Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (ՄԽԳ, hCG, ռուսերեն՝ ХГЧ) հորմոն է, որը նորմայում արտադրվում է ընկերքի կողմից։
Եթե դուք հղի եք, ապա կարող եք այս հորմոնը հայտնաբերել ձեր մեզում։ Արյան մեջ ՄԽԳ մակարդակի որոշումը կարող է օգնել ձեր հղիության և պտղի զարգացման վերահսկմանը։
Հղիության հաստատում
Ձեր հղիանալուց հետո (երբ սպերմատոզոիդները բեղմնավորել են ձեր ձվաբջիջը), զարգացող ընկերքը սկսում է արտադրել և արյան հուն բաց թողնել ՄԽԳ հորմոնը։
Հղիանալուց շուրջ երկու շաբաթվա ընթացքում մեզում ՄԽԳ-ի մակարդակը աստիճանաբար բարձրանալով հասնում է այն մակարդակին, որ հնարավոր է լինում հայտնաբերել տանն օգտագործվող հղիության ստրիպի օգնությամբ։ Այսպիսի ստրիպով ստացվող դրական արդյունքը մեծ հավանականությամբ հաստատում է հղիության առկայությունը, սակայն բացասական պատասխանը հղիությունը ժխտելու ավելի փոքր հավաստիություն ունի։
Եթե հղիության ստրիպն օգտագործում եք ձեր չկայացած դաշտանի առաջին օրը և այն բացասական պատասխան է տալիս, համբերեք ևս մեկ շաբաթ։ Եթե, այնուամենայնիվ, դուք կարծում եք, որ կարող եք հղի լինել, կրկնեք հետազոտությունը կամ այցելեք ձեր բժշկին։
Արյան ՄԽԳ մակարդակները
Արյան մեջ ՄԽԳ հորմոնի ցածր մակարդակներ կարող են հայտնաբերվել հղիանալուց հետո 8-ից 11-րդ օրերի ընթացքում։ ՄԽԳ-ի մակարդակներն արյան մեջ իրենց ամենաբարձր ցուցանիշներին են հասնում առաջին եռամսյակի (տրիմեստրի) վերջում, որից հետո հղիության մնացած շաբաթների ընթացքում սկսում են աստիճանաբար նվազել։
Հղի կնոջ արյան մեջ ՄԽԳ-ի միջին մակարդակները ներկայացված են ստորև (U/L = միավոր/լիտր)՝
- ոչ հղի կանայք՝ մինչև 10 U/L
- հղիության առկայության սահմանային արդյունքեր՝ 10-ից մինչև 25 U/L
- հղիության դրական արդյունք (հղիության հաստատում)՝ ավելի քան 25 U/L
- հղի կանայք, վերջին դաշտանից (ՎԴ) 4 շաբաթ անց՝ (չկայացած դաշտանից շուրջ 1 շաբաթ առաջ)՝ 0–ից մինչև 750 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 5 շաբաթ անց՝ 200-ից մինչև 7,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 6 շաբաթ անց՝ 200-ից մինչև 32,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից 7-րդ շաբաթվանից հետո՝ 3,000-ից մինչև 160,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 8 մինչև 12 շաբաթ անց՝ 32,000-ից մինչև 210,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 13 մինչև 16 շաբաթ անց՝ 9,000-ից մինչև 210,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 16 մինչև 29 շաբաթ անց՝ 1,400-ից մինչև 53,000 U/L
- հղի կանայք, ՎԴ-ից շուրջ 29 մինչև 41 շաբաթ անց՝ 940-ից մինչև 60,000 U/L։
Արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակը կարող է որոշ տեղեկատվություն տրամադրել ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ պտղի առողջության մասին։ Օրինակ, ՄԽԳ մակարդակները կարող են վկայել հետևյալ վիճակների մասին՝
- բազմապտուղ հղիություն (օրինակ՝ երկվորյակներ), որի դեպքում ՄԽԳ-ի մակարդակն ավելի բարձր է, քան մեկ պտղի դեպքում
- հղիության կորուստ (վիժում) կամ վիժման ռիսկ
- արտաարգանդային հղիություն, երբ բեղմնավորված ձվաբջիջը ներդրվում և սկսում է աճել ոչ թե արգանդում, այլ արգանդափողում (ֆալոպյան փող)
- պտղի աճի կամ զարգացման հետ կապված խնդիրներ
- արգանդում կամ ձվարաններում ոչ նորմալ հյուսվածքային աճ, որը կարող է ներառել ոչ հղի կանանց մոտ հանդիպող քաղցկեղների որոշ տեսակներ։
Արյան ՄԽԳ-ի մակարդակն առանձին վերցրած չի կարող հիմք հանդիսանալ որևէ ախտաբանական վիճակի կամ հիվանդության ախտորոշման համար։ Այն կարող է միայն հուշել, որ կան հյուսվածքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024