Հղիացումը խիստ բարդ գործընթաց է և պահանջում է բազմաթիվ գործոնների ճիշտ համադրություն։
Նույնիսկ այսպիսի մի կատակ կա՝ «հղիացումը միայն սեռական հարաբերություն ունենալը չէ»:
Որոշ կանայք հղիանում են արագ, մինչդեռ մյուսների մոտ այն որոշակի ժամանակ է պահանջում:
Երեխա ցանկացող յուրաքանչյուր 100 զույգի հաշվարկով առաջին 1 տարվա ընթացքում հղիություն զարգանում է 80-90-ի մոտ։ Մնացած 10-20 կանայք հղիանում են ավելի ուշ կամ հղիանալու համար պահանջում է բժշկական այս կամ օգնությունը:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ դուք հղիանում եք
Կնոջ հղիանալու համար անհրաժեշտ է, որ տղամարդու սպերմատոզոիդները բեղմնավորեն կնոջ ձվաբջիջը։ Կնոջ ձվարանից ամիսը մեկ անգամ ձվազատվում է մեկ ձվաբջիջ։ Ձվազատումը (օվուլյացիա) սովորաբար տեղի է ունենում հաջորդ դաշտանի առաջին օրվան նախորդող 14-րդ օրը, եթե դաշտանային ցիկլը տևում է 28 օր։
Կանանց մեծ մասի մոտ ձվազատումը կատարվում է յուրաքանչյուր ամիս։ Հազվադեպ, ձվազատվում է մեկից ավելի ձվաբջիջ (առաջին ձվաբջջի ձվազատումից հետո 24 ժամվա ընթացքում)։ Նույն այդ ընթացքում արգանդի լորձաթաղանթը սկսում է հաստանալ, իսկ արգանդի պարանոցի լորձաթաղանթը՝ բարակել, որ տղամարդու սերմնահեղուկը, դրա հետ միասին՝ սպերմատոզոիդները կարողանան արգանդ ներթափանցել ավելի հեշտությամբ։ Ձվարանից ազատված ձվաբջիջը սկսում է արգանդափողով (ֆալոպյան փող) դանդաղորեն իջնել ներքև։
Եթե սեռական հարաբերությունն ավարտվում է տղամարդու սերմնաժայթքմամբ, ձվաբջջի բեղմնավորման ամենահավանական տեղը ֆալոպյան փողի լուսանցքն է։ Արգանդի լորձաթաղանթն այդ պահին բավականին հաստացած է, և արդեն կարող է ընդունել և իր պատին ներդնել բեղմնավորված ձվաբջիջը՝ պտղաձուն։
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթանում են հորմոնային տարբեր փոփոխություններ, որոնցից կարևոր են հատկապես էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակների փոփոխությունները։ Կնոջ հղիանալուց անմիջապես հետո արյան մեջ այս երկու հորմոնների մակարդակները սկսում են բարձրանալ, որի շնորհիվ արգանդի լորձաթաղանթն ամրանում է, արյան հոսքը դեպի արգանդ և կրծքագեղձեր սկսում է խթանվել և արգանդի մկանները սկսում են թուլանալ՝ տարածք տրամադրելով աճող սաղմին։
Եթե ձվաբջիջը չի բեղմնավորում, արգանդի լորձաթաղանթի հետ միասին արտահոսում և հեռացվում է օրգանիզմից հաջորդ դաշտանով։ Ձվաբջիջը խիստ փոքր է և անզեն աչքով անտեսանելի։
Ինչպե՞ս բարձրացնել հղիանալու ձեր հավանականությունը
Դուք կարող եք ձեր հղիանալու հավանականությունը բարձրացնել երկու ճանապահով՝
- հաշվարկեք ձեր ձվազատման օրը և չպաշտպանված (առանց պահպանակների և այլ բեղմնականխման միջոցների) սեռական հարաբերություն ունեցեք՝ սկսած այդ օրվանից 1 կամ 2 օր առաջ
- համոզվեք, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր զուգընկերը բարելավել եք ձեր պտղաբերությունը՝ շնորհիվ լավ առողջության, առողջ սննդակարգի և բավարար ֆիզիկական ակտիվության։
Ձվաբջիջը կարող է բեղմնավորվել ձվարանից ազատվելուց հետո 12-24 ժամվա ընթացքում։ Ձեր հղիանալու հավանականությունը հասնում է իր գագաթնակետին, եթե դուք չպաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում հենց ձվազատման օրը կամ սկսած դրան նախորդող կամ հաջորդող մեկ օրվանից։
