Առողջական խնդիրներ
Աճուկային շրջանի գրգռումը և վարակը տղամարդկանց մոտ

3 րոպե
Տղամարդկանց աճուկային շրջանի մաշկը հեշտությամբ կարող է գրգռվել կամ որևէ վարակից բորբոքվել։
Աճուկային շրջանի մաշկի գրգռում
Մաշկի գրգռումը տհաճ, երբեմն՝ նաև ցավոտ երևույթ է: Տղամարդկանց մոտ աճուկային գրգռումը կարող է զարգանալ տարբեր պատճառներից, այդ թվում՝
- ավազահատիկներ լողազգեստի կամ կարճ տաբատի մեջ (շորտ), սովորաբար՝ ծովափում
- քրտինք, որը կարող է կուտակվել ֆիզիկական ակտիվությունից հետո
- հարում (շփաբորբ), օրինակ՝ ֆիզիկական վարժանքների, սեռական հարաբերության ժամանակ
- քսանյութեր (լուբրիկանտներ) և սեմնասպան միջոցներ (սպերմիցիդներ)
- ռետինե ապրանքներ (լատեքս), օրինակ՝ պահպանակ
- օճառներ, ցնցուղի գել, շամպուններ, դեզադորանտներ կամ հիգիենիկ սփրեյներ
- դեզինֆեկտանտներ (մանրէասպաններ), հականեխիչներ (անտիսեպտիկներ) կամ դրանք պարունակող քսուքներ, լուծույթներ կամ յուղեր
- լվացքի փոշիներ կամ հեղուկներ (ներքնաշորերի ոչ լիարժեք պարզաջրում)
- նոր, հատկապես՝ ոչ բամբակյա ներքնաշոր:
Աճուկային գրգռում նաև կարող է զարգանալ հետևյալ պատճառներից՝
- մաշկային հիվանդություններ, օրինակ՝ էկզեմա կամ փսորիազ
- վարակներ
- մակաբույծներ, օրինակ՝ քոս կամ ցայլոջիլ:
Դուք կարող եք մեղմացնել աճուկային շրջանի մաշկի գրգռումը սառը թրջոցների կամ սառցեպարկի օգնությամբ: Հիշեք, որ սառցեպարկը պետք է մաշկին դնել բարակ (օրինակ՝ թեյի) սրբիչով փաթաթած:
Եթե ձեր մաշկի վրա առկա են ճաքեր կամ վերքեր, մի՛ օծեք այն որևէ քսուքով կամ լոսյոնով, այլ այցելեք ձեր բժշկին:
Ցավերի դեպքում բժշկից ճշտեք, թե ինչ դեղեր կարող եք ընդունել: Կան նաև ցավազրկող ազդեցությամբ քսուքներ կամ լոսյոններ:
Մի՛ օգտագործեք տանն առկա քսուքները կամ լոսյոնները, քանի դեռ ձեր խնդիրը չեք ներկայացրել բժշկին և չեք ստացել նրա խորհուրդները:
Աճուկային շրջանի վարակ
Աճուկային շրջանի վարակները կարող են պատճառվել սնկերով (օրինակ՝ «մոլաքոր»), սեռական ճանապարհով փոխանցվող վարսկներով (օրինակ՝ սեռական հերպես) կամ այլ հարուցիչներով:
Որոշ մաշկային վարակներ կարող են ինքնուրույն վերանալ պարզապես տվյալ շրջանը մաքուր և չոր պահելու շնորհիվ: Սակայն, եթե կարծում եք, որ ձեր մաշկը բորբոքվել է նոր՝ ձեզ անհատ հարուցիչով, դիմեք ձեր բժշկին կամ այցելեք սեռավարակաբանին:
Մաշկի վարակային թեթև բորբոքումների ժամանակ կարող են արդյունավետ լինել դեղատոմս չպահանջող քսուքները: Սակայն, մաշկային վարակների մեծ մասը հեշտ չի լավանում և կարիք է առաջանում դիմել բուժօգնության:
Եթե ձեզ մոտ առկա է որևէ սեռավարակ, ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ կամ այլ դեղամիջոցներ: Եթե ձեր սեռավարահը լաբորատոր փոստով հաստատվում է, ուրեմն բուժման մեջ պետք է նաև ներգրավել վերջին ամիսների ձեր բոլոր սեռական զուգընկերներին. նրանք ևս պետք է հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժում ստանան:
Քոսը և ոջիլները հեշտությամբ վերանում են հատուկ քսուքներով կամ հեղուկներով:
Եթե մաշկի գրգռման պատճառը ալերգիան է, ձեզ կարող են նշանակել հակահիստամինային դեղեր, սակայն ուշադիր եղեք, որ ապագայում խուսափեք ձեր ալերգեններից: Վարակային բորբոքված տեղամասերը մաքուր և չոր պահելը կարող է որոշակիորեն մեղմացնել անհարմարության զգացումը (դիսկոմֆորտ)։
Գրգռված կամ վարակված շրջաններն օրը երկու անգամ մաքրեք գոլ ջրով։ Զգուշությամբ չորացրեք, որից հետո միայն օծեք բժշկի նշանակած քսուքը։ Մինչև դա և դրանից հետո լավ լվացեք ձեր ձեռքերը։
Ձեր սրբիչը օգտագործեք միայն դուք և մի օգտվեք այլ մարդկանց, այդ թվում՝ ընտանիքի անդամների սրբիչներից և լոգարանային պարագաներից։
Եթե ցավերն անհանգստացնող են, ճշտեք ձեր բժշկից, թե ինչ ցավազրկող կարող եք խմել։
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2018 վերանայվել է՝ 19-02-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: