Հղիության ընթացքում իմունային համակարգը բնականոն կերպով սովորականից ավելի թույլ է:
Սա նշանակում է, որ հղի ժամանակ ավելի խոցելի եք դառնում որոշ վարակների և հիվանդությունների նկատմամբ, որոնք կարող են վնաս պատճառել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր զարգացող երեխային: Ուստի, որոշ նախազգուշական միջոցներ ձեռնարկելը կարող է օգնել, որ ինչպես ձեզ մոտ, այնպես էլ ձեր երեխայի մոտ նվազեցվեն այս առողջական խնդիրների զարգացման վտանգը:
Պատվաստումը կամ իմունիզացիան արդյունավետ մեթոդ է, որը կարող է ձեզ և ձեր երեխային պաշտպանել որոշ վարակներից: Մինչև հղի դառնալը ստուգեք, թե արդյոք պաշտպանված եք այդ վարակներից:
Պարտադիր պատվաստումներից բացի, ինչպիսիք են փայտացումը և պոլիոմիելիտը, հղի կանայք նաև պետք է իմունիտետ ունենան հեպատիտ B-ի, խոզուկի, կարմրուկի, կարմրախտի, ջրծաղիկի, կապույտ հազի և գրիպի (ինֆլուենցա) դեմ: Ուստի, բոլոր կանանց խորհուրդ է տրվում հղիություն նախատեսելու դեպքում ստանալ պատվաստանյութեր, քանի որ հղիության ընթացքում դրանցից ոչ բոլորը կարող են կիրառվել:
Այնուամենայնիվ, եթե տարբեր պատճառներով մինչև հղիությունը չեք ստացել անհրաժեշտ պատվաստանյութեր, խորհուրդ է տրվում դրանք ստանալ հղիության ընթացքում (գրիպը և կապույտ հազը՝ 2-ից մինչև 3-րդ եռամսյակում): Բոլոր այս պատվաստանյութերը կարող են տրվել նաև կրծքով կերակրող մայրերին, քանի որ իմունիզացիան նվազեցնում է այս հիվանդությունների փոխանցումը նորածնին:
Պատվաստումներ մինչև հղիությունը
Խոզուկ, կարմրուկ և կարմրախտ
Հղիության ընթացքում կարմրախտային վարակը կարող է առաջացնել ծանր բնածին արատներ: Եթե ծնվել եք մինչև 1966 թվականը, լիարժեք պաշտպանության համար կարիք կունենաք ստանալու լրացուցիչ պատվաստանյութ, որի վերաբերյալ պետք է զրուցել ձեր բժշկի հետ: Խորհուրդ է տրվում, որ այս պատվաստանյութերը ստանաք նախատեսված հղիությունից առնվազն 4 շաբաթ առաջ:
Ջրծաղիկ
Հղիության ընթացքում ջրծաղիկային վարակը կարող է առաջացնել ծանր բարդություններ ինչպես ձեզ մոտ, այնպես էլ ձեր չծնված երեխայի մոտ: Արյան թեստով կարող է որոշվել, թե արդյոք ունեք այս վարակի նկատմամբ իմունիտետ: Եթե ջրծաղիկից պաշտպանված չեք, զրուցեք այդ մասին բժշկի հետ: Նման դեպքերում կարող է պահանջվել պատվաստանյութի երկու դեղաչափ, որը խորհուրդ է տրվում ստանալ նախատեսված հղիությունից առնվազն 4 շաբաթ առաջ:
Պնևմոկոկ
Պևնմոկոկային վարակով պատճառված ծանր հիվանդություններից պաշտպանվելու համար պատվաստում խորհուրդ է տրվում ծխողների, քրոնիկ սրտային, թոքային կամ երիկամային հիվանդություններով կամ դիաբետ ունեցող կանանց:
Պատվաստումներ ճանապարհորդելուց առաջ
Այլ երկրներ ճանապարհորդելուց առաջ պատվաստում ստանալը ոչ միշտ է խորհուրդ տրվում հղիության ընթացքում:
Հղիության ընթացքում անվտանգ պատվաստումներ
Հղիության ընթացքում խորհուրդ տրվող միակ անվտանգ պատվաստումները կապույտ հազի և գրիպի դեմ իմունիզացիաներն են:
Կապույտ հազ
Կապույտ հազը կարող է ծանր բարդություն պատճառել և անգամ մահվան ելք ունենալ մինչև 6 ամսական երեխաների մոտ: Ներկայում խորհուրդ է տրվում, որ բոլոր հղի կանայք ստանան կապույտ հազի դեմ պատվաստում 2-րդ եռամսյակի կեսերից մինչև վաղ 3-րդ եռամսյակը՝ 20-32-րդ շաբաթների ընթացքում: Սա լավագույն ժամանակահատվածն է, երբ մոր արյան հունով հակամարմինները կարող են հասնել պտղին և վերացնել նորածնի մոտ կապույտ հազի ռիսկը:
Գրիպ (ինֆլուենցա)
Գրիպը կարող է առաջացնել ծանր բարդություններ, իսկ հղի լինելը շուրջ 5 անգամ բարձրացնում է գրիպի բարդությունների ռիսկը: Ուստի գրիպի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում բոլոր հղի կանանց:
Գրիպի պատվաստանյութն անվտանգ է և կարող է տրվել ինչպես մինչև հղիությունը, այնպես էլ հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո: Յուրաքանչյուր տարի պատվաստանյութ ստանալը պաշտպանում է նույն տարվա ընթացքում հայտնված գրիպի նոր շտամերից, ինչպես նաև նվազեցնում է երեխայի մոտ գրիպի տարածման և բարդությունների հավանականությունը ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծնվելուց հետո կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024