Առողջ սերմը կախված չէ միայն ժառանգականությունից: Հասկացեք, թե ինչպես կարող են ապրելակերպի գործոններն ազդել ձեր սպերմատոզոիդների վրա և ինչ կարող եք անել ինքներդ՝ բարելավելու ձեր պտղաբերությունը:
Հայրանալ ցանկացող տղամարդիկ կարող են հետաքրքրվել իրենց սերմի առողջության մասին: Իմացեք, թե ինչ կարող է ազդել տղամարդկանց պտղաբերության վրա, այնուհետև մտածեք այն քայլերի մասին, որոնք կօգնեն, որ ձեր սպերմատոզոիդները հասնեն իրենց նպատակին՝ բեղմնավորեն ձվաբջիջը:
Ի՞նչն է որոշում սերմի առողջությունը
Սերմի առողջությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ սպերմատոզոիդների քանակից, շարժումից և կառուցվածքից:
- Քանակ. բեղմնավորումն առավել հավանական է, եթե մեկ սերմնաժայթքումով արտանետվող սերմնահեղուկը պարունակում է առնվազն 15 միլիոն սպերմատոզոիդ՝ մեկ միլիլիտրում: Խիստ սակավաթիվ սպերմատոզոիդներով սերմնաժայթքումը (օլիգոսպերմիա) կարող է ավելի դժվարացնել հղիացումը, քանի որ ձվաբջիջը բեղմնավորելու համար ավելի փոքրաթիվ «թեկնածուներ» կան:
- Շարժունակություն․ ձվաբջջին հասնելու և բեղմնավորելու համար սպերմատոզոիդը պետք է շարժվի՝ պտտվելով և լողալով անցնելով կանացի արգանդի վզիկի, արգանդի և արգանդափողերի միջով: Սա հայտնի է որպես շարժունակություն: Հղիությունը հնարավոր է սերմնաժայթքմամբ արտանետված սպերմատոզոիդների 40%-ից պակաս շարժունակության դեպքում, սակայն 40%-ը համարվում է շեմ: Որքան 40%-ից բարձր ցուցանիշ ունեցաք, այնքան լավ։
- Կառուցվածք (ձևաբանություն կամ մորֆոլոգիա). նորմալ սպերմատոզոիդներն ունեն ձվաձև գլխիկներ և երկար պոչեր, որոնք միասին աշխատում են դրանք առաջ մղելու համար: Սա այնքան կարևոր գործոն չէ, որքան սպերմատոզոիդների քանակությունը կամ շարժունակությունը:
Իմացե՛ք ավելին օլիգոսպերմիայի մասին:
Ի՞նչն է առաջացնում արական պտղաբերության հետ կապված խնդիրներ
Տարբեր առողջական խնդիրներ կարող են նպաստել արական պտղաբերության խնդիրներին, այդ թվում՝
- ենթատեսաթմբի (հիպոթալամուս) կամ մակուղեղի (հիպոֆիզ) որևէ խնդիր՝ գլխուղեղի կառուցվածքներ, որոնք ազդանշան են տալիս ամորձիներին տեստոստերոն և սերմնահեղուկ արտադրելու համար (երկրորդային հիպոգոնադիզմ)
- ամորձիների հիվանդություն
- սերմի տեղափոխման խանգարումներ (էքսկրետոր կամ օբստրուկտիվ անպտղություն)
Տարիքը նույնպես կարող է դեր խաղալ։ Սպերմատոզոիդների շարժունակությունը (արագություն և ուղղաձիգ շարժվելու ունակություն) և քանակը հակված են տարիքի հետ կրճատման, ինչն ազդում է պտղաբերության վրա, հատկապես 50 տարեկանից հետո: Տարիքի հետ սերմի գենետիկ որակները նույնպես նվազում են:
Ո՞րն է առողջ սերմ արտադրելու լավագույն միջոցը
Բեղմնավորելու բավարար ունակությամբ օժտված առողջ սպերմատոզոիդներ արտադրելու հնարավորությունը կարող եք բարձրացնել հետևյալ պարզ քայլերով:
- Պահպանեք առողջ քաշը․ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարմնի զանգվածի գործակցի (ՄԶԳ, BMI) աճը կապված է սպերմատոզոիդների քանակի և շարժունակության նվազման հետ:
- Կերեք առողջ սննդակարգ․ ընտրեք շատ մրգեր և բանջարեղեն, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով և կարող են օգնել սերմի առողջական վիճակի բարելավմանը:
- Կանխարգելեք սեռական ճանապարհով փոխանցվող վարակները․ սեռավարակները, ինչպիսիք են քլամիդիան և գոնորեան, կարող են տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ: Սեռական զուգընկերների քանակի սահմանափակումը և հարաբերության համար միշտ պահպանակ օգտագործելը կամ չվարակված զուգընկերոջ հետ փոխադարձ մոնոգամ հարաբերությունների մեջ մնալը կարող է օգնել սեռավարակներից պաշտպանվելուն:
