Փորձեք ձեր հիշողությունը բարելավելու այս պարզ մեթոդները:
Չե՞ք կարողանում գտնել ձեր մեքենայի բանալիները: Մոռացե՞լ եք ձեր գնումների ցանկը: Չե՞ք հիշում ձեր հարևանի անունը: Դուք մենակ չեք։ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան մոռանում են: Այդուհանդերձ, հիշողության կորստին պետք չէ անլուրջ վերաբերվել:
Իրականում, հիշողության կորստի կամ դեմենցիայի կանխարգելման երաշխիքներ չկան, սակայն կան որոշ գործողություններ, որ կարող են օգնել: Դիտարկենք յոթ պարզ միջոց՝ ձեր հիշողությունը բարելավելու համար: Եվ իմացեք, թե երբ է պետք հիշողության կորստի համար օգնության դիմել:
1. Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ ամեն օր
Ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է արյան հոսքն ամբողջ մարմնով մեկ, այդ թվում՝ գլխուղեղում: Սա կարող է օգնել, որ ձեր հիշողությունը մնա ձեզ գոհացնող մակարդակի վրա:
Առողջ չափահաս մարդկանց մեծ մասի համար ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր աերոբիկ ակտիվություն, ինչպիսին է արագ քայլքը, կամ շաբաթական 75 րոպե ինտենսիվ աերոբիկ ակտիվություն, ինչպիսին է վազքը: Լավագույն տարբերակն այն է, երբ այս ակտիվությունը բախշվի ամբողջ շաբաթվա վրա: Եթե ժամանակ չունեք այս կարևոր գործով զբաղվելու համար, փորձեք օրվա ընթացքում մի քանի 10 րոպեանոց զբոսանք կատարել:
2. Մնացե՛ք մտավոր ակտիվ
Ինչպես ֆիզիկական ակտիվությունը պահպանում է ձեր մարմինը, այնպես էլ այն գործողությունները, որոնք ներգրավում են ձեր միտքը, օգնում են ձեր գլխուղեղի լավ վիճակում պահելուն: Եվ այդ դրանք կարող են օգնել կանխել հիշողության որոշակի կորուստը: Լուծեք խաչբառեր: Կարդացեք։ Խաղեր խաղացեք։ Սովորեք նվագել որևէ երաժշտական գործիք: Փորձեք նոր հոբբիներ: Ներգրավվեք ձեզ հոգեհարազատ որև կամավորական աշխատանքի մեջ:
3. Ժամանակ անցկացրե՛ք այլ մարդկանց հետ
Սոցիալական շփումներն օգնում են զերծ մնալ դեպրեսիայից և սթրեսից, որոնք երկուսն էլ կարող են նպաստել հիշողության կորստին: Հնարավորություններ փնտրեք սիրելիների, ընկերների և այլ մարդկանց հետ հավաքվելու համար, հատկապես, եթե միայնակ եք ապրում:
4. Մնացե՛ք կազմակերպված
Դուք ավելի հավանական է, որ մոռանաք ինչ-որ բաներ, եթե ձեր տանը խառնաշփոթ է կամ ձեր հիշեցման գրառումները ցաք ու ցրիվ են: Գրանցեք ձեր առաջադրանքները, պայմանավորվածությունները և այլ իրադարձություններին ձեր նոթատետրում, օրացույցում կամ էլեկտրոնային ծրագրում: Դուք կարող եք բարձրաձայն կրկնել յուրաքանչյուր հիշեցում, երբ այն գրառում եք, որ օգնեք ձեր հիշողության մեջ դրա պահպանմանը: Ձեր գործերի ցանկը թարմ պահեք: Ջնջեք ձեր ավարտած գործերը: Ձեր դրամապանակը, բանալիները, ակնոցները և այլ անհրաժեշտ իրերը պահեք ձեր տան հատուկ տեղում, որ դրանք ավելի հեշտ գտնեք:
Սահմանափակեք ուշադրությունը շեղող գործոնները: Մի՛ փորձեք միանգամից շատ գործեր անել: Եթե կենտրոնանաք տեղեկության վրա, որը փորձում եք հիշել, ավելի հավանական է, որ հետագայում կկարողանաք վերհիշել այն:
5. Լավ քնեք
Ոչ բավարար քունը կապված է հիշողության կորստի հետ: Նույնը վերաբերվում է անհանգիստ քնին և քնին, որը հաճախ խանգարվում է: Առաջնահերթություն դարձրեք բավարար առողջ քունը: Չափահաս մարդիկ պետք է կանոնավոր կերպով քնեն գիշերները 7-ից 9 ժամ: Եթե խռմփոցը խանգարում է ձեր քնին, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին: Խռմփոցը կարող է լինել քնի խանգարման նշան, ինչպիսին է քնի ապնոեն:
6. Հետևեք առողջ սննդակարգին
Առողջ սննդակարգն օգտակար է գլխուղեղի համար։ Կերեք մրգեր, բանջարեղեն և ամբողջահատիկ ձավարեղեն: Ընտրեք ցածր յուղայնության սպիտակուցի աղբյուրներ, ինչպիսիք են ձուկը, լոբազգիները և կաշին հանած թռչնամիսը: Այն, ինչ խմում եք, նույնպես կարևոր է: Չափից շատ ալկոհոլը կարող է հանգեցնել շփոթվածության և հիշողության կորստի:
7. Կառավարե՛ք քրոնիկ առողջական խնդիրները
Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին՝ կապված այնպիսի առողջական վիճակների հետ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը, շաքարային դիաբետը, դեպրեսիան, լսողության կորուստը և գիրությունը: Որքան լավ հոգ տանեք ձեր մասին, այնքան ավելի լավ կլինի ձեր հիշողությունը: Ձեր բժշկի հետ պարբերաբար վերանայեք ձեր օգտագործած դեղերը: Որոշ դեղամիջոցներ կարող են ազդել հիշողության վրա:
Ե՞րբ օգնության դիմել հիշողության կորստի համար
Եթե անհանգստանում եք ձեր հիշողության կորստից, այցելեք ձեր բժշկին: Եթե հիշողության կորուստը ազդում է ձեր առօրյա գործերն անելու ունակության վրա, նկատում եք, որ ձեր հիշողությունը վատանում է, կամ եթե ձեր ընտանիքի անդամը կամ ընկերը մտահոգված է ձեր հիշողության կորստով, ապա հատկապես կարևոր է օգնություն ստանալ:
Ձեր այցի ժամանակ ձեր բժիշկը, հավանաբար, կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում) և կստուգի ձեր հիշողությունը և խնդիրներ լուծելու հմտությունները: Երբեմն կարող են անհրաժեշտ լինել նաև այլ թեստեր: Բուժումը կախված է նրանից, թե ինչն է հիշողության կորստի պատճառը:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024