Տարիքի մեծացման հետ կապված հորմոնային փոփոխությունները տղամարդկանց և կանանց մոտ ընթանում են տարբեր ձևերով: Հասկացեք գանգատները, ախտանիշները և բուժման տարբերակները:
Հորմոնային տեղաշարժերը տարիքի մեծացման և ծերացման բնական մասն են: Ի տարբերություն վերարտադրողական հորմոնների ավելի կտրուկ անկման, որն առաջանում կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ, սեռական հորմոնների փոփոխությունները տղամարդկանց մոտ ընթանում են աստիճանաբար: Ահա թե ինչ պետք է իմանալ:
«Տղամարդու կլիմաքս» միֆի բացահայտում
«Տղամարդու կլիմաքս» տերմինն օգտագործվել է տարիքի մեծացման կամ ծերացման հետ կապված տեստոստերոն հորմոնի մակարդակի նվազեցումը ներկայացնելու համար: Սակայն հորմոնների տարիքային փոփոխությունները կանանց և տղամարդկանց մոտ տարբեր են:
Կանանց մոտ ձվազատումը (օվուլյացիա) ավարտվում է, և հորմոնների արտադրությունը կտրուկ նվազում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում: Սա հայտնի է որպես դաշտանադադար (մենոպաուզա, կլիմաքս): Տղամարդկանց մոտ տեստոստերոնի և այլ հորմոնների արտադրությունը նվազում է երկար տարիների ընթացքում, և հետևանքները պարտադիր չէ, որ ակնհայտ լինեն: Տեստոստերոնի մակարդակի այս աստիճանական անկումը կոչվում է ուշ սկսվող հիպոգոնադիզմ կամ տարիքային ցածր տեստոստերոն:
Տեստոստերոնի ցածր մակարդակի հայտնաբերումը
Տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը 40 տարեկանից հետո նվազում է միջինը տարեկան մոտ 1%-ով: Այնուամենայնիվ, տարեց տղամարդկանց մեծամասնության մոտ տեստոստերոնի մակարդակը դեռևս նորմալ միջակայքում է, և միայն մոտ 10%-ից մինչև 25%-ի մոտ է այս հորմոնի մակարդակը համարվում ցածր:
Տարեց տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը հաճախ աննկատ է մնում: Տեստոստերոնի մակարդակը կարելի է ստուգել արյան անալիզով, բայց այս թեստը ստանդարտ հետազոտությունների շարքում չէ և անցկացվում է միայն ըստ ցանկության կամ բժշկի նշանակման: Ի լրումն, բազմաթիվ տղամարդիկ, ովքեր ունեն տեստոստերոնի ցածր մակարդակ, չունեն ախտանիշներ: Բացի այդ, ցածր տեստոստերոնի հետ կապված գանգատներն ու ախտանիշները առանձնահատուկ չեն տեստոստերոնի ցածր մակարդակի համար: Դրանք նաև կարող են առաջանալ տարիքից, դեղամիջոցներ օգտագործելուց կամ այլ վիճակներից, օրինակ՝ գիրությունից: Այնուամենայնիվ, տեստոստերոնի ցածր մակարդակի մասին հուշող գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- նվազած սեռական ցանկություն (լիբիդո) և ակտիվություն
- ինքնաբուխ (սպոնտան) էրեկցիայի նվազում կամ էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)
- կրծքագեղձի շրջանի անհարմարավետություն կամ այտուցվածություն
- անպտղություն
- հասակի կորուստ, թեթև վնասվածքից կոտրվածք կամ ոսկրային միներալների ցածր խտություն
- ջերմահորդանքներ կամ քրտնարտադրություն:
Այլ հնարավոր ախտանիշներից են ներուժի, շարժառիթների (մոտիվացիայի) և ինքնավստահության նվազումը, ճնշված տրամադրությունը և վատ կենտրոնացումը: Հնարավոր է նաև ավելցուկային քնկոտութուն, քնի խանգարումներ, անբացատրելի թեթև սակավարյունություն (անեմիա), մկանային զանգվածի և ուժի նվազում և մարմնի ճարպի ավելացում:
