Կրծքով կերակրելիս բազմաթիվ դեղերի ընդունումն անվտանգ է, քանի որ դրանք մայրական կաթի մեջ չեն հայտնվում կամ նորածնի մոտ որևէ նկատելի կողմնակի ազդեցություն չեն դրսևորում:
Այնուամենայնիվ, կան դեղեր, որոնց ակտիվ բաղադրիչները կամ քայքայման արգասիքները կարող են անցնել կրծքի կաթի մեջ և բացասաբար ազդել ձեր նորածնի վրա: Ուստի, եթե դուք կրծքով կերակրող մայր եք, մինչև որևէ դեղ ընդունելը խորհուրդ հարցրեք ձեր բժշկից:
Դեղերը և անվտանգ կրծքով կերակրումը
Բազմաթիվ դեղամիջոցներ կրծքով կերակրման ժամանակ անվտանգ են, քանի որ չեն կարողանում անցնել կրծքի կաթի մեջ կամ այնտեղ հայտնվում են նորածնի օրգանիզմի վրա որևէ զգալի ազդեցություն չդրսևորող չնչին քանակներով:
Այնուամենայնիվ, ձեր կողմից որոշ դեղերի ընդունման պատճառով երեխայի մոտ կարող են առաջանալ փորլուծություն կամ փսխումներ, անսովոր քնկոտություն կամ դյուրագրգռություն: Կան նաև դեղեր, որոնք կարող են խթանել կամ կրճատել ձեր նորմալ կաթնատվությունը:
Այն, թե ընդունած դեղի ինչ քանակություն է հայտնվում ձեր կրծքի կաթում և ինչպիսի ազդեցություն է թողնում նորածնի վրա, կախված է տարբեր գործոններից, ինչպիսիք են երեխայի տարիքը և առողջական վիճակը, ընդունած դեղի տեսակը և դեղաչափը, ընդունման ժամը և ձևը (ներարկում, հաբեր, կաթիլներ, մոմիկներ և այլն):
Եթե ձեր կամ մեկ այլ բժիշկ ձեզ որևէ դեղ է նշանակում, համոզվեք, որ տեղյակ են ձեր կրծքով կերակրելու մասին:
Թեև քիչ դեպքերում է, որ կերակրող մայրը դեղ ընդունելու պատճառով ստիպված դադարեցնում է կրծքով կերակրումը կամ հրաժարվում է դեղերից, քանի որ կրծքով կերակրող մայր է, այնուամենայնիվ, բոլոր դեպքերում կարևոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ: Քննարկեք միասին մի կողմից ձեզ նշանակված դեղերի ակնկալվող բուժական ազդեցությունների կամ օգուտների և մյուս կողմից հնարավոր ռիսկերի և կողմնակի ազդեցությունների մասին:
Դուք պետք է առավել զգուշություն դրսևորեք հատկապես այն դեպքերում, երբ ձեր նորածին երեխան ծնվել է վաղաժամ, ունի քաշի պակաս, հիվանդ է կամ հենց իրեն են նշանակված դեղեր:
Ո՞ր դեղերն են վտանգավոր կրծքով կերակրելիս
Որոշ դեպքերում բժիշկը կարող է կնոջը խորհուրդ տալ, որ մի շարք դեղեր ընդունելիս ժամանակավորապես ընդհատի կրծքով կերակրումը, քանի որ նշանակված դեղերը կարող են վնաս պատճառել երեխային: Կրծքով կերակրելու հետ անհամատեղելի համարվող այսպիսի դեղերի օրինակներից են՝
- քաղցկեղի բուժման քիմիոթերապիայի որոշ դեղեր
- որոշ սրտային դեղեր, օրինակ՝ առիթմիայի դեմ նշանակվող
- հոգեկան հիվանդությունների, օրինակ՝ բիպոլյար խանգարման բուժման որոշ դեղեր, ինչպիսին է Լիթիումը
- ԿՏ կամ ՄՌՏ հետազոտության ընթացքում օգտագործվող ներարկման դեղեր
- մաշկային հիվանդությունների, օրինակ՝ ակնեի (կորյակ) կամ փսորիազի բուժման որոշ դեղեր:
Կրծքով կերակրելիս բուսական պատրաստուկները և թեյերը չի կարելի դիտարկել որպես անվտանգ միջոցներ:
Ինչպիսի՞ դեղեր կարող եմ ընդունել կրծքով կերակրելիս
- Ալերգիայի և ալերգիկ ռինիտի (հարբուխ) դեղեր. ալերգիկ ռեակցիաների, այդ թվում՝ ալերգիկ ռինիտի կամ եղնջացանի (եղնջայտուց) դեմ նշանակվող հակահիստամինային դեղերը սովորաբար անվտանգ են, եթե չեն առաջացնում քնկոտություն: Առավել անվտանգ են տեղային հակաալերգիկ ազդեցության քթային սփրեյները և աչքի կաթիլները: Քնկոտություն առաջացնող հակահիստամինային դեղերը կարող են նորածին երեխային ևս դարձնել քնկոտ:
