Ցանկացած դեղամիջոց ունի կողմնակի ազդեցություն, երբ այն ընդունելուց հետո ի հայտ են գալիս անցանկալի նշաններ ու երևույթներ:
Խիստ կարևոր է, որ մինչև որևէ դեղ ընդունելը տեղեկացած լինեք տվյալ դեղամիջոցի հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին:
Ի՞նչ է դեղի կողմնակի ազդեցությունը
Դեղի ցանկացած անցանկալի կամ չակնկալված ազդեցություն կոչվում է կողմնակի: Կողմնակի ազդեցությունը երբեմն անվանում են նաև կողմնակի արդյունք (էֆեկտ) կամ կողմնակի ռեակցիա:
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել նաև՝
- այլ դեղերի կամ սննդի հետ փոխազդեցությունը
- դեղի ոչ ճիշտ ազդեցությունը:
Դեղերի ոչ բոլոր կողմնակի ազդեցություններն են լուրջ բնույթ կրում: Դրանց մեծ մասը դրսևորվում է որպես է թույլ ռեակցիա, սակայն կան դեղեր, որոնք ունեն լուրջ կողմնակի ազդեցություններ: Դրանք սովորաբար նշանակվում են ծանր կամ երկարատև ընթացքով առողջական խնդիրների ժամանակ և դուրս են գրվում դեղատոմսով:
Դուք հաճախ կարող եք խուսափել դեղերի անցանկալի ազդեցություններից, եթե ընդունեք դրանք ճիշտ այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը կամ նշված է դեղի պիտակում: Օրինակ, կան դեղեր, որոնք պետք է խմել սնունդ ընդունելուց առաջ կամ օրվա կոնկրետ ժամին:
Դեղերի ո՞ր տեսակները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ
Ցանկացած տեսակի դեղ կարող է դրսևորել անցանկալի ազդեցություն: Սա վերաբերվում է ինչպես առանց դեղատոմսի վաճառվող, այնպես էլ դեղատոմս պահանջող դեղամիջոցներին: Վիտամինները և միներալները, բուսաբուժության դեղերը, սննդային հավելումները, այլընտրանքային կամ բնական ծագման դեղերը նույնպես զերծ չեն կողմնակի ազդեցություններից:
Այն, որ յուրաքանչյուր դեղամիջոց կարող է առաջացնել անցանկալի ազդեցություն, չի նշանակում, որ այդ ռեակցիաները պետք է բոլորի մոտ անխտիր դրսևորվեն:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ որևէ դեղի կողմնակի ազդեցության մասին
Եթե բժիշկը ձեզ նշանակել է որևէ դեղամիջոց, ապա դրա հետ կապված հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին կարող եք տեղեկանալ՝ այդ թեմայով զրուցելով ձեր բժշկի կամ դեղատան աշխատակցի՝ դեղագործի հետ, ինչպես նաև ընթերցելով դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկը կամ ներդիրը:
Ահա այն հարցերի ոչ լրիվ ցանկը, որը կարող է ձեզ հետաքրքրել:
- Որո՞նք են տվյալ դեղամիջոցի հավանական կողմնակի ազդեցությունները:
- Ինչքա՞ն հաճախ են դրանք ի հայտ գալիս:
- Ունի՞ արդյոք տվյալ դեղամիջոցը որևէ լուրջ կողմնակի ազդեցություն և ինչքա՞ն է վերջինիս դրսևորման ռիսկը (հավանականությունը):
- Ի՞նչ կարող եմ անել, որ խուսափեմ կամ կրճատեմ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունների առաջացման ռիսկը:
- Ժամանակի ընթացքում ինքնուրույն կանհետանա՞ն արդյոք այդ գանգատները կամ նշանները:
- Ի՞նչ անել, եթե դեղամիջոցի կողմնակի ազդեցություններն ի հայտ են գալիս:
Ի՞նչ անել, եթե դեղն ընդունելուց հետո զարգանում են լուրջ կողմնակի ազդեցություններ
Եթե ընդունած դեղի հետ կապված ինչ-որ հարց ձեզ հուզում է, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին:
Եթե կարծում եք, որ ձեր ընդունած դեղամիջոցը սկսել է դրսևորել որևէ լուրջ կողմնակի ազդեցություն, տեղեկացրեք ձեր բժշկին և ըստ անհրաժեշտության զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024