Յոդը քիմիական տարր է՝ միներալ, որն անփոխարինելի նշանակություն ունի գլխուղեղի նորմալ աճի և զարգացման համար։
Կարևոր է իմանալ, թե ինչքան յոդ է անհրաժեշտ ստանալ սննդի միջոցով, քանի որ յոդի ավելցուկն իր հերթին կարող է առաջացնել առողջական խնդիրներ։ Մարդկանց մեծ մասը սննդով ստանում է յոդի բավարար քանակներ։
Ի՞նչ է անում յոդը
Յոդն օգնում է վահանաձև գեղձին, որ արտադրի թիրոքսին հորմոնը (T4)։ Թիրոքսինը տարբեր մեխանիզմներով կառավարում է ձեր օրգանիզմի որոշ տեսակի բջիջների գորոծունեությունը և նյութափոխանակության մի շարք կարևոր շղթաներ։ Թիրոքսինը կարևոր է ձեր ոսկրերի և նյարդերի նորմալ աճի համար։ Այս հորմոնը նաև մասնակցում է օրգանիզմի կողմից սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի յուրացման գործընթացներին։
Ինչպե՞ս ստանալ յոդ
Դուք յոդ ստանում եք սննդի միջոցով։ Յոդով հարուստ են բազմաթիվ ծովամթերքներ, օրինակ՝ ոստրե (устрица), պերկես (окунь) և ծովային ջրիմուռներ (морские водоросли)։ Պահածոյացված սաղմոնը (лосось), հացը, ձուն, կաթը և կաթնամթերքները (օրինակ՝ յոգուրտ) նույնպես պարունակում են յոդ։
Յոդը ներառված է նաև կերակրի աղի տարբեր տեսակներում (յոդացված աղ)։ Դուք կարող եք ստուգել յոդի պարունակությունը՝ զննելով սննդամթերքի պիտակը։
Յոդացված աղն այժմ լայնորեն օգտագործվում է նաև հացարտադրության մեջ։
Ինչքա՞ն յոդի կարիք դուք ունեք
Անհրաժեշտ յոդի քանակը կախված է ձեր տարիքից և կյանքի փուլից։
Կյանքի փուլ | Յոդ (մկգ/օր) |
1-8 տարեկան երեխաներ | 90 |
9-13 տարեկան երեխաներ | 120 |
14-18 տարեկան դեռահասներ | 150 |
Հղի կանայք | 220 |
Կրծքով կերակրող կանայք | 270 |
Այլ չափահաս կանայք | 150 |
Չափահաս տղամարդիկ | 150 |
Յոդի ինչպես խիստ ցածր, այնպես էլ չափազանց բարձր քանակները կարող են առաջացնել խնդիրներ։
- Յոդի պակասը կարող է առաջացնել արտահայտված թուլություն, մրսելու զգացում, ուշադրության կենտրոնացման խանգարումներ և մազաթափություն։ Առանց յոդի բավարար քանակի վահանաձև գեղձը կարող է մեծանալ՝ առաջացնելով խպիպ, որն արտաքինից երևում է որպես պարանոցի առջևի մասի ուռածություն։
- Յոդի մեծ քանակները (սովորաբար՝ ստացված հավելումներով) վահանաձև գեղձի հիվանդություններով մարդկանց համար կարող են դառնալ վտանգավոր։
Յոդը և հղիությունը
Եթե հղի եք, համոզվեք, որ ստանում եք յոդի բավարար քանակներ։ Յոդի ցածր մակարդակները կարող են բարձրացնել վիժման ռիսկը։ Յոդի անբավարարությունը նաև կարող է առաջացնել պտղի աճի հապաղում և երեխայի ինտելեկտուալ զարգացման խնդիրներ։ Ժամանակակից ուղեցույցներով հղի և կերակրող կանանց խորհուրդ է տրվում ստանալ օրական 150 միկրոգրամ յոդի հավելում։ Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ։ Վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող կանանց յոդի հավելումներ ինքնուրույն ընդունել չի թույլատրվում, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել բժիշկը։
Բավարար յոդի ստացում
Առողջ սննդամթերքների հինգ տեսակներից բաղկացած սննդակարգը կարող է ձեզ ապահովել յոդի անհրաժեշտ քանակներով։ Յոդացված աղը պարունակում է յոդ, սակայն վերջինիս չափից դուրս մեծ քանակները բարձրացնում են բարձր արյան ճնշման ռիսկը։
Բժիշկը կարող է օգնել, որ ստանաք յոդի ճիշտ քանակներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 30-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024