Եթե հղի եք և կարծում եք, որ ինչ-որ պատճառով անհրաժեշտ է դեղ խմել, մտածեք որոշ հարցերի շուրջ՝ մինչև այդ դեղն ընդունելը։
Սա բնավ չի նշանակում, որ հղիության ընթացքում դուք պետք է բացարձակապես հրաժարվեք ցանկացած տեսակի դեղամիջոցից, հատկապես, եթե այն նշանակվել է ձեր վիճակի մասին տեղեկացված բժշկի կողմից։ Պարզապես նկատի ունեցեք, որ ձեր դեռ չծնված երեխայի աճի և զարգացման վրա կարող են ազդել այն ամենը, ինչ մուտք է գործում ձեր օրգանիզմ, այդ թվում՝ նաև դեղամիջոցները, սննդային հավելումները և իհարկե՝ սնունդը։
Դեղամիջոցները միմյանցից տարբերվում են իրեն բուժական, կողմնակի և չծնված երեխայի վրա թողած ազդեցություններով։ Ուստի, ցանկացած դեղամիջոց օգտագործելու ձեր որոշումը կայացնելիս հաշվի առեք, որ ձեր երեխայի համար այն լինի առավելագույն անվտանգ տարբերակը։
Ինչի՞ մասին պետք է ես տեղեկացված լինեմ՝ մինչև դեղ օգտագործելը
Թեև բազմաթիվ դեղեր անվտանգ են, կան որոշներ դեղամիջոցներ, որոնք կարող են վնաս պատճառել ձեր երեխային։ Պտղի վրա որևէ դեղամիջոցի ազդեցությունը կարող է կախված լինել ոչ միայն այդ դեղամիջոցի տեսակից, այլ նաև օգտագործման դեղաչափից, ձեր առողջական վիճակից, ինչպես նաև հղիության փուլից (ժամկետ)։
Ամենակարևոր բանն այստեղ այն է, որ դուք պետք է ոչ թե ինքնավստահ որոշում կայացնեք, այլ նախապես ձեր բժշկի հետ քննարկեք ցանկացած դեղի օգտագործման անհրաժեշտությունն ու անվտանգությունը։
Արդյոք պե՞տք է դադարեցնել ինձ նշանակած դեղի ընդունումը, եթե արդեն հղի եմ
Եթե մինչև ձեր հղիանալը ստանում էիք բժշկի կողմից նշանակված դեղեր, ապա առանց այդ մասին նրան տեղեկացնելու ձեր ամենօրյա դեղից կտրուկ հրաժարվելը կարող է լինել ոչ անվտանգ։
Զրուցեք այս մասին ձեր բժշկի հետ, քանի որ որոշ հիվանդությունների բուժման կտրուկ դադարեցումը կարող է մեծ վտանգ ներկայացնել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային։ Այդօրինակ հիվանդությունների ոչ լրիվ ցանկը ներկայացվում է ստորև՝
- շաքարային դիաբետ (շաքարախտ), այդ թվում՝ գեստացիոն կամ հղիների դիաբետ
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- դեպրեսիա
- էպիլեպսիա
- ասթմա։
Չի բացառվում, որ ձեր բժիշկը, իմանալով ձեր հղի լինելու մասին, ձեր բուժման մեջ որևէ փոփոխություն չկատարի։ Եթե բժիշկը համոզված է, որ դեղը ձեզ և ձեր երեխային ավելի շատ վնաս կտա, քան այն հիվանդությունը, որի դեմ նշանակել է տվյալ դեղը, ապա կարող է փոխել դեղը, դեղաչափը կամ ընդհանրապես դադարեցնել ձեր դեղորայքային բուժումը։
Արդյոք հղիության ժամանակ անվտա՞նգ են առանց դեղատոմս վաճառվող դեղերը
Հղիության ընթացքում չի բացառվում, որ ունենաք մրսածության և գրիպի, կոկորդի ցավի կամ գլխացավի դրվագներ։ Նման դեպքերում դուք կարող եք որոշել չընդունել և ոչ մի դեղ, նույնիսկ եթե այն ազատ վաճառվում է մոտակա դեղատնում։
Հակառակ դեպքում, եթե գանգատները ստիպում են ձեզ որևէ քայլ ձեռնարկել, անպայման ստուգեք, թե արդյոք ձեր նախատեսած դեղամիջոցը հղիների համար բավարար անվտանգ է։ Հարցրեք այդ մասին ձեր բժշկին կամ ծայրահեղ դեդպում՝ դեղագործին։
Այնուամենայնիվ, կան ազատ վաճառվող որոշ դեղեր, որոնք խորհուրդ չի տրվում ընդունել հղիության ընթացքում, օրինակ՝ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ), այդ թվում՝ Իբուպրոֆեն, Ասպիրին կամ այլ ցավազրկողներ։
Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) սովորաբար համարվում է Իբուպրոֆենից ավելի անվտանգ դեղամիջոց, սակայն բոլոր դեպքերում ճշտեք ձեր բժշկից, թե արդյոք նպատակահարմար է Պարացետամոլ խմել ձեր առկա գանգատների դեպքում։
Կարո՞ղ են արդյոք բուսական հավելումները և վիտամինները վնաս պատճառել իմ հղիությանը
Որքան էլ համարվեն անվտանգ, այնուամենայնիվ, որոշ բուսական հավելումներ և վիտամիններ կարող են որոշակի վտանգ ներկայացնել ձեր հղիությանը և երեխային։ Համոզվեք, որ դուք հաստատ դրանց կարիքն ունեք և մեկ անգամ ևս ձեր բժշկից ճշտեք դրանց ընդունման անհրաժեշտությունը։
Հիշեք, որ եթե ինչ-որ մի բան բնական է, դեռ չի նշանակում, որ անվտանգ է։
Որտեղի՞ց կարող եմ ստանալ լրացուցիչ տեղեկատվություն
Եթե հղիության ընթացքում որևէ դեղի ընդունման հարցը ձեզ մոտ կասկածի տեղիք է տալիս, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024