- Հակաբիոտիկներ. բակտերիալ վարակների դեմ նշանակվող հակաբիոտիկների մեծ մասը ձեր երեխայի համար անվտանգ է, սակայն այս դեղերը պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և ձեր կրծքով կերակրման մասին նրա իմացությամբ: Մետրոնիդազոլը կարող է կաթը դարձնել դառնահամ:
- Հակադեպրեսանտներ. դեպրեսիայի բուժման մեջ նշանակվող որոշ հակադեպրեսանտներ անվտանգ են: Բոլոր դեպքերում ընդունեք այդ դեղերը միայն բժշկի նշանակմամբ և կրծքով կերակրման մասին նրա իմացությամբ:
- Ասթմայի դեղեր. ասթմայի բուժման մեջ նշանակվող կանխարգելիչ (պրեվենտեր) և մեղմացնող (ռիլիվեր) դեղերի մեծ մասը ձեր երեխայի համար անվտանգ է: Շատ կարևոր է, որ, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, կրծքով կերակրման ամբողջ ընթացքում չընդմիջեք այս դեղերի ընդունումը:
- Մրսածության և գրիպի դեղեր. եթե գրիպանման գանգատները դարձել են խիստ անհանգստացնող, կարող եք ընդունել գոլորշու ինհալյատորներ, քթի աղային սփրեյներ և դեղատոմս չպահանջող այլ դեղեր: Խուսափեք Պսևդոէֆեդրին պարունակող պատրաստուկներից:
- Հազի դեղեր. հազի դրվագները սովորաբար առանց որևէ բուժման ինքնուրույն անհետանում են: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ստանալ որևէ հակահազային միջոց, հարցրեք ձեր բժշկից, թե որն է դրանցից առավել անվտանգը կրծքով կերակրելիս: Խուսափեք Պսևդոէֆեդրին պարունակող պատրաստուկներից:
- Բերանային ընդունման (օրալ) հակաբեղմնավորիչներ. կրծքով կերակրելիս լավագույն տարբերակը միայն պրոգեստերոն պարունակող «մինի հաբերն» են: Համակցված օրալ հակաբեղմնավորիչները կարող են ազդել կաթնարտադրության վրա:
- Ցավազրկողներ. լավագույն տարբերակը ցավազրկողներից հրաժարվելն է: Իբուպրոֆենը և Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) անվտանգ են: Խուսափեք Ասպիրինից:
- Կոկորդի ցավի դեղեր. կոկորդի ցավի ժամանակ օգտագործվող ողողման միջոցների մեծ մասն անվտանգ է: Խուսափեք յոդ պարունակող դեղերից:
Ինչպե՞ս նվազեցնել ռիսկը
- Որոշ դեղեր ստանալիս երբեմն լավագույն տարբերակը ձեր կրծքի կաթը կթելն ու չօգտագործելն է, որը կօգնի կաթնատվության պահպանմանը:
- Քննարկեք ձեր բժշկի հետ առավել անվտանգ դեղամիջոցի ընտրության հարցը:
- Ձեր բժշկի իմացությամբ դեղերն ընդունեք այլ եղանակով, օրինակ՝ որպես քթային սփրեյ:
- Օգտագործեք ձեր գանգատները մեղմացնող դեղամիջոցի հնարավոր առավել փոքր դեղաչափը:
- Օգտագործեք դեղը կրծքով կերակրելուց անմիջապես հետո կամ երեխայի երկար քնից առաջ: Սա թույլ է տալիս նվազագույնի հասցնել երեխայի վրա կրծքի կաթով փոխանցված դեղի հնարավոր ազդեցությունը:
Կրծքով կերակրման ընթացքում հավելումների և բուսական միջոցների ընդունումը
Հավելումները ներառում են վիտամինները, բուսական պատրաստուկները, արոմաթերապիայի և հոմեոպաթիկ արտադրանքները: Ինչպես մյուս բոլոր դեղերը, հավելումները նույնպես կարող են դրսևորել կողմնակի ազդեցություններ թե՛ ձեր, և թե՛ ձեր մանկիկի վրա:
Բուսական ծագման և ավանդական բժշկության դեղերի և հավելումների վերաբերյալ համապարփակ գիտաբժշկական տվյալները սակավաթիվ են, ուստի քննարկեք այս հարցը ձեր բժշկի հետ ամեն անգամ, երբ որոշել եք ընդունել նմանատիպ պատրաստուկներ:
Ե՞րբ կարող է առաջանալ պատվաստման անհրաժեշտություն
Պատվաստանյութերի մեծ մասը կրծքով կերակրման ընթացքում անվտանգ և արդյունավետ է: Սակայն, կան նաև բացառություններ: Օրինակ, դեղին տենդի դեմ պատվաստումից պետք է հրաժարվել, քանի դեռ այն չի դարձել բացարձակ անհրաժեշտություն:
Դուք կարող եք շարունակել կրծքով կերակրումը գրիպի դեմ պատվաստում ստանալուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-02-2021
Վերջին վերանայում՝ 30-04-2024