- Կառավարեք սթրեսը. սթրեսը կարող է նվազեցնել սեռական գործառույթը և խախտել սերմի արտադրության համար անհրաժեշտ հորմոնների արտադրությունը:
- Շարժվեք․ չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է մեծացնել հզոր հակաօքսիդանտային ֆերմենտների մակարդակը, որը կարող է օգնել սերմի պաշտպանությանը:
Ի՞նչ է արգելվում
Սերմը կարող է առանձնակի խոցելի լինել շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ, ինչպիսիք են ավելորդ տաքության կամ թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը: Ձեր սերմի բեղմնունակությունը պաշտպանելու համար հետևեք այս պարզ խորհուրդներին:
- Մի՛ ծխեք․ ծխախոտ օգտագործող տղամարդիկ ավելի հավանական է, որ ավելի սակավաթիվ սպերմատոզոիդներ ունենան: Եթե ծխում եք, խնդրեք ձեր բժշկին, որ օգնի ծխախոտից ազատվելուն:
- Սահմանափակեք ալկոհոլը. շատ խմելը կարող է հանգեցնել տեստոստերոնի արտադրության նվազման, իմպոտենցիայի և սերմի արտադրության նվազեցման: Եթե որոշում եք խմել, արեք չափավոր քանակներով: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին՝ կանանց համար և օրական երկու չափաբաժին՝ տղամարդկանց համար:
- Խուսափեք քսանյութերից սեռական հարաբերության ժամանակ․ քանի դեռ պտղաբերության վրա քսանյութերի (լուբրիկանտներ) ազդեցության գնահատման համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, մտածեք սեռական հարաբերության ժամանակ այս միջոցներից խուսափելու մասին: Անհրաժեշտության դեպքում ընտրեք հանքային յուղի, կանոլայի յուղի, մանանեխի յուղի կամ պտղաբերության համար հարմար քսանյութ օգտագործելու մասին, ինչպիսին է Պրե-Սիդը:
- Խոսեք բժշկի հետ ձեր ընդունած ցանկացած տեսակի դեղերի մասին․ կալցիումական անցուղիների պաշարիչները, տրիցիկլիկ հակադեպրեսանտները, հակաանդրոգենները, օփիոիդները և այլ դեղամիջոցները կարող են նպաստել պտղաբերության խնդիրներին: Անաբոլիկ ստերոիդները և այլ ապօրինի թմրամիջոցները կարող են նույն ազդեցությունն ունենալ:
- Զգուշացեք թունավոր նյութերից (տոքսիններից). թունաքիմիկատների, կապարի և այլ տոքսինների ազդեցությունը կարող է ազդել սերմի քանակի և որակի վրա: Եթե պետք է աշխատեք տոքսինների հետ, դա արեք անվտանգ և ապահով ձևով: Օրինակ՝ կրեք պաշտպանիչ արտահագուստ, օգտագործեք պաշտպանիչ ակնոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև խուսափեք քիմիական նյութերի հետ ձեր մաշկի անմիջական շփումից:
- Մնացեք «զով»․ ամորձապարկի (փոշտի) գերտաքացումը կարող է խանգարել սերմի արտադրությանը: Թեև օգուտները լիովին ապացուցված չեն, ազատ ներքնազգեստ կրելը, ավելի քիչ նստած մնալը, սաունաներից և շոգեբաղնիքներից խուսափելը և ամորձու տաք առարկաների (օրինակ՝ նոութբուքի) ազդեցությունը սահմանափակելը կարող է բարելավել սերմի որակը:
Քաղցկեղի քիմիոթերապիան և ճառագայթային թերապիան կարող են խաթարել սերմնաբջիջների արտադրությունը և առաջացնել անպտղություն, որը կարող է ստանալ անդառնալի բնույթ: Հարցրեք բժշկին նախքան բուժումը սերմնաբջիջների ստացման և պահպանման հնարավորության մասին:
Ե՞րբ է օգնության դիմելու ժամանակը
Պտղաբերությունը խթանելու համար առողջ ապրելակերպի կիրառումը և այն վնասող բաներից խուսափելը կարող է բարելավել բեղմնավորման հնարավորությունները: Սակայն, եթե մեկ տարվա անպաշտպան սեռական հարաբերությունից հետո ձեր զուգընկերը չի հղիացել, կարող եք դիմել անպտղության ախտորոշման և բուժման համար: Պտղաբերության մասնագետը կարող է բացահայտել խնդրի պատճառը և տրամադրել բուժումներ, որոնք կօգնեն ձեզ և ձեր զուգընկերոջը ծնող դառնալու ճանապարհին:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2024
Վերջին վերանայում՝ 07-05-2024