Բազմաթիվ մարդիկ ալկոհոլ (ոգելից խմիչքներ) օգտագործում են զուտ «թուլանալու» համար և որպես շփումը հեշտացնող միջոց (սոցիալիզացիա)։
Ալկոհոլը կարող է դառնալ ձեր առողջ ապրելակերպի մի մասը, եթե օգտագործեք փոքր չափերով և հետևում եք ձեր առողջությանը:
Ե՞րբ է ալկոհոլը դառում առողջական խնդիր
Բազմաթիվ մարդիկ ալկոհոլ օգտագործում են այն քանակներով, որոնք կարող են վնասել իրենց առողջությունը։ Ալկոհոլի օգտագործման նման բնույթը կարող է դառնալ վնասվածքների և հիվանդությունների, անգամ մահվան պատճառ, ինչպես նաև հանգեցնել սոցիալական տարբեր հետևանքների ու անախորժությունների (ընտանիք, աշխատավայր և ընկերներ)։
Ձեզ կամ մեկ այլ մարդու համար գոյություն չունի ալկոհոլի կոնկրետ նորմալ կամ անվտանգ չափ։ Այնուամենայնիվ, տարբեր ուղեցույցներում ալկոհոլի առաջացրած վնասների ռիսկը նվազեցնելու համար առոողջ չափահաս մարդկանց խորհուրդ է տրվում է օրվա ընթացքում խմել ոչ ավելի, քան 2 ստանդարտ չափաբաժին, իսկ մեկ առիթի ընթացքում (հաջորդաբար)՝ ոչ ավելի քան 4 ստանդարտ չափաբաժին ալկոհոլ։ Ալկոհոլի ընդունման ստանդարտ չափ (ումպ, անգլերեն՝ drink) համարվում է միջին թնդության գարեջրի մեկ բաժակը կամ 100 մլ գինին կամ 30 մլ թունդ սպիրտային խմիչքը։
Այուամենայնիվ, մարդկանց որոշ խմբեր ալկոհոլի հետևանքների նկատմամբ ավելի խոցելի են, օրինակ՝ 18 տարին չբոլորած անչափահասներ, 65 տարեկանն անց մեծահասակներ, ռիսկային վարքագիծ դրսևորողներ, ինչպիսին է ալկոհոլի ազդեցությամբ մեքենա վարելը, ապօրինի թմրամիջոցներ կամ այլ դեղեր ընդունողներ։ Իսկ հղիներին ոգելից խմիչքների օգտագործումն ընդհանրապես խորհուրդ չի տրվում։
Ալկոհոլի կարճաժամկետ առողջական հետևանքները
Մարդկանց կեսից ավելին առիթի դեպքում խմում է ալկոհոլի «նորման» գերազանցող քանակներ, որը բերում է հարբեցման։ Հարբածությունն ալկոհոլի կարճաժամկետ ազդեցությունն է, որը կարող է ներառել հետևյալը՝
- գլխապտույտ
- ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորուստ
- հավասարակշռության խախտում
- հիշողության կորուստ
- սրտխառնոց
- ալկոհոլի օգտագոծման հաջորդ օրը՝ գլխացավեր (խումհար)
- պատահական վնասվածքներ (հարբած վիճակում կարող եք պատահաբար վնասել ձեզ կամ այլոց)
- նպատակադրված վնասվածքներ (հարբած վիճակում դուք կարող եք վնասել ձեզ կամ այլոց)
- ճանապարհատրանսպորտային պատահարներ
- ալկոհոլային թունավորում (կարող է ունենալ նաև մահացու ելք):
Ալկոհոլի երկարաժամկետ առողջական հետևանքները
Երկար ժամանակ օրական ավելի քան 2 ստանդարտ «չափ» ոգելից խմիչքների օգտագործումը կարող է լրջորեն վնասել ձեր առողջությունը։ Նման իրավիճակներն անվանում են «ալկոհոլի չարաշահում» կամ «ալկոհոլի վնասաբեր օգտագործում»։
Ալկոհոլի չարաշահումը կարող է առաջացնել ալկոհոլի նկատմամբ հակում և կախվածություն (քրոնիկ ալկոհոլիզմ)։ Ալկոհոլից կախվածության առաջացմանը զգալիորեն նպաստում են դեպրեսիան կամ տագնապի խանգարումերը։ Ալկոհոլիզմն ինքը կարող է բերել հոգեկան տարբեր շեղումների, այդ թվում՝ բարձրացել ինքնասպանության ռիսկը։
Ալկոհոլի չարաշահումը ժամանակի ընթացքում վնասում է գրեթե բոլոր օրգան-համակարգերը՝ զարգացնելով տարաբնույթ առողջական խնդիրներ։ Ահա դրանցից ամենակարևորները։
- Գլխուղեղ. ուշադրության կենտրոնացման շեղումներ, հիշողության թուլացում, տրամադրության խանգարումներ, մտածողության խանգարումներ, ինչպես նաև ինսուլտի և դեմենցիայի զարգացման ռիսկերի բարձրացում։
- Սիրտ. բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), սրտի իշեմիկ հիվանդության և սրտամկանի ինֆարկտի ռիսկերի բարձրացում։
- Լյարդ. լյարդի քաղցկեղի և ցիռոզի ռիսկերի բարձրացում (սովորաբար, տարիներ շարունակ օրական ավելի քան 3-4 ստանդարտ չափ ալկոհոլ օգտագործելիս)։
- Ստամոքս. ստամոքսի խոցի, քաղցկեղի և աղիների քաղցկեղի ռիսկերի բարձրացում (սովորաբար, տարիներ շարունակ օրական 1-2 ստանդարտ չափ ալկոհոլ օգտագործելիս)։
- Պտղաբերություն. տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազում, սերմնահեղուկում առողջ սպերմատոզոիդների թվի կրճատում, իսկ կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի տարբեր խանգարումներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2018
Վերջին վերանայում՝ 05-05-2024