Գեստացիոն կամ հղիների դիաբետ
21-04-2019
3 րոպե
Գեստացիոն դիաբետը արյան շաքարի (գլյուկոզ) բարձրացնումն է այն հղի կանանց մոտ, ովքեր անցյալում նման ախտանիշ կամ դիաբետ չեն ունեցել։
Երբ հղիների մոտ գեստացիոն դիաբետը («գեստացիան» թարգմանվում է որպես հղիություն) ժամանակին ախտորոշվում և բավարար հսկվում է, սովորաբար որևէ հետևանք չի թողնում ոչ ծննդաբերության ընթացքի, ոչ էլ կնոջ կամ երեխայի երկարաժամկետ առողջության վրա։ Սակայն, հղիության ժամանակ արյան շաքարի ոչ պատշաճ հսկողությունը, դրա մակարդակի մշտական տատանումները կարող են բարդացնել ծննդաբերությունը, ինչպես նաև բացասաբար ազդել ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջության վրա։
Ի՞նչ է գեստացիոն դիաբետը
Գեստացիոն դիաբետը (կամ հղիության դիաբետը) ախտորոշվում է, երբ հղի կնոջ մոտ հայտնաբերվում է արյան գլյուկոզի նորմալ միջակայքը գերազանցող ցուցանիշներ, ինչը կոչվում է հիպերգլիկեմիա։ Հղի կանանց 12-14%-ի մոտ հղիության 24-28-րդ շաբաթներում կամ ավելի վաղ կարող է գրանցվել հիպերգլիկեմիա։
Ռիսկի գործոններ
Գեստացիոն դիաբետի ռիսկի գործոններն են՝
- 25-ից բարձր տարիք
- ընտանեկան պատմություն (ժառանգականություն), երբ ընտանիքի անդամներից (առաջին կարգի ազգականներից) մեկնումեկի մոտ կա 2-րդ տիպի շաքարային դիաբետ
- առողջության պատմություն, երբ նախորդ հղիությունների ժամանակ զարգացել է գեստացիոն դիաբետ կամ նախորդ ծննդաբերությամբ լույս աշխարհ է եկել 4 կիլոգրամից ավելի մեծ քաշով երեխա
- արտահայտված ավելցուկային կշիռ կամ գիրություն (երբ մարմնի զանգվածի ցուցանիշը 30 և ավելի բարձր է)
- անհայտ պաճառներով՝ սևամորթ, լատինոամերիկյան, բնիկ ամերիկյան և ասիական ծագում։
Գեստացիոն դիաբետի բարդությունները
Դեպքերի մեծ մասում ծննդաբերությունից հետո արյան գլյուկոզի մակարդակն ինքնուրույն նորմալանում է։ Սակայն գեստացիոն դիաբետի առկայությունը կարող է բարձրացնել ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ հետագայում 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու ռիսկը։
Երեխայի վրա ազդող բարդություններ
- ծնվելիս՝ մարմնի ավելցուկային զանգված (խոշոր պտուղ)
- վաղաժամ ծննդաբերություն և սուր շնչառական դիսթրես համախտանիշ (ՍՇԴՀ)
- ցածր արյան գլյուկոզ (հիպոգլիկեմիա)
- ավելի բարձր տարիքում՝ գիրության և 2-րդ տիպի դիաբետի բարձրացած ռիսկ
Ձեզ վրա ազդող բարդություններ
- բարձր արյան ճնշման (հիպերտենզիա) և պրեէկլամպսիայի բարձրացած ռիսկ
- ծննդաբերությունից հետո՝ գիրության և 2-րդ տիպի դիաբետի բարձրացած ռիսկ։
Գեստացիոն դիաբետի կանխարգելումը
Դուք կարող եք նվազեցնել հղիության ժամանակ գեստացիոն դիաբետի հավանականությունը՝ մինչև հղիանալը անցնելով առողջ սննդակարգի և, ընդհանուր առմամբ, վարելով առողջ ապրելակերպ։
Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021