Մեթամֆետամինն ամֆետամինային շարքի թմրամիջոց է, որն ավելի շատ հայտնի է որպես «սառույց» կամ «բյուրեղային մեթ»:
Մեթամֆետամինն օժտված է հակում և կախվածություն առաջացնելու բարձր ունակությամբ և կապված է ֆիզիկական և հոգեկան տարբեր խնդիրների առաջացման հետ:
Ի՞նչ է մեթամֆետամինը
Մեթամֆետամինը ամֆետամինի մի տեսակն է: Այն հայտնի է որպես «սառույց» (ice), «բյուրեղային մեթ» (cristal meth), «շաբու», «բյուրեղ», «ապակի», և «պի»:
Սա խթանիչ թմրամիջոց է, որը նշանակում է, որ արագացնում է դեպի ուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանների հաղորդումը: Մեթամֆետամինն ավելի ուժեղ է, քան ամֆետամինի այլ տեսակները, օրինակ՝ «սպիդը» (speed, որը թարգմանվում է որպես «արագություն»):
Մեթամֆետամինը սև շուկայում հայտնվում է փոքր բյուրեղների տեսքով, որը նման է սառույցի կամ բյուրեղանման փոշու և ունի սուր հոտ և դառը համ:
Մեթամֆետամինը սովորաբար օգտագործում են ծխելու կամ ներարկման և ավելի հազվադեպ՝ ծամելու կամ շնչելու եղանակով:
Մեթամֆետամինի ազդեցությունները
Մեթամֆետամինն առաջացնում է հզոր հուզական «վերելք»՝ հաճույք, որը կարող է տևել ժամեր, իսկ ազդեցության վերացումը՝ օրեր:
Օգտագործողները նշում են նաև սրտազարկի կտրուկ արագացում և շնչառության հաճախացում: Նրանց արյան ճնշումը և մարմնի ջերմաստիճանը նույնպես բարձրանում են: Մեթամֆետամինի ազդեցության ներքո ի հայտ են գալիս կրկնվող շարժումներ, օրինակ՝ անընդհատ քորում են մաշկը:
Մեթամֆետամինի կրկնակի օգտագործումը կարող է առաջացնել թոքային և սրտային խնդիրներ, այդ թվում՝ ինսուլտ:
Մեթամֆետամինի գերդոզավորումը կարող է ուղեկցվել ուժեղ սրտխփոցի զգացողությամբ, սրտամկանի ինֆարկտով, ջղաձգումներով և ցնցումներով, ինչպես նաև գիտակցության կորստով:
Եթե կարծում եք, որ մեթամֆետամին օգտագործած ինչ-որ մեկի մոտ զարգացել են ծանր ազդեցություններ կամ գերդոզավորում, անմիջապես զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Կանոնավոր կերպով մեթամֆետամին օգտագործող մարդիկ երևում են իրենց տարիքից ավելի մեծ և նշում են ատամների ծանր ախտահարումներ: Նրանց մարմնի քաշը կտրուկ նվազում է՝ մարդուն տալով անառողջ նիհարություն՝ հյուծվածություն: Մեթամֆետամինի չարաշահումն արագ առաջացնում է հակում:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2019
Վերջին վերանայում՝ 31-07-2024