Իմացե՛ք ավելին ցածր տեստոստերոնի մասին:
Մասնագետները խորհուրդ են տալիս միայն տարեց տղամարդկանց անցնել տեստոստերոնի արյան թեստ, եթե կան բնորոշ գանգատներ կամ ախտանիշներ: Եթե սկզբնական անալիզը ցույց է տալիս տեստոստերոնի ցածր մակարդակ, ապա թեստը պետք է կրկնվի՝ արդյունքները հաստատելու համար: Եթե տեստոստերոնի ցածր մակարդակը հաստատվում է, խորհուրդ է տրվում մակուղեղի (հիպոֆիզի) լրացուցիչ հետազոտություն՝ պատճառը պարզելու և հորմոնային այլ շեղումները բացառելու համար: Մակուղեղը լոբու հատիկի չափ գեղձ է, որը գտնվում է ձեր գլխուղեղի հիմքում: Այն ձեր օրգանիզմի ներզատական համակարգի մի մասն է:
Ցածր տեստոստերոնով տարեց տղամարդկանց բուժման առաջարկներ
Տարիքի հետ կապված ցածր տեստոստերոն ունեցող տղամարդկանց տեստոստերոնային թերապիայի վերաբերյալ առաջարկությունները տարբեր են: 2020 թվականին Բժիշկների ամերիկյան քոլեջը (ACP) բժիշկներին խորհուրդ է տվել սկսել տեստոստերոնով բուժում սեռական դիսֆունկցիա ունեցող այն տղամարդկանց մոտ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց սեռական գործունեությունը՝ նախապես բացատրելով նման բուժման ռիսկերն ու օգուտները: 2018 թվականին ԱՄՆ Ներզատական միությունը տեստոստերոնային բուժում է առաջարկել տարիքի հետ կապված ցածր տեստոստերոն ունեցող այն տղամարդկանց համար, ովքեր ունեն տեստոստերոնի ցածր մակարդակի հետ կապված գանգատներ և ախտանիշներ:
Որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս տեստոստերոնային բուժում առաջարկել տարիքի հետ կապված ցածր տեստոստերոն ունեցող տղամարդկանց, ովքեր գանգատներ կամ ախտանիշներ չունեն:
Եթե որոշեք սկսել տեստոստերոնային բուժում, ձեր բժիշկը կբացատրի տեստոստերոնի կիրառման տարբեր եղանակների, թիրախային մակարդակների և հետագա թեստավորման մասին:
Որոշ տղամարդկանց մոտ տեստոստերոնային բուժումը վերացնում է տեստոստերոնի անբավարարության անհանգստացնող գանգատներն ու ախտանիշները: Մյուսների համար օգուտները պարզ չեն, և կան հնարավոր ռիսկեր:
Թեև լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, սակայն տեստոստերոնային բուժումը կարող է խթանել շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի մետաստատիկ աճը: Տեստոստերոնային բուժումը նաև կարող է մեծացնել սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը և նպաստել երակներում արյան մակարդուկների (թրոմբների) առաջացմանը:
Ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա չսկսել տեստոստերոնային բուժում, եթե մոտ ապագայում ձեր պտղաբերությունը կարևոր է կամ եթե ունեք այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կրծքագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղը, չբուժված ծանր օբստրուկտիվ քնի ապնոէն, չվերահսկվող սրտային անբավարարությունը կամ թրոմբոֆիլիան կամ եթե վերջերս ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ ինսուլտ.
Եթե կարծում եք, որ կարող եք ցածր տեստոստերոն ունենալ, խոսեք ձեր բժշկի հետ ձեր գանգատների և ախտանիշների, թեստերի և բուժման հնարավոր տարբերակների մասին: Ձեր բժիշկը կարող է օգնել ձեզ կշռադատելու բուժման դրական և բացասական կողմերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024