Տարեց մարդիկ առանձնակի խոցելի են միայնության և շրջապատից մեկուսացման առումով, և սա կարող է լուրջ ազդեցություն թողնել նրանց առողջության վրա: Սակայն, կան մենակության հաղթահարման ուղիներ, նույնիսկ եթե դուք միայնակ եք ապրում և դժվարանում եք տնից դուրս գալ:
Բազմաթիվ տարեցներ միայնակ ու հասարակությունից կտրված են, հատկապես նրանք, ովքեր 75 տարեկանից բարձր են:
Օրինակ, համաձայն Age UK-ի տվյալների, Անգլիայում 75 տարեկանից բարձր ավելի քան 2 միլիոն մարդ ապրում է միայնակ, և ավելի քան մեկ միլիոն տարեց մարդիկ ասում են, որ մեկ ամսից ավելի են անցնում առանց ընկերոջ, հարևանի կամ ընտանիքի անդամի հետ շփվելու:
Մարդիկ կարող են սոցիալապես մեկուսացված լինել տարբեր պատճառներով, ինչպիսիք են ծերանալը կամ թուլանալը, այլևս ընտանիքի ուշադրության կենտրոնում չլինելը, աշխատավայրը լքելը, ամուսինների և ընկերների մահը, հաշմանդամությունը կամ հիվանդությունը:
Ինչ պատճառ էլ որ լինի, մշտապես միայնակ և խոցելի վիճակում լինելը ահռելի ազդեցություն է թողնում անձի վրա և կարող է հանգեցնել դեպրեսիայի և ֆիզիկական առողջության և բարեկեցության լուրջ անկման:
Եթե որևէ մեկը միայնակ է, հավանաբար, նաև ունի շփման խնդիրներ: Մենակությունը պարուրում է մարդկանց խարանով, և տարեց մարդիկ հակված են օգնության չդիմել, քանի որ չափազանց մեծ հպարտություն ունեն:
Կարևոր է նաև նկատի ունենալ, որ մենակությունը կարող է և ազդում է ցանկացած տարիքի ցանկացած մարդու վրա:
Ահա տարեցների համար այլ մարդկանց հետ շփվելու և կրկին օգտակար և գնահատված զգալու մի շարք ուղիներ:
- Ժպտացեք, նույնիսկ եթե դժվարանում եք դա անել. оգտվեք այլ անձանց ժպտալու կամ զրույց նախաձեռնելու բոլոր հնարավորություններից, օրինակ՝ խանութի վաճառողուհուն կամ ձեր բժշկի սպասասրահում գտնվող այլ մարդկանց տեսնելիս: Եթե ամաչկոտ եք կամ վստահ չեք, թե ինչ ասել, փորձեք մարդկանց հարցնել իրենց մասին:
- Հրավիրեք ընկերներին թեյելու. եթե ձեզ տխուր և միայնակ եք զգում, գուցե կարծեք, որ ոչ ոք չի ցանկանում այցելել ձեզ: Սակայն, ընկերները, ընտանիքը և հարևանները հաճախ դրականորեն կպատասխանեն ձեզնից հրավեր ստանալուն, կայցելեն ձեզ և որոշակի ժամանակ կանցկացնեն ձեզ հետ: Նույն կերպ, կարող եք ձեր մտերիմներին և ընկերներին հրավիրել որևէ սրճարան կամ այլ վայր:
- Պահպանեք կապը հեռախոսի միջոցով. ընկերոջ կամ բարեկամի հետ հեռախոսային զրույց ունենալը նույնպես կարող է օգնել, որ չկորցնեք ձեր նախկին կապերն ու փոխհարաբերությունները:
- Սովորեք համակարգչով կամ բջջայինով շփման ուղիները. եթե ձեր ընկերները կամ ընտանիքը ձեզնից հեռու են, նրանց հետ կապը պահպանելու հիանալի միջոցներ են համակարգիչը, սմարտֆոնը կամ պլանշետը: Այս սարքերը թույլ են տալիս կատարել տեսազանգեր (Զում, Սկայփ, Վայբեր և այլն), ստեղծել նոր առցանց կապեր, կիսվել լուսանկարներով կամ տեսանյութերով կամ մասնակցել ձեր նախընտրած թեմայի շուրջ առցանց քննարկումներին:
- Ներգրավվեք տեղային համայնքային միջոցառումներին. օրինակներից են փոխօգնության խմբերը, համայնքային սոցիալական ծրագրերը, տարբեր միջոցառումները և այլն:
- Պահեք ձեր օրագիրը. միայնակությունը հաղթահարելուն կարող է օգնել ձեր ապագա գործերը նախատեսելը և դրանց վերաբերյալ գրառումներ կատարելը:
- Դուրս եկեք փողոց. մի՛ սպասեք, որ մարդիկ գան և տեսնեն ձեզ, այլ ինքներդ նախաձեռնեք այցելություններ և հանդիպումներ:
- Օգնեք մյուսներին. օգտագործեք ձեր գիտելիքներն ու կյանքի ընթացքում կուտակած փորձը՝ այլ մարդկանց օգնելու և բարի խորհուրդ տալու համար: Լավ միտք է նաև կամավոր բարեգործական ծրագրերին մասնակցելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-09-2024
Վերջին վերանայում՝ 18-09-2024