Մարիխուանա (կանաբիս, կանեփ)
22-05-2019
2 րոպե

Կանաբիսը կամ կանեփը մարիխուանայի, հաշիշի, հաշիշայուղի և նմանատիպ թմրամիջոցների հավաքական անվանումն է, որոնք ստացվում են սովորական կանեփից (Cannabis sativa):
Կանաբիսը համարվում է աշխարհում ամենալայն օգտագործվող ապօրինի թմրամիջոցը: Այն ունի բազմաթիվ բացասական ազդեցություններ, որոնք խիստ վնաս են հասցնում ձեր առողջությանը և ընդհանուր բարեկեցությանը:
Մարիխուանան պատրաստվում է կանեփի չորացված տերևներից ու ծաղիկներից և կանաբիսի ամենահաճախ օգտագործվող ձևն է: Տարբեր երկրներում մարիխուանան ստացել է տարբեր անվանումներ՝ «պլան», «տերև», «հաշ», «գանջա» և այլն:
Մարիխուանան կարող է ծխվել, խառնվել մթերքների հետ և ուտվել կամ երբեմն պատրաստվել որպես թեյ: Մարիխուանան սովորաբար ծխում են գլանակի տեսքով («ջոինթ»), ծխամորճով կամ բոնգով:
Մարիխուանայի օգտագործումը, պահելը, աճեցնելը կամ վաճառելը Հայաստանում արգելված է: Արգելված է նաև մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելը:
Կան նաև կանաբիսի սինթետիկ տեսակներ, որոնք ստացվում են քիմիական ճանապարհով: Սինթետիկ կանաբիսը սև շուկայում հայտնվում է բազմաթիվ անվանումների ներքո, օրինակ՝ «սփայս»:
Մարիխուանայի ազդեցությունները
Մարիխուանան ընկճող թմրամիջոց է, որը դանդաղեցնում է դեպի գլխուղեղ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանիշների տեղափոխումը: Մարիխուանայի ազդող նյութը կոչվում է տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ, THC): Մարիխուանայի ազդեցությամբ դուք կարող եք զգալ ընդհանուր հանդարտություն, թուլություն, երջանկություն և շատախոսություն: Մեծ քանակներով կարող է առաջացնել ցնորքներ (հալյուցինացիա):
Մարիխուանան ունի նաև բազմաթիվ բացասական ազդեցություններ՝ ռեֆլեքսների դանդաղում, կողմնորոշման, կորդինացիայի և ուշադրության կենտրոնացման խանգարումներ, սրտխառնոց, ապակենման աչքեր, սրտազարկի արագացում և ախորժակի բարձրացում:
Մարիխուանա կանոնավոր օգտագործողների մոտ բարձրանում է շնչուղիների վարակի, տղամարդկանց մոտ՝ սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակի կրճատման, կանանց մոտ՝ անկանոն դաշտանային ցիկլի և երկու սեռերի մոտ՝ սեռական հակման նվազման ռիսկը: Տևական ժամանակ մարիխուանա չարաշահողների մոտ կարող է նաև զարգանալ հակում (օգտագործելու խիստ մեծ ցանկություն):
Որոշակի տվյլաներ կան այն մասին, որ հոգեկան հիվանդության վերաբերյալ ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց շրջանում կանաբիսը կարող է առաջացնել փսիխոտիկ ախտանիշներ, իսկ շիզոֆրենիայով մարդկանց մոտ՝ այդ նշանների խորացում:
Մարիխուանա ծխողները կարող են նաև ունենալ սոցիալական և ֆինանսական, ինչպես նաև ուսման հետ կապված խնդիրներ:
Վերոնշյալ խնդիրների ռիսկն ավելի է բարձրանում, եթե մարդիկ սկսում են մարիխուանա օգտագործել սկսած դեռահաս տարիքից կամ կանոնավոր կերպով:
Հոդվածը վերանայվել է՝ 03-02-2021