«Սառույցը» և հոգեկան առողջությունը
24-05-2019
2 րոպե

«Սառույցը» մետամֆետամինի ժարգոնային անվանումն է, որը խթանիչ ազդեցությամբ թմրամիջոց է:
Մեթամֆետամինն արագացնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանիշների հաղորդումը և կապված է գլխուղեղի և հոգեկան առողջության տարբեր խնդիրների ռիսկի բարձրացման հետ, այդ թվում՝ ինսուլտ, տագնապ, դեպրեսիա, բռնարարքային վարքագիծ և փսիխոզ:
«Սառույցը» պատկանում է ամֆետամինային թմրամիջոցների խմբին: «Սառույցը» կարող է ունենալ անգույն «քարերի» (այստեղից էլ «սառույց» անվանումը) կամ սպիտակից մինչև շագանակագույն բյուրեղանման փոշու տեսք: Այն կարող է օգտագործվել ներարկման, ծխելու, քթով ներքաշելու կամ կուլ տալու եղանակով:
«Սառույցի» ազդեցությունները
«Սառույցն» առաջացնում է ուժեղ հուզական «վերելք», ինքնավստահության և ներուժի բարձրացում:
Ժամանակի ընթացքում մարդիկ ստիպված են օգտագործել «սառույցի» ավելի մեծ քանակներ, որպեսզի զգան նախկին ազդեցությունը, և սա առաջացնում է ուժեղ հակում: Որոշ օգտագործողների մոտ կարող է նաև զարգանալ թմրամիջոցի պահանջ, որպեսզի կարողանան անել առօրյա գործերը:
Հոգեկան առողջության խնդիրներ
«Սառույց» օգտագործող մարդիկ կարող են տառապել պարանոյայից, ցնորքներից (հալյուցինացիա), հիշողության կորստից և քնի դժվարացումից:
Հաճախակի օգտագործվող բարձր դեղաչափերը կարող են առաջացնել «սառույցային փսիխոզներ»՝ պարանոիդ զառանցանքներ, ցնորքներ և արտասովոր, ագրեսիվ կամ բռնությամբ լի վարքագծեր, որը կարող է շարունակվել մի քանի օր:
Թմրամիջոցի օգտագործման դադարեցումն ուղեկցվում է տագնապի, դեպրեսիայի և պարանոյայի ախտանիշներով, որոնք կարող են շարունակվել օրեր:
Կանոնավոր օգտագործողները կարող են զգալ, որ առօրյա գործերը դարձել են քիչ հաճույք պատճառող: Նրանց տրամադրությունը դառնում է անկայուն՝ դեպրեսիայի և հեշտությամբ սթրեսին ենթարկվելու գերակշռությամբ: Մարդիկ դառնում են սոցիալական, աշխատանքային և ֆինանսական խնդիրների նկատմամբ ավելի խոցելի:
«Սառույց» օգտագործելու անհագուրդ ցանկությունը կարող է բերել ագրեսիվ և բռնությամբ լցված վարքագծերի, և նման մարդիկ կարող են խաթարել իրենց ընտանիքի և ընկերների կյանքը:
Մեթամֆետամինից զրկանքը
«Սառույցի» տևական օգտագործումն առաջացնում է ուժեղ հակում: Զրկանքի ախտանիշները կարող են ներառել՝ գերգրգռվածություն, անուժություն և հյուծվածություն, պարանոյա, դեպրեսիա, անհանգստություն և տագնապ: Մարդիկ կարող են զգալ մի քանի շաբաթ շարունակվող թմրամիջոց օգտագործելու մեծ ցանկություն, խուճապի նոպաներ և գիշերային մղձավանջներ:
Հոդվածը վերանայվել է՝ 29-06-2021