Ալկոհոլը կարող է փոխազդեցության մեջ մտնել բազմաթիվ, այդ թվում՝ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների հետ:
Այս փոխազդեցությունը կարող է լինել վնասակար և վտանգավոր: Այլ դեպքերում ալկոհոլը կարող է խախտել օրգանիզմի վրա դեղամիջոցի ազդեցության մեխանիզմները՝ նվազեցնելով կամ վերացնելով բուժական արդյունքները կամ ուժգնացնելով կողմնակի ազդեցությունները: Ուստի, կարևոր է իմանալ, թե երբ կարող է այս երկուսի միաժամանակյա ընդունումը դառնալ վտանգավոր:
Ինչպե՞ս են դեղամիջոցները և ալկոհոլը ենթարկվում նյութափոխանակության
Լյարդը հանդիսանում է ամենամեծ մարսողական գեղձը և այստեղ են սննդի միջոցով ստացված բազմաթիվ նյութեր ենթարկվում նյութափոխանակության: Մեծաթիվ դեղամիջոցները և ալկոհոլը նույնպես քայքայվում են լյարդում: Բջջային մակարդակում ընթացող այս գործընթացը տեղի է ունենում տարաբնույթ քիմիական ռեակցիաների միջոցով:
Բջիջներում ընթացող քիմիական ռեակցիաները հաճախ պահանջում են այլ քիմիական նյութեր, որոնք կոչվում են ֆերմենտներ կամ էնզիմներ: Ֆերմենտները հանդես են գալիս որպես կատալիզատոր՝ արագացնելով քիմիական ռեակցիաները:
Որոշ դեպքերում դեղամիջոցները և ալկոհոլը կարող են օգտագործել նույն ֆերմենտները, որի արդյունքում որոշ դեղամիջոցներ կարող են դառնալ ավելի նվազ արդյունավետ, իսկ մյուսները նույնիսկ կարող են դրսևորել թունավոր ազդեցություններ:
Ռիսկային է նաև այն իրավիճակը, երբ ալկոհոլն ուժեղացնում է որոշ դեղամիջոցների անցանկալի կամ կողմնակի ազդեցությունները: Նման դեպքերում որևէ դեղամիջոցի հնարավոր թույլ կողմնակի ազդեցությունը ալկոհոլի հետ զուգակցելիս կարող է վերածվել իրական վտանգ ներկայացնող և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի:
Ալկոհոլի և դեղերի փոխազդեցության առաջացրած առողջական խնդիրները
Առողջական խնդիրներ կարող են զարգանալ տարբեր դեղամիջոցների և ալկոհոլի զուգակցման ժամանակ, սակայն ավելի հաճախ վնասակար փոխազդեցություն են դրսևորում հակաբիոտիկները, հակադեպրեսանտները, քնաբեր հաբերը, ցավազրկողները, հատկապես ուժեղ ազդեցության թմրաբեր ցավազրկողները, ինչպես նաև հազի ու ալերգիայի դեմ նշանակվող հակահիստամինային դեղամիջոցները:
Ալկոհոլի և դեղամիջոցների փոխազդեցությունը կարող է ընթանալ անկանխատեսելի ախտանիշներով և ընթացքով: Եթե միաժամանակ օգտագործում եք ալկոհոլ և որևէ կամ մի քանի դեղամիջոցներ, կարող են զարգանալ բազմաթիվ ախտանիշներ, այդ թվում՝
- սրտխառնոց և փսխում
- գլխացավ
- շփոթվածություն, շշմածություն կամ քնկոտություն
- գլխապտույտ և ուշագնացություն
- արյան ճնշման տատանումներ
- անսովոր վարք
- հավասարակշռության և կորդինացիայի խանգարումներ
- դժբախտ պատահարներ:
Ինչպես ալկոհոլի, այնպես էլ դեղամիջոցների նյութափոխանակությունը տևում է որոշակի ժամանակ, ուստի պարտադիր չէ, որ այս ախտանիշները զարգանան միայն այն դեպքում, երբ դուք ճշգրտորեն նույն ժամերին եք օգտագործել ալկոհոլ և դեղամիջոց:
Հնարավոր բարդություններ
Դեղամիջոցների և ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը կարող է ավարտվել որոշ բարդություններով, այդ թվում՝
- լյարդի վնասում
- սրտային խնդիրներ
- ներքին արյունահոսություն
- շնչառության ընկճում
- դեպրեսիա:
Ովքե՞ր են ավելի բարձր ռիսկի խմբում
Դեղամիջոցների և ալկոհոլի միաժամանակյա օգտագործման ժամանակ վտանգավոր փոխազդեցության դրսևորման տեսանկյունից ավելի ռիսկային խմբում են կանայք, մեծ տարիքով տղամարդիկ և բոլոր նրանք, ովքեր ունեն լյարդային խնդիրներ: Դուք նույնպես կարող եք հայտնվել ռիսկի խմբում, եթե՝
- օգտագործում եք ալկոհոլի մեծ քանակներ
- դեռահաս եք
- ունեք առողջական որևէ խնդիր:
Դեղամիջոցների և ալկոհոլի անվնաս օգտագործում
Միշտ ծանոթացեք դեղամիջոցի պիտակին կամ ներդիրին: Ուշադրություն դարձրեք, թե արդյոք հատուկ հրահանգ կա, որ տվյալ դեղամիջոցն ալկոհոլի հետ չի կարելի զուգակցել: Եթե վստահ չեք, զրուցեք բժշկի հետ: Հիշեք նաև, որ որոշ թուրմեր, օշարակներ և այլ միջոցներ կարող են պատրաստված լինել սպրիտային հիմքի վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024