Ձեր տարիքին զուգահեռ, դեղերի կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության և դեղերի հետ կապված այլ վտանգներն աճում են։
Սակայն դուք կարող եք քայլեր ձեռնարկել, որ նվազեցնեք այս վտանգները։
Ինչո՞ւ է բարձր տարիքում աճում դեղերի հետ կապված ռիսկը
Բարձր տարիքը բարձրացնում է դեղերի հետ կապված ռիսկը հետևյալ երկու հիմնական պատճառով։
Օրգանիզմի տարիքային փոփոխություններ
Ձեր մարմինը կամ օրգանիզմը տարիքին զուգահեռ ենթարկվում է տարբեր տարիքային փոփոխությունների։ Օրինակ, փոխվում է այն, թե ինչքան ջուր, ճարպեր և մկաններ կան ձեր օրգանիզմում։
Առողջական որոշ վիճակներ ստեղծում են լրացուցիչ փոփոխություններ։ Այսօրինակ փոփոխությունների պատճառով դուք՝
- դառնում եք դեղերի ազդեցությունների նկատմամբ ավելի զգայուն
- չեք կարողանում դեղերը «յուրացնել» այնպես, ինչպես նախատեսված են
- դժվարությամբ եք դեղերը կամ դրանց նյութափոխանակության արգասիքները հեռացնում ձեր օրգանիզմից
- ավելի հակված եք դառնում դեղերի կողմնակի ազդեցություններին և տարբեր դեղերի միջև հնարավոր փոխազդեցություններին։
Ձեր ուղեղն ու նյարդերը նույնպես տարիքի հետ փոփոխվում են, և այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են հիշողության կամ տեսողության թուլացումը, սկսում են ազդել դեղերն ընդունելու գործնական կողմերի վրա։ Օրինակ, ձեզ համար ավելի հեշտ է դառնում պատահաբար նույն դեղը երկու անգամ խմելը կամ մոռանալն ու հերթական դեղը բաց թողնելը։
Դեղերի մեծ քանակ
Ձեզ կարող են նշանակած լինել բազմաթիվ դեղեր։ Եթե օրական խմում եք հինգ կամ ավելի շատ անուն դեղ, ձեզ մոտ կողմնակի ազդեցությունների հավանականությունը դառնում է երկու անգամ ավելի բարձր, քան մյուսների մոտ։ Միևնույն ժամանակ, աճում է նաև տարբեր դեղերի միջև ոչ ցանկալի փոխազդեցության ռիսկը։
Բազմաթիվ դեղեր ընդունելը նշանակում է նաև, որ մեծանում է շփոթելու կամ սխալվելու հավանականությունը, առավել ևս, եթե դրանցից մի քանիսն ունենում են ընդունելու բարդ սխեմա կամ արտաքին տեսքով լինում են միմյանց նման։
Ինչպե՞ս բարելավել դեղերի անվտանգությունը
Տվեք հարցեր
Ամենայն հավանականությամբ, ձեզ դեղեր նշանակեիս բժիշկը հաշվի է առնում ձեր տարիքը և դրա հետ կապված կողմնակի ազդեցությունների ռիսկը, ինչպես նաև ձեր սխալվելու հնարավորությունը։ Այսօր դեղերի մեծ մասն արտադրվում է այնպես, որ ընդունվի օրական 1 կամ 2 անգամ։ Կան նաև համակցված դեղեր, որոնց բաղադրության մեջ մտնում են մի քանի դեղեր։
Այնուամենայնիվ, մի խուսափեք ձեր բժշկին տալու մի շարք կարևոր հարցեր։ Ահա որոշ օրինակներ։
- Ինչո՞ւ ես ունեմ այս դեղի կարիքը։
- Ունի՞ այն կողմնակի ազդեցություն և ի՞նչ պետք է անեմ, եթե այդ նշաններն ի հայտ գան։
- Ի՞նչ պետք է անեմ ես, եթե զգամ, որ դեղն ինձ վրա չի ազդում կամ չի ազդում այնպես, ինչպես հարկն է։
- Կա՞ արդյոք այս դեղի հետ կապված որևէ նախազգուշական բան, որը ես պետք է հաշվի առնեմ, օրինակ՝ մեքենա վարելը։
