Առողջական խնդիրներ

Լեյկեմիան երեխաների մոտ

Լեյկեմիան երեխաների մոտ

Time Read 2 րոպե

Լեյկեմիան կամ լեյկոզը երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է։

Դեպքերի մեծ մասում երեխաների մոտ ախտորոշվում է սուր լիմֆոբլաստային լեյկեմիա, որը հաճախ հաջողությամբ բուժվում է։

Լեյկեմիայիով երեխաների բուժումը սովորաբար տևում է 2-3 տարի, որից հետո շարունակվում է կանոնավոր ստուգումը և ուշացած ախտանիշների կանխարգելումն ու բուժումը։

Երեխաների մոտ լեյկեմիայի տեսակները

Երեխաների մոտ հանդիպում են լեյկեմիայի հետևյալ տեսակները՝

  • սուր լիմֆոբլաստային լեյկեմիա, որը կոչվում է նաև սուր լիմֆոցիտային լեյկեմիա
  • սուր միելոիդային լեյկեմիա, որը կոչվում է նաև սուր միելոբլաստային լեյկոզ
  • քրոնիկ միելոիդային լեյկեմիա, որը թեև երեխաների մոտ խիստ հազվադեպ է հանդիպում, սակայն ավելի հաճախ ախտորոշվում է դեռահասների մոտ
  • քրոնիկ լիմֆոցիտային լեյկեմիա, որը երեխաների մոտ հազվադեպ հանդիպող, սակայն չափահաս տարիքում լեյկեմիայի ամենատարածված տեսակն է։

Լեյկեմիայի տեսակները միմյանցից տարբերվում են արյան ախտահարված բջջի տեսակով, ինչպես նաև ընթացքով, բուժման մեթոդներով և հաջող բուժման հավանականություններով։

Մանկական լեյկեմիայի բուժումը

Երեխաների մոտ լեյկեմիայի բուժման հիմնական տարբերակը հաբերվ կամ ներարկումներով նշանակվող քիմիոթերապիան է (մի քանի դեղերի համակցություն)։ Որոշ դեպքերում կարող է նշանակվել նաև ճառագայթային բուժում կամ ցողունային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստում։

Բուժման այլ տարբերակներից են կենսաբուժումը՝ ուղղված օրգանիզմի իմունային համակարգի ամրապնդմանը, «թիրախային» բուժումը, որն ավելի քիչ է վնասում առողջ բջիջները և ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է դրսևորում, քան քիմիոթերապիան, արյան բաղադրամասերի փոխներարկումը, երկրորդային բակտերիալ վարակների բուժումը հակաբիոտիկներով և այլն։

Ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների բուժումը կարող է ուղեկցվել կարճաժամկետ կողմնակի ազդեցություններով, օրինակ՝ սրտխառնոց և մազաթափություն։ Բուժումը նաև կարող է առաջացնել «ուշացած» կողմնակի ազդեցություններ, որոնք հայտնաբերվում և բուժվում են կանոնավոր ստուգումների միջոցով։

Լեյկեմիայով երեխաների խնամքը

Լեյկեմիայով երեխաների բուժումը սովորաբար շարունակվում է մինչև 3 տարի։ Այս ընթացքում շատ կարևոր է, որ նրանք հնարավորինս ապրեն նորմալ կյանքով, խաղան իրենց առօրյա խաղերը, ավելի հազվադեպ բացակայեն դպրոցից և չկտրվեն իրենց ընկերներից և մանկությունից։

Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2018 վերանայվել է՝ 09-09-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: