Դաշտանային ցիկլը սկսվում է դաշտանի առաջին օրը և շարունակվում մինչև մյուս դաշտանի առաջին օրը:
Դաշտանային ցիկլը տևում է միջինը 28 օր, բայց կարող է տատանվել 21-ից մինչև 40 օրվա միջակայքում:
Այնուամենայնիվ, դաշտանային ցիկլի տևողությունը բացարձակ չէ և հաջորդ ցիկլի ժամանակ կարող է մի քանի օրով փոփոխվել:
Բուն դաշտանը (մենստրուացիա) սովորաբար տևում է 2-7 օր: Դաշտանային արյունահոսությունը կարող է իր բնույթով լինել սկսած թեթևից մինչև առատ, իսկ դաշտանային արյան գույնը՝ բաց կարմիրից մինչև մուգ շագանակագույն:
Ձեր ակնկալած ցիկլի բնույթից որևէ շեղումը կարող է անհանգստության տեղիք տալ: Շեղումների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ դաշտանը դառնում է սովորականից ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ, կամ ընդհանրապես անհետանում է: Նույն կերպ, դուք կարող եք արյունահոսել սովորականից ավելի առատ կամ ավելի սակավ: Դաշտանի տևողությունը նույնպես կարող է փոփոխվել:
Հերթական դաշտանը կարող է բացակայել, երբ ձվարանները ձվաբջիջ չեն ստեղծում: Դաշտանի բացակայության ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝
- սեռահասունությունը դեռ չի կայացել
- հղիություն
- կրծքով կերակրում
- դաշտանադադար (մենոպաուզա):
Կան նաև դաշտանը հազվադեպացնող, դրանք ավելի թույլ դարձնող կամ ընդհանրապես անհետացնող ավելի քիչ հանդիպող պատճառներ, այդ թվում՝
- ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն և հյուծող վարժանքներ
- մարմնի պակասորդային քաշ կամ խիստ սահմանափակող սննդակագ
- ծանր սթրեսային վիճակներ
- երկարատև և ծանր հիվանդություններ
- հորմոնային շեղումներ
- վահանաձև գեղձի հիվանդություններ
- հակաբեղմնավորիչ դեղերի և հորմոնների ընդունում
- որոշ այլ դեղերի ընդունում
- արգանդի և ձվարանների հիվանդություններ:
Դաշտանների հաճախականության և տևողության փոփոխության խնդրին իր կյանքի ինչ-որ մի ընթացքում առնչվել է գրեթե յուրաքանչյուր կին: Անկանոն կամ քչացած դաշտանի հետազոտությունը կամ բուժումը կախված է հնարավոր պատճառից: Օրինակ, բուժում չեն պահանջում դաշտանադադարին (մենոպաուզա) նախորդող ժամանակաշրջանում ի հայտ եկող անկանոն դաշտանները:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 27-04-2024