- Արդյոք այս դեղը կարո՞ղ է փոխազդել իմ այլ դեղերի հետ՝ ինչպես ինձ նշանակած, այնպես էլ դեղատներում ազատ վաճառվող։
- Կարիք ունե՞մ արդյոք պարբերաբար անցնելու որոշ հետազոտություններ (օրինակ՝ արյուն, երիկամներ և լյարդ), որպեսզի ստուգեմ, թե ինչպես է դեղն ազդում ինձ վրա։
- Կա՞ որևէ տարբերակ, որպեսզի կրճատվի ինձ նշանակված դեղերի քանակը։
Դուք կարող եք բժշկին այցելել ձեր հարցերի պատրաստի ցանկով, որպեսզի բացառեք որևէ կարևոր հարցի մոռանալը։ Նույն կերպ, բժշկի սենյակում, ձեր ցանկում կարող եք նշումնել անել՝ ըստ նրա տված պատասխանների։
Պահեք դեղերի ցանկ
Դուք կարող եք օգտագործել ձեր կողմից ընդունվող դեղերի ցանկը, որպեսզի հեշտությամբ հսկեք՝
- ինչի համար է յուրաքանչյուր դեղը (դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրված)
- յուրաքանչյուր դեղի դեղաչափը
- երբ և ինչպես պետք է օգտագործեք այդ դեղերից յուրաքանչյուրը։
Խնդրեք դեղերի վերանայման մասին
Եթե դուք խմում ենք մի քանի դեղ, խնդրեք ձեր բժշկին կամ դեղագործին, որպեսզի նրանք պարբերաբար վերանայեն ձեր դեղերը։ «Վերանայելն» այստեղ բնավ չի նշանակում, որ դեղը կամ դրա դեղաչափը պետք է փոխվի։ Երբ բժիշկը վերանայում է ձեր դեղերի ցանկը, դա նշանակում է, որ նա վերհիշում է, թե ձեզ ինչ է նշանակել, ինչ դեղաչափերով, ինչքան ժամանակ եք խմում այդ դեղերը, և նոր միայն, եթե կարիք է լինի (առողջական վիճակ, առկա հիվանդության ընթացք և այլն), նա կարող է անել որոշ փոփոխություններ։
Լավագույն դեպքում դեղերը պետք է վերանայվեն յուրաքանչյուր 6-12 ամիսը մեկ։ Սակայն դուք կարող եք խնդրել, որպեսզի ձեր դեղերը վերանայվեն ցանկացած ժամանակ, հատկապես, երբ կատարվում են փոփոխություններ, մեկնարկվում է նոր դեղի ընդունումը կամ դադարեցվում է մեկ այլ դեղի ստանալը։
Ձեր խմած դեղերի ցանկը միշտ թարմացված վիճակում պահելը օգնում է ձեզ, որպեսզի համոզված լինեք, որ ձեր բոլոր դեղերը ժամանակ առ ժամանակ վերանայվում են։
Դեղերի ցանկն օգնում է նաև բժշկին։ Նա հստակ տեղեկանում է ձեր ընդունած դեղերի «պատմության» մասին, որը թույլ է տալիս բարելավել ձեր բուժման կառավարումը և հսկողությունը։
Զրուցեք ձեր բժշկի կամ դեղագործի հետ
Եթե դուք խմում եք մեծաքանակ դեղեր, զրուցեք ձեր դեղագործի հետ։ Նա կարող է առաջարկել դեղահաբերի տուփ (կոչվում է նաև բլիստեր-տուփ), որը կօգնի ձեզ, որպեսզի ճիշտ ժամանակին խմեք ճիշտ դեղը։ Խնդրեք, որպեսզի բացատրի այս տուփից օգտվելու ձևը։
Ցանկացած ժամանակ, երբ ձեզ մոտ ծագում են հարցեր կամ ունենում եք որևէ մտահոգություն, զրուցեք ձեր բժշկի կամ դեղագործի հետ։ Գուցե ձեր այդ զրույցից հետո որևէ դեղ կամ դրա դեղաչափը փոփոխվի։ Սակայն, խուսափեք ինքնուրույն ձեր նշանակումների մեջ որևէ բան փոխելուց, առավել ևս՝ դրանց ընդունումը կտրուկ դադարեցնելուց կամ նոր դեղ ավելացնելուց։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024