Փորձեք հղիանալու օրվա վրա շատ չկենտրոնանալ կամ չլարվել։ Կանոնավոր կերպով չպաշտպանված սեռական հարաբերությունը և ձեր արգանդին պարբերաբար ձեր զուգընկերոջ սերմնահեղուկով «մատակարարելը» հղիանալու լավագույն տարբերակն է։
Իհարկե, կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են լավ կամ վատ ազդել հղիացման գործընթացի վրա, օրինակ՝ ձեր և ձեր զուգընկերոջ տարիքը, ձեր ապրելակերպը, ձեր մարմնի քաշը, առկա և դեռևս անհայտ քրոնիկ հիվանդությունները, այդ թվում՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպես նաև սեռական հարաբերությամբ զբաղվելու հաճախականությունը։
Եթե ձեր տարիքը չի գերազանցում 35-ը և դուք չեք հղիանում չպաշտպանված կանոնավոր սեռական հարաբերությունների մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է դիմել ձեր բժշկին։
Ձեր հղիության հաստատումը
Հղիությունը հաստատվում է հղիության թեստով, որի էությունը մարդու խորիոնային գոնադոտրոպին (ՄԽԳ, ռուսերեն՝ ХГЧ, անգլերեն՝ hCG) կոչվող հորմնի մակարդակը չափումն է։ Դուք կարող եք դեղատնից գնել էքսպրես-թեստ կամ հետազոտվել ձեր նախընտրած լաբորատոր կենտրոնում։ Հիշեք, որ ՄԽԳ-ն հետազոտեք ձեր հաջորդ դաշտանը սկսվելուց 4 օր առաջ։
Եթե դուք «բաց եք թողել» ձեր դաշտանը և կարծում եք, որ կարող եք հղիացած լինել, այցելեք ձեր բժշկին, որ լսեք նրա օգտակար խորհուրդները։
Տղա՞, թե՞ աղջիկ
Ապագա երեխայի սեռի կանխորոշման մեջ դեր են խաղում ինչպես տղամարդու սպերմատոզոիդները, այնպես էլ ձեր ձվաբջիջը։
Մարդու յուրաքանչյուր նորմալ բջիջ պարունակում է 23 զույգ՝ ընդհանուր 46 քրոմոսոմ, որոնք ունեն ԴՆԹ-ից կազմված բարակ թելանման կառուցվածք և իրենց վրա կրում են մարդու գեները։ Հենց գեներն են կանխորոշում ապագա երեխայի բնածին առանձնահատկությունները, ինչպիսիք են մազերի և աչքերի գույնը, արյան խումբը, հասակը և այլն։
Երբ սպերմատոզոիդը բեղմնավորում է ձվաբջիջը, հայրական 23 քրոմոսոմները զուգավորվում են մայրական 23 քրոմոսոմների հետ՝ արդյունքում ստեղծելով երեխայի 23 զույգ կամ 46 քրոմոսոմները։ Կնոջ ձվաբջջի սեռը որոշող քրոմոսոմը միշտ նույնն է և հայտնի է որպես X քրոմոսոմ, մինչդեռ տղամարդու սպերմատոզոիդի սեռը որոշող քրոմոսոմները երկուսն են՝ X կամ Y:
Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է X քրոմոսոմ պարունակող սպերմատոզոիդով, ապագա երեխան կլինի աղջիկ (XX), իսկ եթե Y քրոմոսոմով՝ տղա (XY)։
Առողջ ապրելակերպ
Եթե որոշել եք երեխա ունենալ, ապա ժամանակն է, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր զուգընկերը անցնեք առողջ ապրելակերպի։
Սա ներառում է առողջ հավասարակշռված սննդակարգը, ծխախոտից և վնասակար մյուս սովորույթներից հրաժարվելը, ֆիզիկական բավարար ակտիվությունը, իսկ կանանց համար՝ նաև ըստ բժշկի ցուցման ֆոլաթթվի ընդունումը։
Դուք նաև պետք է հիշեք, որ հղիության ընթացքում ալկոհոլի ընդունումը կարող է դառնալ ռիսկային։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2019
Վերջին վերանայում՝ 05-05-2024