Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում և մասնակցում գլյուկոզի նյութափոխանակությանը։
Ինսուլինի շնորհիվ սննդով ստացված և արյան հուն մուտք գործած գլյուկոզը յուրացվում է բջիջների կողմից և փոխակերպվում էներգիայի։
Գլյուկոզը հայտնաբերվում է ածխաջրատներ պարունակող սննդամթերքներում՝ հաց, մակարոնեղեն, բրինձ, կարտոֆիլ, ինչպես նաև քաղցրահամ ըմպելիքներում և քաղցրավենիքներում։
Եթե ունեք դիաբետ, ձեզ մոտ խախտվում է գլյուկոզի յուրացումը և օրգանիզմի նորմալ գործունեությունն ապահովող էներգիայի ստացումը։
1-ին տիպի դիաբետով բոլոր և 2-րդ տիպի դիաբետով որոշ մարդիկ ինսուլինային փոխարինող բուժման կարիք ունեն։ Ինսուլինային բուժման նպատակն ինսուլինի անբավարարության պայմաններում գլյուկոզի նյութափոխանակության ապահովումն է։
Ինսուլինի պահպանումը
Եթե դուք խախտեք ինսուլինի պահպանման պայմանները, վերջինիս արդյունավետությունը կարող է թուլանալ կամ կարող է դրսևորել արտասովոր ազդեցություն։ Օգտագործվող (բացած) ինսուլինը պետք է պահպանել սենյակային ջերմաստիճանում (30 աստիճանից ներքև) ոչ ավելի, քան մեկ ամիս, իսկ պահեստային (չբացած) ինսուլինը՝ միայն սառնարանում։ Երբեք մի՛ պահեք ինսուլինը սառցարանում։
Ինսուլինի օգտագործումը
Ձեր բժիշկը կամ բուժքույրը ցույց կտան և կբացատրեն, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել ինսուլինը։ Շատ կարևոր է, որ խստորեն հետևեք նրանց հրահանգներին։
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- մոռացել կամ բաց եք թողել ինսուլինի հերթական դեղաչափը
- ինսուլինն օգտագործել եք նախատեսվածից ժամից ավելի ուշ
- խախտել եք ինսուլինի դեղաչափը։
Եթե օգտագործել եք չափից շատ ինսուլին
Ինսուլինի կամ դիաբետի այլ դեղերի գերդոզավորումը կարող է առաջացնել արյան գլյուկոզի մակարդակի կտրուկ անկում։ Նման իրավիճակը հայտնի է որպես հիպոգլիկեմիա կամ «հիպո» և կարող է առաջացնել ծանր առողջական հետևանքներ։ Եթե կարծում եք, որ գերդոզավորել եք ձեր ինսուլինը, հաճախակի ստուգեք արյան գլյուկոզի մակարդակը և զեկուցեք ձեր բժշկին։
Արյան գլյուկոզի մակարդակի ցածր թվերի դեպքում կարող եք ընդունել քաղցրահամ սնունդ, շաքարաջուր կամ գլյուկոզի հաբ։
Եթե օգտագործել եք չափից քիչ ինսուլին
Ինսուլինի ձեր դեղաչափից ավելի քիչ քանակի ընդունումը կարող է առաջացնել արյան գլյուկոզի մակարդակի բարձրացում, որը հայտնի է որպես հիպերգլիկեմիա։
Եթե մոռացել կամ բաց եք թողել ձեր ինսուլինի հերթական դեղաչափը կամ ստացել եք նախատեսվածից ավելի ցածր դեղաչափ, ապա՝
- մի՛ ընդունեք բաց թողած դեղաչափը կամ լրացուցիչ ինսուլին՝ քանի դեռ կապ չեք հաստատել ձեր բժշկի հետ
- խմեք մեծ քանակությամբ ջուր կամ շաքար և ալկոհոլ չպարունակող հեղուկներ, որ կանխեք հնարավոր ջրազրկումը
- խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ կոլա, թեյ կամ սուրճ, որոնք կարող են խորացնել հնարավոր ջրազրկումը
- շարունակեք կանոնավոր կերպով ստուգել ձեր արյան գլյուկոզի մակարդակը և զեկուցել ձեր բժշկին։
Եթե ձեր ինսուլինը վերջացել է
Աշխատեք որպես պահուստային տարբերակ սառնարանում մշտապես ունենալ առնվազն մեկ չբացած ֆլակոն ինսուլին։
Այնուամենայնիվ, եթե ձեր ինսուլինը վերջացել է, ապա՝
- շտապ կապ հաստատեք ձեր բժշկի հետ՝ լսելու նրա խորհուրդները
- դիմեք դեղատուն՝ գնելու ինսուլին։
Եթե ձեր ինսուլինը ժամկետանց է
Բոլոր դեղերի նման ինսուլինը ևս ունի պիտանելիության ժամկետ, որը տպված է տուփի և պիտակի վրա։ Պիտանելիության ժամկետը լրացնալուց հետ ինսուլինը դառնում է ժամկետանց և այլևս չպետք է օգտագործվի։
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2018
Վերջին վերանայում՝ 03-05-2024