:
- Յուրաքանչյուր անգամ, երբ հարցեր են ծագում, դիմեք ձեր բժշկին:
- Եթե ալերգիկ եք, ստուգեք, թե արդյոք գեներիկ դեղամիջոցը չի պարունակում որևէ ոչ ակտիվ հավելանյութ, որից ալերգիա ունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024