Սերը, սեռական հարաբերությունները (սեքս) և ընկերությունն ունեն շատ հստակ դրական առողջական ազդեցություններ։
Որոշ գիտական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ սիրային կապվածությունը, զույգերի միմյանց ֆիզիկական հպումը և սեռական հարաբերությունները կարող են կարգավորել արյան ճնշումը, իսկ հուզական և սոցիալական աջակցությունը կարող է օգնել ձեր ինքնազգացողության բարելավմանը:
Այս հոդվածում մենք «սեռական հարաբերություն» արտահայտության փոխարեն մենք կօգտագործենք ավելի կարճ «սեքս» անվանումը։
Սեքսը լավ է ձեր սրտի համար
Այն ամենը, ինչ «մարզում է» ձեր սիրտը, այդ թվում՝ սեքսը, լավ է ձեր առողջության համար։
Սեռական վերելքը արագացնում է սրտազարկը և սրտի կծկումները հասնում են իրենց ամենաբարձր ռիթմին օրգազմի ժամանակ։ Սակայն, ցանկացած ֆիզիկական վարժանքի նման, սա ևս կախված է նրանից, թե ինչ ակտիվությամբ եք դուք սեքսով զվաղվում։ Որոշ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ օրգազմի ընթացքում սրտի կծկումների միջին հաճախականությունը նույնն է, ինչ որ ֆիզիկական թույլ վարժանք կատարելիս, օրինակ՝ աստիճաններով վեր բարձրանալիս։
Սրտային հիվանդություն ունենալը չի նշանակում, որ դուք պետք է խուսափեք սիրային անկողնուց։ Փորձագետները խորհուրդ են տալիս, որ սեքսը կարող է տևել այնքան, որքան տևում է ձեր ամենօրյա ակտիվ ֆիզիկական գործունեությունը՝ առանց կրծքավանդակի ցավ կամ դրան համարժեք այլ գանգատներ առաջացնելու, ինչպիսիք են չհանդարտվող հևոցը, սրտի կամ կրծքավանդակի շրջանում ծանրության կամ սեղմող զգացումներ և այլն։
Հիշեք նաև, որ սեքսը ձեր սիրտը մարզելու միակ հնարավորությունը չէ: Չափահասներին խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն 150 րոպե տրամադրել չափավոր ծանրաբեռնվածության աէրոբիկ վարժանքներին, օրինակ՝ հեծանվավարություն, արագ քայլք, դանդաղ վազք և այլն: Ֆիզիկապես ամրապնդումը օգնում է նաև սեքսին:
Գրկելը կարող է բարերար ազդել ձեր արյան ճնշման վրա
Սիրո էակին առանձնահատուկ գրկելը կարող է օգնել ձեր արյան ճնշման նվազեցմանը: Հետազոտական փոքր փորձարկման տվյալներով, երբ զույգերը մոտ 10 րոպե բռնել են միմյանց ձեռքերը, որից հետո մոտ 20 վայրկյան գրկախառնվել են, նման գործողությունները մեղմացրել են հետագա սթրեսը (օրինակ՝ հանրային ելույթ): Առանց միմյանց հպվելու զույգերի հետ համեմատելիս գրկախառնվելը նաև նվազեցնում է սրտազարկի արագությունը:
Սեքսը կարող է լինել յուրահատուկ սթրես
46 տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված փոքր հարցման արդյունքներով սեքսը կարող է մարդկանց օգնել սթրեսը դիմակայելու հարցում:
Այս հետազոտության մասնակիցները լրացրել են իրենց սեռական ակտիվության օրագիրը՝ գրանցելով ինչպես «թափանցող» (պենետրացիոն), այնպես էլ չթափանցող սեռական ակտերի և ձեռնաշարժության դեպքերը: Սթրեսային թեստերը (հրապարակային ելույթ, բարձրաձայն մտավոր մաթեմատիկա) վկայել են, որ սեքսով չզբաղված անձինք ենթարկվել են սթրեսի ամենաբարձր մակարդակին (գնահատվել է ըստ արյան ճնշման բարձրացման), իսկ «թափանցող» սեքսով զբաղվածները՝ ամենացածր ազդեցությանը:
Մարդիկ հաճախ նշում են, որ ինտիմ հարաբերությունները կամ օրգազմն օգնում է, որպեսզի նրանք զգան հաճելի թուլություն՝ այնպիսին, ինչպիսին վրա է հասնում ֆիզիկական վարժանք կատարելուց հետո կամ մեդիտացիայի ժամանակ:
Շաբաթական սեքսը կարող է օգնել հիվանդությունների դիմակայմանը
Ըստ որոշ պնդումների, սեքսով զբաղվելու հաճախականության և իմունային համակարգի «ամուր լինելու» միջև առկա է կապվածություն: ԱՄՆ-ում իրականացված մի հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ սեքսով զբաղվող անձանց արյան մեջ իմունոգլոբուլին A-ի (IgA) մակարդակն ավելի բարձր է, քան սեքսով չզբաղվողների մոտ:
