Թմրամիջոցների հետ կապված խնդիր ունեցող մարդու կողքին ապրելը կարող է լինել խիստ սթրեսային:
Դուք կարող եք զգալ անհանգստություն, ընկճվածություն կամ ամոթ, քանի որ ձեզ հարազատ մարդն օգտագործում է ապօրինի թմրամիջոց: Բայց հիշեք, որ դուք մենակ չեք: Կան օժանդակության ծառայություններ, որոնք կարող են օգնել ինչպես ձեզ, այնպես էլ այն մարդուն, ում խնամում եք:
Ինչպե՞ս իմանալ, որ ձեր հարազատ մարդն օգտագործում է թմրամիջոց
Շատ հավանական է, որ հարազատ մարդու կողմից թմրամիջոց օգտագործելու մասին դուք որոշ ժամանակ տեղյակ չլինեք: Սակայն, կան մի շարք նշաններ, որոնք կարող են հուշել նրա և թմրամիջոցների միջև հնարավոր կապի մասին, օրինակ՝
- վառված ֆոլգա, որը կարող է օգտագործվել հերոին ծխելու համար
- ճղված, կտրտված կամ ծալված թղթի, խաղաքարտի, թերթի կամ այլ կտորներ, որոնք կարող են օգտագործվել թմրամիջոցը փաթաթելու կամ պահելու համար
- ձեռքով լցոնած գլանակներ, որոնց ֆիլտրը հանված է և դրա տեղում դրված է մի քանի շերտով ծալված հաստ թուղթ կամ ստվարաթուղթ
- փոքր հերմետիկ պլաստիկ շշեր ու տարաներ, որոնք կարող են օգտագործվել թմրամիջոցները պահպանելու համար
- ծխամորճ և ծակծկված կամ կտրտված պլաստիկ շշեր կամ ըմպելիքների թիթեղյա տարաներ:
Ապօրինի թմրամիջոցների օգտագործումը նաև կարող է փոփոխել մարդկանց արտաքին տեսքը, օրինակ՝
- կտրուկ նիհարում կամ գիրացում
- «ֆսֆսացող» կամ հոսող քիթ՝ նման մրսածությանը
- աչքերի կարմրություն, արյունալեցում կամ ապակենման սառնություն
- հաճախակի քթային արյունահոսություն
- մատների դող (տրեմոր)
- աղավաղված և անհասկանալի խոսք:
Մարդու կողմից թմրամիջոցների հավանական օգտագործման մասին կարող են հուշել նաև վարքագծային որոշ նշաններ, օրինակ՝
- բոլորից մեկուսացում և ակտիվության բացակայություն կամ հակառակը՝ անբացատրելի և անպահեհ գերաշխուժություն
- տրամադրության կամ վարքագծերի կտրուկ փոփոխություններ
- ծախսերի մեծացում կամ սեփականության կորուստներ
- քնի բնույթի փոփոխություններ՝ անքնություն կամ ցերեկային ժամերին երկարատև քուն
- սեփական հիգիենայի և խնամքի անտեսում
- սպորտի կամ նախասիրությունների նկատմամբ նախկին հետաքրքրության կորուստ
- ընտանեկան և աշխատանքային պարտականությունների անտեսում կամ արհամարհում
- հոգեկան գրգռվածություն կամ անհանգիստ վիճակ:
Իհարկե, վերոնշյալ «հուշող» նշանների մեծ մասը կարող է ունենալ մեկ այլ պատճառ: Օրինակ, դեռահասների համար նորմալ է, երբ ունենում են հուզական պոռթկումներ կամ ժամանակավորապես մեկուսանում են ամեն ինչից ու դառնում ինքնամփոփ:
Կարևոր է, որ դուք ազնիվ և ուղիղ զրույց սկսեք ձեզ հարազատ մարդու հետ, քան շարժվեք ենթադրություններով:
Թմրամիջոցների չարաշահում և ընտանիք
Կան մարդկանց կողմից ապօրինի թմրամիջոցների օգտագործման տարբեր պատճառներ: Նույնիսկ եթե թմրամիջոց օգտագործողը ձեզ հարազատ մարդ է, թմրամիջոց օգտագործելու շարժառիթները կարող են մնալ անհասկանալի: Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր մարդն ինքն է պատասխանատու իր իսկ վարքագծերի և որոշումների համար: Նաև որոշում կայացնողը նա է՝ դադարեցնել թմրամիջոցների օգտագործումը, թե ոչ:
