Գոլ օճառախառը ջուրը տեսանելի կեղտոտ ձեռքերը լվանալու լավագույն տարբերակն է։
Ձեռքերի լվացումը ձեր անձնական հիգիենային անբաժանելի մասն է։
Ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են: Նույնիսկ արտաքինից ձեռքերի մաքուր թվալու պարագայում օրվա ընթացքում դրանց մակերեսին կուտակվում են բազմատեսակ և անհամրելի թվով բակտերիաներ (մանրէներ կամ միկրոբներ)։
Ձեռքերը չլվանալու խնդիրն անհամեմատ ավելի լուրջ է, քան շատերին կարող է թվալ: Հենց չլվացված ձեռքերի միջոցով են մի շարք վարակների հարուցիչներն օրգանիզմ ներթափանցում (օրինակ՝ ՍՇՎՎ և գրիպ, սնկային հիվանդություններ, դիֆտերիա, աղիքային վարակներ, հեպատիտ А և այլն):
Օճառով և հոսող գոլ ջրով լվանալն ապահովում է ձեռքերի աղտոտվածության և մաշկի մակերեսային շերտի մարէների մեխանիկական հեռացումը: Ձեզ ենք ներկայացնում ձեռքերի ճիշտ հիգիենայի մի շարք հմտություններ։
Ձեր ձեռքերը լվանալիս`
- հեռացրեք ձեր ձեռքերի վրա առկա արդուզարդի բոլոր առարկաները, մատանիները, ժամացույցը, որ լվանալիս հասանելի լինի ձեռքերի և նախադաստակի ամբողջ մակերեսը
- թրջեք ձեր ձեռքերը հոսող ջրով (գերադասելի է գոլ, բայց` ոչ շատ տաք)
- օճառեք ձեր ձեռքերը (գերադասելի է, որ օճառը լինի հեղուկ և հակաբակտերիալ (հակամիկրոբային) ազդեցությամբ)
- ձեռքերի մատներով օգնելով միմյանց օճառոտեք և տրորեք ձեր երկու ձեռքերի ողջ մակերեսները, ներառյալ դրանց դրսային մակերևույթները, եղունգների տակը և մատների արաքները
- շփեք միմյանց և տրորեք երկու ձեռքերը ևս 20 վայրկյան
- ողողեք (պարզաջեք) ձեռքերն այնպես, որ օճառաջուրը և փրփուրը լիարժեքորեն հեռացվեն և օճառոտ մակերեսներն ամբողջովին մաքրվեն
- լավ և լիարժեք չորացրեք ձեր ձեռքերը (ցանկալի է թղթե անձեռոցիկով (սրբիչով), կամ կտորից մաքուր ձեռքի սրբիչով)։
Ալկոհոլի վրա հիմնված ձեռքերի «մաքրիչները» (հականեխիչներ) կարելի է օգտագործել, եթե տվյալ պահին ձեռքի տակ օճառ կամ ջուր չկա։ Հականեխիչների միջոցով ձեռքերի մշակումը նպաստում է ձեռքերի մաշկի վրա մանրէների նվազագույն քանակի հասցնելուն և կարճ ժամանակում դրանց ակտիվ աճը կասեցնելուն:
Ձեռքերի ճիշտ հիգիենայի այլ հմտություններ
- Ձեզ մոտ միշտ պահեք ձեռքերի հականեխիչ «մաքրիչներ» («թաց անձեռոցիկ») և օգտագործեք դրանք ըստ անհրաժեշտության, օրինակ՝ հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո
- հազացեք կամ փռշտացեք թաշկինակի կամ ծայրահեղ դեպքում ձեր նախաբազկի, այլ ոչ թե ձեռքերի ափերի վրա
- կեղտոտ ներքնաշորերին, անդրավարտիքներին, մանկական տակդիրներին ու փամփերսներին դիպչեք, ինչպես նաև արյան կամ օրգանիզմի այլ հեղուկները կամ կենսաբանական արտազատուկները (փսխման մասսա, մեզ, կղանք) մաքրեք միայն միանվագ օգտագործման ձեռնոցների միջոցով
- ձեր երեխաների համար դարձեք «օրինակելի». աջակցեք ու խրախուսեք, որ նրանք իրենց ձեռքերը լվանան ճիշտ և հաճախակի
- եթե օգտագործում եք կտորից սրբիչներ, ամեն անգամ ձեռքերը չորացնելուց հետո կախեք դրանք կախիչից, որ չորանան և հաճախակի լվացեք այդ սրբիչները։
Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2018
Վերջին վերանայում՝ 29-04-2024