Հորմոնային փոխարինող բուժում
09-05-2018
2 րոպե

Հորմոնային փոխարինող բուժումը հորմոնային տարբեր բուժումների հավաքական անվանումն է, որոնց նպատակը բնական «չբավարարող» հորմոնը արհեստական հորմոնով լրացնելը կամ փոխարինելն է։
Հորմոնային փոխարինող բուժումը (ՀՓԲ) լայնորեն կիրառվում է դաշտանադադարի ախտանիշները, հատկապես տաք «ալիքները» կամ «ջերմահորդանքները» և գիշերային քրտնոտությունը մեղմացնելու համար։
ՀՓԲ ունի որոշ օգուտներ և ռիսկեր, որոնց մասին ձեզ մանրակրկիտ տեղեկություններ կարող է հաղորդել ձեր բժիշկը։
Ի՞նչ է հորմոնային փոխարինող բուժումը
ՀՓԲ հիմնական տեսակները ներառում են արհեստական հորմոնները՝ էստրոգեն, պրոգեստերոն և տեստոստերոն։
Դաշտանադադարի ընթացքում ձեր հորմոնների մակարդակները սկսում են տատանվել՝ կտրուկ բարձրանալ կամ նվազել, որոնք էլ առաջացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են տաք «ալիքները» և գիշերային քրտնոտությունը։
ՀՓԲ օգնում է հորմոնների մակարդակների կարգավորմանը, որի շնորհիվ մեղմանում են դաշտանադադարի ախտանիշները։
Ինչպե՞ս է օգտագործվում
ՀՓԲ կարող է նշանակվել՝
- խմելու հաբերով
- մաշկով ներծծվող գելով կամ սպեղանիներով
- ներհեշտոցային քսուքներով և հաբերով
- ներարգանդային միջոցներով։
Որո՞նք են ՀՓԲ օգուտները
ՀՓԲ սովորաբար օգտակար է, երբ դուք ունեք դաշտանադադարին ուղեկցող տաք «ներհոսեր» և գիշերային քրտնոտություն։ ՀՓԲ այլ օգուտներից են տրամադրության և քնի կարգավորումը և կնոջ սեռական հակման վերականգնումը։ Որոշ կանանց մոտ կարող են մեղմանալ նաև հոդացավերը, հեշտոցի չորությունը և հուզական անկայունությունը:
Որո՞նք են ՀՓԲ ռիսկերը
ՀՓԲ որոշ տեսակները կարող են քիչ բարձրացնել կրծքագեղձերի քաղցկեղի և թրոմբոզների (ոտքերում կամ թոքերում արյան մակարդուկների) ռիսկը։ Սակայն, ՀՓԲ-ն կարող է նաև կանխարգելել որոշ հիվանդությունների հավանականությունը՝ օստեոպորոզ, սրտանոթային հիվանդություններ, դիաբետ և քաղցկեղի որոշ տեսակներ։ Ընթացիկ միջազգային ուղեցույցները վկայակոչում են, որ դաշտանադադարի արտահայտված ախտանիշներով կանանց մոտ ՀՓԲ-ի օգուտները գերակշռում են վնասներին, և բուժման այս տարբերակը առողջ կանանց մեծ մասի համար անվտանգ է։
Որոշ կանանց մոտ ՀՓԲ-ն կարող է բերել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ նողկանք, օրգանիզմում հեղուկների պահում, վքնածություն (աղիների փքվածության զգացում), կրծքագեղձերի պնդացում, այտուց և անկանոն դաշտանային ցիկլ։ Այս նշանների մեծ մասը ժամանակի ընթացքում մեղմանում կամ վերանում է։
ՀՓԲ կարող է ձեզ չնշանակվել (հակացուցումներ), եթե ձեզ մոտ առկա է՝
- կրծքագեղձի քաղցկեղ
- արգանդի քաղցկեղ
- սրտային հիվանդություններ
- արյան մակարդելիության խանգարումներ և թրոմբոզներ
- ինսուլտ
- ձվարանի քաղցկեղ
- ոչ նորմալ հեշտոցային արյունահոսություն
- ոչ նորմալ լյարդի գործունեություն
- լեղապարկի հետ կապված խնդիրներ
- բարձր խոլեսթերին
- դիաբետ
- արյան բարձր ճնշում։
ՀՓԲ հետ կապված ռիսկերը կախված են ձեր տարիքից, փոխարինող բուժման տեսակից, տևողությունից և ընդհանուր առողջական վիճակից։
ՀՓԲ ռիսկերի և նպատակահարմարության մասին լրացուցիչ տեղեկություններ և խորհուրդներ կարող եք ստանալ ձեր բժշկից։
Ինչպե՞ս նվազեցնել ՀՓԲ հետ կապված ռիսկերը
Դուք կարող նվազեցնել ՄՓԲ հետ կապված ռիսկերը՝
- ՀՓԲ շարունակելով ոչ ավելի, քան 5 տարի
- հասնելով ցանկալի արդյունքներին՝ նվազագույն դեղաչափերով
- ձեր ապրելակերպը դարձնելով առողջ
- հետևելով ձեր առողջական վիճակին և, եթե առկա են, բուժել դիաբետը և արյան բարձր ճնշումը։
Հոդվածը վերանայվել է՝ 11-02-2021