Որոշ ընտանիքներում կարող են չհավատալ և մերժել բոլոր այն փաստերը, որոնք վկայում են հարազատ մարդու կողմից թմրամիջոցների չարաշահման մասին: Այլ ընտանիքներ կարող են հարմարվել ստեղծված իրավիճակի հետ և նույնիսկ գումար տրամադրեն իրենց հարազատին, որ նա չունենա զրկանքի ախտանիշներ:
Մյուս կողմից, կան ապօրինի թմրամիջոց օգտագործող անձինք, ովքեր ի սրտե ցանկանում են վերափոխել իրենց կյանքը, և կան մարդիկ, ովքեր պարզապես «թատրոն են խաղում», որ ընտանիքին ապացուցեն, որ իրենք անբուժելի վիճակում են և մյուսները պետք է պարզապես հարմարվեն իր խնդրին:
Ապօրինի թմրամիջոցների չարաշահումը փոխում է մարդու վարքագծերը և դարձնում նրան անհանդուրժող, բռնկուն և կոնֆլիկտային: Նա կարող է անել գործողություններ, որոնք ընտանիքում անընդունելի են:
Ինչպե՞ս օգնել թմրամիջոց չարաշահող մարդուն
Ապօրինի թմրամիջոց օգտագործող մարդն ունի անկեղծ օգնության և օժանդակության մեծ կարիք: Սակայն, կարևոր է իմանալ, որ նա կարող է օգնություն հայցել միայն այն դեպքում, երբ ներքուստ պատրաստ է դրան:
Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց
Նույնիսկ եթե ապօրինի թմրամիջոց չարաշահող մարդը գիտակցում է, որ ունի մեծ խնդիր, միևնույն է, նա կարող է դժվարությամբ «փոխվել»: Սա նշանակում է, որ, որպես խնամող կամ հարազատ, դուք պետք է լինեք չափազանց համբերատար: Եվ, եթե ձեր հարազատն այնուամենայնիվ որոշում է դիմել նարկոլոգիական ծառայություն, դա չի նշանակում, որ ձեր գործերն ավարտվում են և ամեն ինչի պատասխանատվությունն ընկնում է բժիշկների վրա:
Բուժման դիմած մարդն առավել օգնության և օժանդակության կարիք ունի, ուստի ձեր ջանքերը պետք է ավելացնել, որպեսզի օգնեք նրան հնարավորինս կրճատելու թմրամիջոցներով հարուցված ճնշումներն ու ազդեցությունները:
Հիշեք նաև, որ եթե ձեր հարազատի մոտ զարգացել է կախվածություն, ապա հիվանդանոցային կամ բուժման մյուս տարբերակները երկարատև վերականգնման միայն սկիզբն է, որից հետո գալիս է ամենադժվար պահը՝ թմրամիջոցների կրկնակի օգտագործման բացառումը:
Դուք կարող եք երկուսով խորհել այն մասին, թե ինչն է ձեր հարազատին կապում թմրամիջոցների հետ՝ դրդապատճառներ, նպաստող իրավիճակներ և այլն, և երկուսով՝ խորհրդատուի օգնությամբ համաձայնության գաք, թե որ խնդրի դեմ ինչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
Ցավոք, ոչ հազվադեպ նույնիսկ ձեր ամենաանկեղծ ձգտումների ու ջանքերի պայմաններում այն մարդը, ում մասին հոգ եք տանում, կարող է դարձյալ վերադառնալ ապօրինի թմրամիջոցների «աշխարհ» (կոչվում է ռելափս): Սա շատ հիասթափեցնող իրավիճակ է, թեև հաճախ թմրամիջոցներից վերջնական ձերբազատումը կարող է կազմված լինել մի քանի այսպիսի շրջաններից:
Բոլոր դեպքերում հիշեք, որ ապօրինի թմրամիջոցների օգտագործմանը վերադառնալն այդ մարդու որոշումն ու պատասխանատվությունն է և ոչ թե ձերը: Հիշեք հոգ տանել նաև ձեր մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024