Ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են և օրվա ընթացքում իրենց մակերեսին կուտակում են միլիոնավոր տարատեսակ բակտերիաներ (միկրոբներ)։
Երբ մենք ձեռքերը հպում ենք աչքերին, քթին կամ բերանին, այդ միկրոբները հայտնվում են տվյալ տեղամասերի լորձաթաղանթի վրա և կարող են առաջացնել վարակային ախտահարում՝ մի դեպքում՝ տեղային վարակային բորբոքում (օրինակ՝ աչքի բորբոքումներ), մեկ այլ դեպքում՝ ընդհանուր վարակային հիվանդություն (օրինակ՝ գաստրոէնտերիտներ):
Ձեռքերը լվալը պարզ, սակայն արդյունավետ միջոց է, որ կանխարգելվի վնասաբեր մանրէների տարածումը և հայտնվելը այնտեղ, որտեղ նորմայում պետք է չլինեին։ Հոսող մաքուր ջրի տակ ձեռքերն օճառով լվանալն ապահովում է ձեռքերի աղտոտվածության և մաշկի մակերեսային շերտի մարէների մեխանիկական հեռացումը:
Ձեռքերի ճիշտ հիգիենա
Եթե խնամում եք նորածին կամ մանկահասակ երեխաներին, մեծ տարիքով կամ հիվանդ մարդկանց, ձեռքերի լվացումը դառնում է առանձնահատուկ կարևոր, քանի որ օգնում է, որ դուք չտարածեք այնպիսի հայտնի վարակներ, ինչպիսիք են ՍՇՎՎ և գրիպը կամ գաստրոէնտերիտները։
Մանկահասակ և ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես կարիք ունեն պարբերաբար լվանալու իրենց ձեռքերը։ Եթե երեխան չի հասնում լվացարանին, օգնեք նրան։ Երեխաների դեպքերում համոզվեք նաև, որ լվանալու ավարտին նրա ձեռքերը լավ պարզաջրված են և չեն պարունակում օճառի կամ փրփուրի մնացորդներ։
Ձեռքերի լվանալը նաև հիվանդանոցներում տարբեր պացիենտների միջև վարակի տարածումը կանխարգելող խիստ կարևոր հիգիենիկ միջոցառում է, որի նշանակությունը երբեք պետք չէ թերագնահատել։ Հիշեք, որ հիվանդների մի մասի իմունային համակարգը (դիմադրողականությունը) կարող է թուլացած լինել և նույնիսկ «ոչ վտանգավոր» վարակը նրանց մոտ կարող է ստանալ ծանր անկառավարելի ընթացք։
Ե՞րբ է պետք լվանալ ձեռքերը
Նախապես լվացեք ձեռքերն ամեն անգամ, երբ պետք է դիպչեք այնպիսի մի բանի, որը պետք է մնա մաքուր և վերջում լվացեք ձեր ձեռքերն ամեն անգամ, երբ դուք որևէ բանին դիպչելուց կարող էիք աղտոտել ձեր ձեռքերը։
Ահա որոշ օրինակներ՝
- ձեր ձեռքերն ակնհայտ կեղտոտ են
- պատրաստվում եք օգտվել զուգարանից
- զուգարանից դուրս գալուց առաջ
- օգնել եք երեխային, որ օգտվի զուգարանից կամ փոխել եք մանկահասակ երեխայի տակաշորը, սավանը կամ «փամփերսը»
- գործ եք ունեցել կենցաղային կամ այլ բնույթի աղբի կամ փոշու, կենցաղային կամ այգեգործական քիմիկատների կամ այլ նյութերի հետ, որոնք կարող էին թունավոր կամ վարակված լինել
- ճաշ կամ կերակուր պատրաստելուց առաջ և հետո
- ճաշելուց առաջ և հետո
- հում մսին դիպչելուց հետո
- հում բանջարեղենները և մրգերը լվանալուց հետո
- տնային, ընտանի կամ այլ կենդանիներին հպվելուց հետո
- արյունը, փսխման զանգվածները, արտաթորանքները և օրգանիզմի այլ հեղուկները մաքրելուց հետո
- հիվանդանոցում կամ տանը պառկած հիվանդ մարդուն տեսակցելուց առաջ և հետո
- վերքերին կամ մաշկային այլ գոյացություններին դիպչելուց առաջ և հետո։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024