Այս թեմայի վերաբերյալ հավաստի տվյալներ ստանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցների ստացում:
Սեքսով զբաղվող անձինք իրենց ավելի առողջ են զգում
Իրենց առողջ համարող մարդիկ կարող են ավելի հաճախ սեքսով զբաղվել, ինչը նշանակում է, որ կարող է գործել նաև հակառակ կապվածությունը՝ ավելի հաճախ սեքսով զբաղվելը կարող է բարելավել մարդկանց ինձնազգացողությունը: 57-85 տարեկան մոտ 3000 ամերիկացիների շրջանում անցկացված հետազոտության արդյունքները վկայել են, որ սեքսով զբաղվող անձինք իրենց ավելի առողջ են զգում, քան սեքսից հրաժարվողները:
Սերն ու աջակցությունն իրենց հերթին կարող են օգնել, որ դուք ձեզ ավելի առողջ զգաք: Սերտ փոխահարաբերությունների մեջ գտնվող կամ ամուսնացած անձինք ավելի հավանական է, որ իրենց առողջությունը կգնահատեն «շատ լավ» կամ «գերազանց», քան պարզապես «լավ» կամ «վատ»:
Սակայն առանց սեքսի կյանքը չի կարելի համարել գերազանց առողջության խոչընդոտ: Մեծ տարիքով շուրջ 700 եկեղեցիական կույսերի շրջանում անցկացված տևական մի հետազոտությամբ պարզվել է, որ նրանց մեծ մասը տարիքից անկախ ակտիվ կենսակերպ և լավ ինքնազգացողություն է ունեցել:
Թեև հետազոտողներն ապրելակերպի և դեմենցիայի միջև որոշակի կապվածություն նկարագրել են (օրինակ՝ երիտասարդ տարիքում ստացած բարձրագույն կրթությունը կամ դրական հույզերը կարող են կրճատել դեմենցիայի ռիսկը), նրանք սեռական ակտիվության և դեմենցիայի միջև որևէ կապ չեն գտել:
Սեքսով զբաղվելիս համոզվեք, որ այն անվտանգ է, քանի որ պահպանակները կարող են ձեզ և ձեր զուգընկերոջը պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից և չպլանավորված հղիությունից:
Սերը և աջակցությունը կրճատում են կրծքահեղձուկի և խոցային հիվանդության ռիսկը
Երջանիկ ամուսնությունը կարող է օգնել կրծքահեղձուկի (ստենոկարդիա) և ստամոքսի խոցի կանխարգելմանը, հատկապես, եթե դուք տղամարդ եք:
10000 տղամարդկանց մասնակցությամբ մի հետազոտությամբ պարզվել է, որ նրանք, ովքեր համարել են, որ իրենց կնոջ կողմից «սերո և աջակցության» են արժանանում, ունեցել են կրծքահեղձուկի զարգացման ավելի ցածր ռիսկ: Ընդ որում, նման փոխկապվածությունն ապացուցվել է այլ ռիսկի գործոնների առկայությունից անկախ, ինչպիսիք են մեծ տարիքը կամ բարձր արյան ճնշումը:
Նույն կերպ, շուրջ 8000 տղամարդ ներառող մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ 12-մատնյա աղու խոցի առաջացման հավանականությունն աճում է, երբ նրանք՝
- ունեն ընտանեկան խնդիրներ
- համարում են, որ իրենց կնոջ կողմից չեն արժանանում սիրո և աջակցության
- իրենց մեջ «պահում» են զայրույթն ու վիրավորանքը (չեն «արտահայտվում»):
Ընկերությունը նույնպես առողջարար է
Երեկոն ընկերական շրջապատում անցկացնելը նույնպես օգտակար է ձեր առողջության համար:
70 տարեկան և ավելի բարձր տարիքի շուրջ 1500 մասնակից ներառած 10-ամյա մի հետազոտությամբ պարզվել է, որ ամուր ընկերական կապեր ունեցող անձինք ավելի երկար են ապրում, քան նման կապեր չունեցողները: Հետազոտողները կարծում են, որ նման արդյունքի հիմքում ընկած է այն, որ հարազատ մարդիկ կարող են դրական ազդեցություն թողնել իրենց ընկերոջ ապրելակերպի ընտրության վրա (օրինակ՝ ծխելը դադարեցնելը կամ ֆիզիկական վարժանքներով զբաղվելը), ինչպես նաև հանդիսանում են հուզական աջակցության աղբյուր:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-01-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024