Առողջական խնդիրներ
Մանկական տարիքի արթրիտ

3 րոպե
Հոդաբորբ (արթրիտ) զարգանում է ոչ միայն մեծահասակ անձանց, այլև երեխաների մոտ: Մանկական տարիքի արթրիտը կամ հոդաբորբը հայտնի է նաև որպես «պատանեկան», «դեռահասների» կամ «յուվենիլ» արթրիտ:
Կարևոր է, որպեսզի երեխաների մոտ հոդաբորբի ախտանիշները հայտնաբերվեն և բուժվեն հնարավորինս վաղ:
Ի՞նչ է մանկական տարիքի արթրիտը
Արթրիտը կամ հոդաբորբը մի խումբ հիվանդություններ են, որոնք ախտահարում են ձեր հոդերը՝ առաջացնելով ցավ, այտուց և տվյալ հոդում շարժունակության սահմանափակում: Երբ հոդաբորբը զարգանում է մինչև 16 տարեկան հասակում, այն անվանում են «պատանեկան», «դեռահասների» կամ «յուվենիլ» արթրիտ:
Մանկական տարիքում հոդաբորբը կարող է ստանալ մեղմ կամ ծանր ընթացք և կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Երեխաների մոտ հոդաբորբը կարող է իր ախտանիշներով և ընթացքով նմանվել չափահաս մարդկանց արթրիտներին:
Մանկական տարիքի արթրիտի տեսակները
Տարբերում են պատանեկան կամ դեռահասների արթրիտի մի քանի տարբեր տեսակներ: Հիմնական տեսակներն են՝
- սակավահոդային (օլիգոարտիկուլյար կամ պաուցիարտիկուլյար), որն ամենահաճախ հանդիպող տեսակն է, սովորաբար զարգանում է 2-4 տարեկանում և ախտահարում մինչև 4 հոդ
- բազմահոդային (պոլիարտիկուլյար), որը զարգանում է 1-12 տարեկան երեխաների մոտ և ընթանում 5 և ավելի մեծ թվով հոդերի ախտահարմամբ:
Ավելի հազվադեպ հանդիպող պատանեկան արթրիտի տեսակներից են՝
- համակարգային (սիստեմիկ), որն ընթանում է այլ՝ արտահոդային ախտանիշների զարգացմամբ, օրինակ՝ մարմնի ջերմության բարձրացում և ցանավորում
- էնթեզիտ-կապված, երբ ախտահարվում են կապանների և ջլերի՝ ոսկրերին կպչելու կետերը
- փսորիատիկ, որի ժամանակ հոդերից բացի ախտահարվում է նաև երեխայի մաշկը:
Սովորաբար պատանեկան արթրիտի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում են մանկական ռևմատոլոգները:
Մանկական տարիքի արթրիտի ախտանիշները
Պատանեկան կամ դեռահասների արթրիտի ախտանիշները բազմազան են և ժամանակի տարբեր շրջաններում կամ տարբեր երեխաների մոտ կարող են ստանալ կլինիկական տարբեր դրսևորումներ: Ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
- մեկ կամ ավելի շատ հոդերի այտուցվածություն, ցավ և կարկամվածություն, հատկապես՝ հանգստից հետո սաստկացող, որը տևում է առնվազն 6 շաբաթ և ավելի երկար
- ախտահարված հոդերը ծածկող մաշկի տեղային տաքություն (որը զգացվում է հպվելիս) կամ կարմրություն:
Ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշերից են՝
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում
- ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում և մանկական աշխուժության կորուստ
- մաշկի ցանավորում
- ախորժակի վատացում և մարմնի կշռի կորուստ
- աչքերի, երբեմն նաև՝ այլ օրգանների բորբոքում:
Եթե կարծում եք, որ ձեր երեխայի մոտ կարող է լինել արթրիտ, կարևոր է, որպեսզի առանց հետաձգելու դիմեք բժշկի: Արթրիտի վաղ բուժումը թույլ է տալիս հնարավորինս խուսափել հոդերի երկարաժամկետ անդառնալի վնասումից և հաշմանդամությունից:
Մանկական տարիքի արթրիտի բուժումը
Պատանեկան կամ դեռահասների արթրիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է որպես տարբեր ոլորտի բժիշկ-մասնագետների թիմային աշխատանք, այդ թվում՝ ընտանեկան բժիշկ կամ մանկաբույժ, ռևմատոլոգ, ֆիզիոթերապևտ, պոդիատրիստ, սոցիալական աշխատող, հոգեբան և այլն:
Բուժումը կարող է ներառել՝
- ցավազրկող (օրինակ՝ Պարացետամոլ) և հակաբորբոքային դեղեր (օրինակ՝ Իբուպրոֆեն), որոնք օգնում են հոդացավի և այտուցվածության մեղմացմանը
- այլ դեղեր, օրինակ՝ ստերոիդներ կամ հիվանդությունը ձևափոխող հակառևմատիկ դեղեր
- հոդերի շարժունակությանը, մկանների ամրությանը և ցավերի մեղմացմանն ուղղված վարժություններ
- հոդերի շարժունակությանն օժանդակող միջոցներ (օրինակ՝ սպլինտ):
Հոդվածը տեղադրվել է՝ 18-02-2020 վերանայվել է՝ 23-06-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: